«Ավելի ճիշտ ու սիմվոլիկ քայլ կլիներ՝ վերականգնել Արամ Մանուկյանի տունը, որ ավերակի է վերածվել». Արսեն Կարապետյան
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի շուրջ բորբոքված թեժ կրքերի ֆոնին նկատում է՝ էսքիզի այն տարբերակը, որ հանրության լայն շրջանակներում քննարկումների առիթ է տվել, մեղմ ասած, համոզիչ չէ։
Աղմուկից հետո, որ բարձրացավ լրագրողների շնորհիվ, ինքը չի հանդիպել որևէ մեկին, որ դրական կվերաբերվեր արձանի այս տարբերակին:
Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկարիչը, ով եղել է նաև արձանի մրցութային հանձնաժողովի կազմում, մանրամասնում է. «Համացանցում ներկայացված քանդակի էսքիզի այս տարբերակն ինձ ծանոթ չէ, որովհետև հանձնաժողովի նիստին նույն հեղինակի այլ տարբերակ էր ներկայացվել: Այդ ի՞նչ արձանի լուսանկար է հրապարակվել համացանցում, ես չեմ կարողանում հասկանալ: Երկու փուլով անցած մրցույթում նման տարբերակ չի քննարկվել:
Գուցե Քաղաքապետարանի նախաձեռնությամբ եղել է նաև այլ քննարկում, որին ես անձամբ ներկա չեմ եղել: Ի սկզբանե ներկայացված է եղել էսքիզ, որը պետք է դառնար քանդակ, իսկ քանդակները ծավալային փոփոխության ենթարկելու դեպքում նույնպես փոփոխվում են: Արամ Մանուկյանի արձանի պարագայում կոմպոզիցիոն սկզբունքը պահպանվել է, սակայն գեղարվեստական մոտեցումն է փոխվել: Գուցե հեղինակը հենց այդպիսի փոփոխություններ է մտցրել իր աշխատանքում՝ էսքիզների վրա աշխատելու ընթացքում, չի բացառվում: Սակայն մի բան հստակ է՝ էսքիզը, որ ներկայացված է՝ իբրև վերջնական տարբերակ, մեղմ ասած, համոզիչ չէ»:
Չի կարելի պնդել, որ բոլոր արձանները պարտադիր կերպով պետք է ստանդարտներին համապատասխան լինեն, որովհետև վաղուց Սովետական Միության կարգերն արդիական չեն:
«Մենք ապրում ենք ավելի ազատ ժամանակներում, և ստեղծագործական մոտեցումներում ազատությունը շատ բնական պահանջ է: Ուրիշ բան, որ պետք է զգույշ լինել, որովհետև գործ ունենք պետական, քաղաքական և ռազմական գործչի պարագային և, այնուամենայնիվ, այն պետք է ընկալելի լինի: Նման լուրջ քանդակն այդպես հպանցիկ, ժամանակի ազդեցության մեջ չպետք է լինի, այլ ժամանակի համար: Կարծում եմ՝ խնդիրն այս պարագայում քանդակային լեզվի մեջ է, թե որքանո՞վ է հարմար, որ, ասենք, դրոշը հագուստի վերածվի, և այլն»,- կարծում է գեղանկարիչը:
Երբ հանձնաժողովի կարծիքը պարզապես անտեսվում և հաշվի չի առնվում քաղաքում որևէ արձան տեղադրելիս, ըստ բանախոսի, մեր ժամանակների համար դարձել է օրինաչափություն: Դրա լավագույն օրինակը, ըստ վերջինիս՝ ֆուտբոլիստների քանդակն է, որն այնուամենայնիվ տեղադրվեց՝ նույնիսկ գեղարվեստական խորհրդի որևէ անդամի դրական կարծիք չհայտնելու պարագայում:
«168 Ժամի» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք վերջին տարիներին քաղաքում լուրջ քննադատության արժանացած նմանատիպ արձանների տեղադրման մեջ ինքը որևէ միտում չի տեսնում, Հաղթանակ Շահումյանը պատասխանում է՝ դա ուղղակի անտարբերության, անգրագիտության և լայն տարածում ստացած դիլետանտիզմի դրսևորում է:
Անդրադառնալով արձանի տեղին՝ Հաղթանակ Շահումյանը նշում է՝ այս հարցը հանձնաժողովը չի որոշում, տեղը ճարտարապետական լուծում պետք է ստանա, հարակից որոշակի նոր շինություններ պետք է կառուցվեն, և այլն:
Արձանի վիճահարույց էսքիզի շուրջ «168 Ժամը» լսել է նաև քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կարծիքը, ով դեռևս մրցույթի առաջին փուլից լավ չի հասկացել՝ դա բյո՞ւստ է, ֆիգո՞ւր, կիսաֆիգուրա՞, թե՞ այլ մի բան.
