«Հայաստանում երկու խոչընդոտ կա». Հովիկ Մուսայելյան
Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «ՀՀ-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը» թեմայով քննարկման ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց «Հայաստանի ՏՏ ոլորտում անդրազգային կորպորացիաների և սփյուռքի դերակատարումը» զեկույցը:
Նա նշեց, որ Հայաստանը շատ սահմանափակ հնարվորություններ ունի մարդկային կապիտալի, նյութական ռեսուրսների առումով, ինչը թույլ է տալիս ենթադրություններ անելու, որ թռիչքային զարգացումների անհրաժեշտություն կա.
«ՏՏ հաջողությունները պետք է օգտագործել տնտեսության բոլոր ճյուղերում: Սա միակ ճյուղն է, որ Հայաստանում վերջին տարիներին 25-30 տոկոս աճ է ապահովում, և ՀՆԱ-ի մեջ տնտեսական կշիռը կազմում է չորս տոկոս: Այդպիսի ցուցանիշներ են արձանագրվում նաև զարգացած երկրներում»:
Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց ինտերնետի ոլորտում ունեցած հաջողությունները և ասաց, որ Հայաստանն ինտերնետ ծածկույթի առումով առաջին տեղը գրավող երկրներից է համարվում. «Հայաստանում չկա մի տեղ, որտեղ ինտերնետ ծածկույթ չլինի: Սա ցույց տալիս, որ մենք իսկապես կարող ենք որոշակի արգելքներ հաղթահարել, որը խանգարում է մեր զարգացումներին»:
Անդրադառնալով հայերի մրցակցային առավելություններին՝ նա ասաց, որ դա գենետիկայի և այլ հարցերի հետ կապված չէ, այլ, ըստ նրա՝ հայերի մրցակցային առավելությունն արագ հարմարվել կարողանալու հատկությունն է, ինչը վկայում է նաև Սփյուռքի պատմությունը: Նա նշեց, որ մեր ինժեներները շատ արագ կարողանում են հարմարվել նոր տեխնոլոգիաների:
Խոսելով ՏՏ ոլորտի խնդիրների մասին՝ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Հայաստանում երկու խոչընդոտ կա. «Առաջինը՝ որակյալ կադրերի պակասն է, և շուրջ երեք հազար որակյալ կադրի պակաս կա: Բուհերը չեն կարողանում այնպիսի ուսանողներ պատրաստել, որ միանգամից պահանջարկված կլինեն, և կրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա»: Նա նշեց, որ երկրորդ խնդիրը գլոբալ շուկա մտնելու խնդիրն է: