Հուսահատ քայլ. Տորրեսը լքում է Մադրիդը
6 հազարից ավելի օր է, ինչ իսպանացի ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորրեսը խաղում է «Ատլետիկոյում»: Ընդհանուր առմամբ՝ Տորրեսը մադրիդյան ակումբում անցկացրեց 11 մրցաշրջան, փոխեց 8 գլխավոր մարզիչ, 34 թիմակից, տոնեց 180 հաղթանակ: Այս մրցաշրջանը Մադրիդում վերջինը կլինի Էլ-նինյոյի համար՝ չնայած ակումբում նա դեռ ուներ կիսատ թողած գործեր:
«Ես տեղափոխվեցի «Ատլետիկո» երբ 10 տարեկան էի: Սա իմ տունն է: Ես այն հաջողակն եմ, ով այստեղ անցկացրել է իր դեբյուտային խաղը, հաղթանակ է տոնել և գոլեր է խփել: Ես կարող եմ շատ ակումբներ փոխել, բայց միայն մեկն է, որ ինձ համար հարազատ է, իմ տունն է: Ես «Ատլետիկոյի» մասն եմ, ով պայքարում էր մրցանակների համար: Սա իմ վերջին մրցաշրջանն է ակումբում: Սա բարդ որոշում է, բայց, հաշվի առնելով հանգամանքները, կարծում եմ ՝ սա կտանի ինձ դեպի լավը»,- նշել է Տորրեսը:
Տորրեսի այս որոշումը անակնկալի բերեց շատերին, քանի որ նա միշտ նշել է, որ ցանկանում է ավարտել կարիերան մադրիդյան ակումբում:
«Մենք դեռևս քննարկում ենք տարբերակները, բայց փաստ է, որ Ֆերնանդոն չի խաղա Եվրոպայում: Տարբերակներից մեկն ԱՄՆ-ն է, մյուսը՝ Չինաստանը», – հայտնել է Անտոնիո Սանսը՝ Տորրեսի գործակալը:
Տորրեսն ասել է, որ իր հեռանալու որոշումը ոչ մի կերպ չի փոխի իր վերաբերմունքը դեպի ակումբը:
«Ես պատասխանատու եմ Տորրեսի վերադարձի համար: Ես շատ բան եմ արել, որ Տորրեսը վերադառնա: Բայց ակնհայտ է, որ ես իմ դերը ունեցել եմ նրա հեռանալու որոշման մեջ: Տորրեսը ակումբի պատմության փայլուն ներկայացուցիչներից է: Ես դա ասել եմ նրա հետ առանձնազրույցի ժամանակ»,-նշել է ակումբի մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Իսպանական մամուլը գրում է, որ Տորրեսը, ով որոշել էր ավարտել կարիերան Մադրիդում, տեղափոխվում է հիասթափության պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան