«Ինձ լիարժեք վստահություն չի ներշնչում». Արմեն Պողոսյանը՝ հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի մասին
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 1-ից հաց-հացաբուլկեղենը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ սա շատ լավ քայլ է, ուղղակի անվրեպ պետք է աշխատել:
«Բարի գործին ասում են՝ բարի գործ, ես ուրախ եմ այս քայլի համար, բայց ամեն դեպքում ինձ լիարժեք վստահություն չի ներշնչում: Քանի՞սն անցան սանիտարական ստուգում, երեսո՞ւնը: Բա մնացա՞ծը, սա լուրջ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Արմեն Պողոսյանի պնդմամբ՝ սա նաև տնտեսվարողների շրջանում զգուշավորություն կմտցնի, քանի որ, եթե նրանք իմանան, որ 30-ն ունեն անձնագիր, նրանք էլ կձգտեն ստանալ այդ գրքույկը:
Նախատեսվում է, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցները սանիտարական անձնագրերը ձեռք կբերեն 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ մարզերում՝ 2018 թվականի ապրիլի 1-ից: Իսկ թե արդյո՞ք այդ ընթացքում հնարավոր կլինի անել այդ աշխատանքը, Արմեն Պողոսյանը պատասխանեց.
«Իմ կյանքի փորձը ցույց է տալիս, որ այդպիսի կարճ ժամկետում այդքան ծավալուն աշխատանք անելն այնքան էլ իրատեսական չէ»:
Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ հարցերը շտկելու ձևը մեկն է. հասարակական, կոմերցիոն, պետական կառույցները պետք է իրար հետ աշխատեն ռեգուլյար ռեժիմով: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա 4500 հասարակական կազմակերպություն, որոնց բոլորի առաքելությունն է մարդու իրավունքների պաշտպանությունը: Բոլորն ի պաշտոնե պարտավոր են մասնակից լինել այդ ստուգայցերին, պետությունն էլ պիտի թույլտվություն տա նրանց:
«Եթե մասնակից լինենք այդ գործընթացին, օբյեկտիվությունը կաճի, դրական ազդեցություն կունենա»,- նշեց բանախոսը:
Այնուամենայնիվ, Արմեն Պողոսյանն այն կարծիքին է, որ, եթե հասարակական վերահսկողությունը չլինի, չարձագանքեն, պատասխան չստանան, այդ գործը հակառակ ազդեցություն կունենա:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար:
Անի Թորոսյան