«Ես ընդհանրապես դեմ եմ եղել ներկայացված բոլոր տարբերակներին: Ոչ մի տեղ ես Արամ Մանուկյան չտեսա: Բոլոր դեպքերում քվեարկություն եղավ, և երկրորդ մրցանակը տրվեց Դավիթ Մինասյանի կողմից ներկայացված այդ էսքիզին: Սրանով ամեն ինչ վերջացավ: Դրանից հետո մենք ոչ Դավիթին տեսանք, ոչ էսքիզը: Հետո իմացանք, որ երկրորդ մրցանակ ստացողի աշխատանքը կանգնեցվում է, այնինչ պետք է հանձնաժողովը որոշեր, թե ո՞ր տարբերակը վերջնական հավանություն կստանար և կտեղադրվեր քաղաքում: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ առաջին մրցանակ ստացողի արձանը չի ընտրվում, այլ երկրորդինը, և առհասարակ, ո՞վ կամ ովքե՞ր են կայացրել այդ որոշումը, եթե ոչ՝ հանձնաժողովի անդամները:
Տարիներ առաջ Ներքին գործերի նախկին նախարար Ալիկ Սարգսյանի խնդրանքով ես քանդակել եմ առաջին Արամ Մանուկյանը, որ այսօր տեղադրված է հենց նույն Ոստիկանության շենքի դիմաց: Կար ժամանակ, երբ բոլշևիկյան մտածողությամբ ստեղծված արձաններ շատ էին տեղադրվում մեր քաղաքում, և կարծում եմ՝ այդ ժամանակները դեռ շարունակվում են, և ներկայացված էսքիզը, որի մասին դուք խոսում եք, դրա վառ ապացույցներից մեկն է»:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը «168 Ժամի» հետ զրույցում նկատում է՝ Արամ Մանուկյանի կերպարը միանշանակորեն արժանի է հիշատակության, բայց ավելի ճիշտ ու սիմվոլիկ քայլ կլիներ՝ վերականգնել իր տունը, որ հիմա ավերակի է վերածվել.
«Որպես Արամ Մանուկյանի հիշատակին նվիրված հարգանքի տուրք՝ դա ամենագեղեցիկ քայլը կլիներ, իմ կարծիքով: Դա կարող էր ծառայել՝ որպես Առաջին Հանրապետության թանգարան, գրադարան, կամ պարզապես մշակութային կենտրոն, և այլն: Ինչ վերաբերում է արձանի էսքիզին, ապա սրա վերաբերյալ որևէ կարծիք չունեմ, որովհետև սկզբունքորեն դեմ եմ հենց տեղի ընտրությանը: Լավ թե վատ, բայց դա արդեն իսկ կազմավորված ճարտարապետական միջավայր էր, որը, ի դեպ, ունի նաև հեղինակ, և որը, սակայն, տարիներ շարունակ շատ անմխիթար և բարձիթողի վիճակում է: Կարծում եմ՝ այդ տեղում արձան տեղադրելը եղել է ոչ թե քաղաքաշինական որոշում, այլ ուղղակի համարվել, այսպես ասած, դատարկ կամ ազատ տեղ, իսկ դրանք տարբեր հասկացողություններ են»:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի արձանի ներկայացված էսքիզի գեղագիտական լուծումների հետ առնչվող հարցին՝ ճարտարապետը նշում է. «Ես կատեգորիկ դեմ եմ քաղաքում նմանօրինակ մոնումենտալ արձանների տեղադրմանը: Կարծում եմ՝ դրանց ժամանակն անցել է, բայց նոր լուծումների ժամանակն էլ կարծես չի եկել: Անպայման պետք է ինչ-որ կանգնած ֆիգուր դնել, որ համարվի արձա՞ն: Մենք հե՞տ ենք գնում դեպի տոտալիտար համակարգ… Իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում են հետ գնալ, ուրեմն պետք է նաև անպայման հաշվի առնեն, որ այն ժամանակներում դա շատ ավելի տրամաբանական էր, և, ի դեպ, արված շատ ավելի բարձր որակով, քան հիմա է. Նժդեհի արձանը՝ ձեզ օրինակ»:
Տեղեկացնենք, որ պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի՝ այս պահին հաղթող համարվող վիճահարույց էսքիզի դրոշի հատվածի գունավոր քարերը նախատեսվում է բերել Մեծ Բրիտանիայից: Նախագծի ճարտարապետը, ըստ նախնական լուրերի՝ կլինի ճարտարապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը: Նախագծի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի 13-ին: