Առանձին դասարաններ պահելու համար պետության հատկացրած գումարը քիչ է
Արդեն երկար ժամանակ Հայաստանի մի շարք դպրոցների տարբեր դասարաններում սովորող աշակերտներ միասին են դաս անում: Պատճառը վերջիններիս թվաքանակի քիչ լինելն է: Այդ իսկ պատճառով ԿԳՆ-ն որոշել է կոմպլեկտավորել դասարանները: Սակայն խնդիրը չի լուծվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջրաձորի միջնակարգ դպրոցի դասվար Լյուդմիլա Հակոբյանը պատմեց, որ «կոմպլեկտավորված» դասարաններում դասապրոցեսը հարթ չի ընթանում. «Վատ է, որ առաջին, երկրորդ կամ բարձր դասարանցիները միասին են սովորում: Նախ՝ ժամանակն է քիչ, մինչև մի դասարանի հետ աշխատում ես, մյուս երեխաները ձանձրանում են, հետո՝ սովորածից բան չեն հիշում»:
Ծնողները նույնպես մտահոգված են. երեխաների համար լավ կրթություն են ուզում. «Այս տարի տղայիս դասարանը երկկոմպլեկտի փոխարեն նույնիսկ եռակոմպլեկտ էր: 45 րոպեում ուսուցիչը պարապում է երեք դասարանի հետ: Ինչքան էլ երեխաները քիչ լինեն, միևնույն է, ամեն մեկին առանձնահատուկ վերաբերմունք է պետք»,- նշեց վեցերորդ դասարանի աշակերտ Նարեկի մայրը` Նունե Ղազարյանը:
Դասարանների միացումն իրականացվում է գյուղական համայնքներում: Պատճառները տարբեր են` ֆինանսական խնդիրներ, արտագաղթ և այլն: Ինչպես պատմում է Ջրաձոր գյուղի բնակիչ Անդրանիկ Մկրտչյանը, «գյուղում մարդ չի մնացել, բոլորը գնում են կամ Ռուսաստան, կամ Հայաստանի որևէ քաղաք: Հիմա դպրոցում սովորում են մի քանի աշակերտներ: Մի քանի տարի հետո էդ էլ չի լինի»:
Դպրոցի տնօրեն Հրայր Հարությունյանն էլ համակարծիք է ծնողների հետ. «Որոշումը, միանշանակ, լավագույնը չէ: Սակայն մեր ուզելով չի: Այս ամենը ֆինանսական խնդիրների հետ է կապված: Պետության հատկացրած գումարը քիչ է առանձին դասարաններ պահելու համար»:
«Արմենպրես»-ը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց, թե նախարարության նոր անդամներն ինչ մոտեցումներ ունեն խնդրի վերաբերյալ. «Դասարանների կոմպլեկտավորումը սկսվել էր, երբ ես դեռ աշակերտ էի: Խնդիրը կապված է ֆինանսական հարցերի և աշակերտների թվաքանակի սակավության հետ: Այս հարցն արդեն կառավարության ծրագրում կա: Քննարկումներ են անցկացվում, և ապագայում փոփոխություններ էլ կլինեն: Մենք առաջնորդվում ենք լավ կրթություն տալու սկզբունքով: Յուրաքանչյուր աշակերտ, անկախ թվաքանակից, պետք է ստանա պատշաճ կրթություն»,-ընդգծեց նա:
Սոնա Մկրտչյան