«Կարևոր հանդիպում տեղի ունեցավ Կոնգրեսում». Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այժմ Վաշինգտոնում է և այս այցի շրջանակներում մի շարք կարևոր հանդիպումներ է ունենում այնտեղի պետական և ոչ պետական տարբեր շրջանակների հետ:

168.am-ի հետ զրույցում Բ. Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով ևս Վաշինգտոնում է, ասաց, որ այս այցն իր մեջ երկու ուղղություն է պարունակում ՝ ներհայկական կապերի ամրապնդում, հանդիպումներ հայրենակիցների, ինչպես նաև՝ պետական, գիտավերլուծական, լրատվական շրջանակների հետ:

«Մենք ունեցանք հանդիպումներ մեր Սփյուռքի եղբայրների և քույրերի հետ, խոսեցինք, թե ինչպես պետք է էլ ավելի հզորացնենք Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը, Արցախ-Սփյուռք կապերը, հատուկ ուշադրություն դարձվեց Արցախի հետ կապված հարցերին: Կարևոր հանդիպում տեղի ունեցավ Կոնգրեսում կոնգրեսականների հետ, քննարկվեցին տարբեր հարցեր, առաջին անգամ Կոնգրեսում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, խոսեց Արցախի զարգացման, ներքին և արտաքին քաղաքականության, պետականաշինության, ԱՄՆ-ի հետ կապերի ամրապնդման հարցերի շուրջ, ինչպես նաև՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման մասին: Մենք հանդիպեցինք նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախագահը հարցազրույցներ է տվել, որոնք շուտով կտպագրվեն: Նախատեսում ենք նաև մի շարք այլ ծրագրեր, գիտավերլուծական շրջանակների հետ հանդիպումներ: Այսինքն՝ այցը բավականին հագեցած է, և կարևոր հանդիպումներ ենք ունենում»,- պատմեց Դ. Բաբայանը:

Հարցին՝ ի՞նչ արձագանքներ եղան կոնգրեսականների կողմից Բակո Սահակյանի ելույթի վերաբերյալ,  Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Արձագանքները դրական էին, մենք տեսնում ենք ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ, տեսնում ենք, որ կա հնարավորություն զարգացնելու երկկողմ հարաբերությունները, կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել, ու կան մարդիկ, որոնք հայ ժողովրդի և, մասնավորապես, Արցախի բարեկամներն են և տարիներ շարունակ ամեն ինչ անում են, որ մեր ժողովրդին սատար կանգնեն թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ այլ հարցերում, այդ թվում՝ Արցախի հիմնախնդրի հարցում: Չպետք է մոռանանաք, որ նույն ԱՄՆ Կոնգրեսը, Սենատը ժամանակին առաջիններից մեկն են արձագանքել ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, դատապարտել են Ցեղասպանությունը Սումգայիթում, կոտորածները Բաքվում և այլ վայրերում: Բավականին հետաքրքիր հեռանկարներ կան երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, բացի դրանից՝ ոչ միայն քաղաքական դաշտում, այլև՝ մարդասիրական, գիտահետազոտական, գիտակրթական ոլորտներում»:

Կարդացեք նաև

Դ. Բաբայանի խոսքով՝ իրենց արտաքին քաղաքականության հիմքում ընկած է բազմաուղղվածության սկզբունքը. «Մենք ցանկանում ենք կապեր հաստատել տարբեր երկրների հետ, և այդ երկրների հետ կապերի զարգացումը մեկը մյուսի հաշվին չէ: Մեզ համար կարևորագույն հրամայական է լավ, գործնական, ամուր հարաբերություններ ունենալ այն երկրների հետ, որոնք ունեն մեծ հայկական Սփյուռք, որովհետև մենք պարտավոր ենք մեր հայրենակիցների ճակատագրով հետաքրքրված լինել»:

Տեսանյութեր

Լրահոս