2018-ի առաջին եռամսյակում ԱԱՀ-ի գծով պետությանը վերադարձվել է 18 միլիարդ 137 միլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2018 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների արդյունքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանն ասաց, որ 2018 թվականի առաջին եռամսյակում ԱԱՀ-ի գծով պետությանը փոխհատուցվել է 18 միլիարդ 137 միլիոն դրամ:
Կիրակոսյանի խոսքով՝ 2018 թվականի երեք ամիսների ընթացքում ներկայացված «առանց ուսումնասիրության» նշագրմամբ 52 հայտերից՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգով բավարարվել է 32-ը, որոնցով պահանջված ընդհանուր գումարը կազմել է 158 միլիոն 869 հազար դրամ: Իսկ չափանիշներին չբավարարած 20 հայտի մասով սահմանված կարգով իրականացվել են ուսումնասիրություններ: «Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել 17 միլիարդ 671 միլիոն դրամ: 2017 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկ վճարողներին է վերադարձվել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 13 միլիարդ 286 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ 2018-ի առաջին եռամսյակում վերադարձվել է 33 տոկոսով ավել գումար»,-ասաց նա:
2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող 562 միլիոն 250 հազար դրամ ընդհանուր գումարի գծով իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 16 ուսումնասիրություն: «Դիմումներով պահանջված գումարից ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 466 միլիոն 174 հազար դրամ, որն էլ ամբողջությամբ մուտքագրվել է միասնական հաշվին: Հիմնավորված չի համարվել 96 միլիոն 76 հազար դրամ: 2018-ի ապրիլի 1-ի դրությամբ ընթացքում էր 22 ուսումնասիրություն՝ պահանջված 7 միլիարդ 325 միլիոն դրամ գումարի գծով»,-հավելեց նա: