«Սուրճը, գազավորված ըմպելիքները, ալկոհոլը ջրազրկում են առաջացնում». խորհուրդներ մասնագետից

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սննդագետ Հասմիկ Եղիազարյանի համոզմամբ՝ ամռանը եղանակն օրգանիզմի համար որոշակի առանձնահատկություններ է ստեղծում սննդակարգի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ամռանը ցանկալի չէ ուտել շատ ճարպոտ մթերքներ, նախընտրելի է ուտել բանջարեղեն, մրգեր, ինչը բոլորովին չի նշանակում, որ մարդիկ պետք է դառնան բուսակեր. մարդու օրգանիզմը 75 %-ով բաղկացած է սպիտակուցներից, որը, մասնագետի պնդմամբ, հանդիսանում է օրգանիզմի համար շինանյութ:

Հասմիկ Եղիազարյանը խորհուրդ տվեց օգտագործել մսամթերք՝ թռչնամսի, ձկան տեսքով, խուսափել ճարպոտ, տապակած մթերքներից:

Սննդային թունավորումներից խուսափելու համար՝ սննդագետը նշեց, որ պետք է ճիշտ ընտրել մթերքը՝ ուշադրություն դարձնելով պիտակներին, պահպանման ժամկետներին, փաթեթավորման ամբողջականությանը: Կան մթերքներ, որոնք 10 աստիճանից բարձր ջերմաստիճանի պարագայում վնասվում են, հիմնականում՝ կաթնամթերքը, մսամթերքը:

Կարդացեք նաև

Ըստ բանախոսի՝ նաև պետք է խուսափել աղցաններից, որոնք պատրաստված են մայոնեզով, քանի որ 3 ժամ հետո նման սննդամթերքը սեղանի վրա կորցնում է իր որակը:

«Սուրճը, գազավորված ըմպելիքները պարունակում են կոֆեին, իսկ դա օրգանիզմում առաջացնում է ջրազրկում: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլային խմիչքներին: Ալկոհոլը նույնպես ջրազրկում է առաջացնում, և արագացնում է սրտի աշխատանքը: Իսկ շոգ օրերին սիրտ-անոթային համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է աշխատում»,- ասաց Հասմիկ Եղիազարյանը:

Սննդագետը նաև նշեց, որ քաղաքից դուրս գնալիս պետք է ուշադիր լինել, որ մթերքը չմնա արևի ուղիղ ճառագայթների տակ, և պետք է վերցնել այնպիսի ուտելիքներ, որոնք շուտ չեն փչանում:

Նրա դիտարկմամբ՝ եղանակը նպաստում է նաև սննդային թունավորումների զարգացմանը: Թունավորումները հիմնականում լինում են տարբեր տեսակի սնկերից, մսամթերքից, աղցաններից, որոնք մշակում չեն անցել:

Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝ հարկավոր է երկար ժամանակ եփել մսամթերքը, որ մանրէները ոչնչանան:

Թունավորման ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, գլխացավը, լուծը, սրտխառնոցը, փսխումը:

Հասմիկ Եղիազարյանը նաև խորհուրդ տվեց աղցանների մեջ օգտագործել ձեթ, քանի որ այն պարունակում է վիտամին E:

Վերջինս նաև շեշտեց, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել հեղուկների օգտագործմանը, քանի որ ամռանն օրգանիզմն ավելի շատ հեղուկի պահանջ է զգում:

«Մենք օրական 1.7 լիտր հեղուկ ենք կորցնում շնչառության տեսքով, միզելու և քրտնարտադրության ձևով: Հետևաբար՝ երբ ջերմաստիճանը 25 աստիճանից ավելի է, ցանկալի է կես ժամը կամ մեկ ժամը մեկ խմել ջուր»,- հավելեց մասնագետը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս