Կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարական ստուգարքը՝ առաջընթացի ճանապարհին
Ինչ են սովորաբար թողնում կառավարություններն իրենցից հետո
Տարիները մարդկանց հիշողությունից բնականորեն կջնջեն, թե որ կառավարությունը որ տարում ինչքան բյուջե է հավաքել կամ աշխատավարձ տվել։ Անգամ չի հիշվի, թե որքան տնտեսական աճ է արձանագրվել կամ ինչ-որ սակագին փոխվել: Մարդիկ միայն կհիշեն, թե որ կառավարությունը ինչ ինստիտուցիոնալ համակարգ է ներդրել, որը մարդկանց կյանքի որակն է փոխել: Այս տեսանկյունից, օրինակ, բոլորը միշտ կհիշեն, թե որ կառավարությունն է ԱՊՊԱ ներդրել:
Որպես հիմնարար ինստիտուցիոնալ բարեփոխում այսօր սեղանին առկաներից ամենահասունացածը, վերջնամշակվածն ու իրականացման համար պատրաստը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է: Այս տեսանկյունից ներկայի ինտրիգն այն է, թե մարդկանց ապագա հիշողություններում ո՞ր կառավարությունները կմնան որպես կենսական նշանակության այս համակարգը մինչև վերջ ներդնել չկարողացածներ, և ո՞ր կառավարությանն այն հաջողվեց, քանզի, միևնույն է, չներդնելու այլընտրանք կարծես չկա: Նշված համատեքստում գործող կառավարությունն, անշուշտ, շահեկան վիճակում է:
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներկան ու անցյալը
Կուտակային կենսաթոշակային համակարգին այս պահին մասնակցում է 200.000 մարդ, իսկ ֆոնդում առկա է 80 միլիարդ դրամից ավել գումար։ Ոչ բոլոր աշխատողներն սկսեցին կուտակել իրենց ծերության ապահովման միջոցները, թեպետ, համաձայն օրենքի, 2018 թվականից այն պետք է դառնա պարտադիր։ Ցայսօր կենսաթոշակային ֆոնդերը երկու միջազգային հեղինակություն վայելող կառավարիչների կողմից կառավարվել են բավական արդյունավետ՝ գերազանցելով պահանջվող նվազագույնը։
Պետք է չմոռանալ, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն այդքան էլ սահուն չանցավ։ Բազում երիտասարդներ, հատկապես բարձր աշխատավարձ ստացողներ, դուրս եկան բողոքի, գործը հասավ Սահմանադրական դատարան և վերջինիս որոշման արդյունքում փոխվեց կենսաթոշակի կուտակման եղանակը։ Հետադարձ նայելով անցյալին` բազմաթիվ հարցերի շարքում մեկ հարց է մնում առկախված, ինչու՞ նման մասշտաբի բարեփոխումը հնարավոր չեղավ նախօրոք քննարկել ու կոնսենսուսի հասնել։ Ավելին, օրենքը վաղուց էր ընդունված, և միայն դրա կիրառման պահից սկսվեցին դժգոհությունները։ Անցյալից եկած այս հարցի պատասխանը կարևոր է, քանի որ այսօր էլ ընդունված է օրենք, որով 2018 թվականից ուժի մեջ է մտնում կենսաթոշակային համակարգի համընդհանուր կուտակային բաղադրիչը։ Այս պահին բողոքող չկա, իսկ ի՞նչ կլինի օրենքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելու պահին: Շատ ժամանակ չի մնացել, գործելու կարիք կա այսօրվանից:
Վստահության դիլեման
Շատերն այսօր էլ դեռ պնդում են, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավոր։ Այս պնդումը հիմնականում կապվում է ապագայի հանդեպ վստահության հետ, որն էլ իր հերթին զուգորդվում է երկրի քաղաքական կառավարման խնդիրներով։ Ապագան ճիշտ պլանավորելու համար պետք է ինչ-որ չափով զոհաբերել ներկան։ Սա է ունիվերսալ բանաձևը, այս բանաձևով ենք կրթություն ստանում, այս բանաձևով ենք բիզնես ներդրումներ անում, այս բանաձևով ենք մեր երեխաների համար «փող հետ գցում»։
Ապագայի անորոշությունն է, որ զգույշ է դարձնում մարդկանց և այս զգուշությունը վեր է ածվում կույր անվստահության։ Ի պատասխան սրա` կենսաթոշակային համակարգի անցյալ հաղորդակցությունը ամբողջությամբ կառուցած էր կուրորեն վստահելու հրավերի վրա։ Ու ահա այստեղ էր սխալը։ Կույր վստահությունը գործում է հարազատի, սիրելի հանդեպ։ Ու հենց այստեղ է, որ կանգնում ենք երկընտրանքի առաջ՝ մի կողմից կույր անվստահությունն է, մյուս կողմից՝ կուրորեն վստահելու հրավերը։ «ԴԵՄ ԵՄ» շարժումն իրոք ձեռքբերումներ արձանագրեց, կառավարությունն էլ հստակ ուղերձ ստացավ։ Սակայն կառավարությունը, փոխանակ խնդիրները լուծելուց հետո ներդներ համակարգը, դրա պարտադիր կուտակային բաղադրիչը հետաձգեց մինչև 2018 թվական։ Խնդիրները հետաձգելով չեն լուծվում։ Ավելին, շատերը, ովքեր չվստահելով` կամավոր չմիացան կուտակային համակարգին, կորցրեցին բավական մեծ գումարներ։ Ու այսօր նույնիսկ տեղյակ չեն դրա մասին։ Ավելին, արդյո՞ք կլինեն արկածախնդիրներ, որ կփորձեն 2018 թվականին կրկին հետաձգել պարտադիր բաղադրիչը։ Այո կլինեն։ Ու երբ գա ծերությունը ու համակարգից հրաժարված մարդիկ գիտակցեն իրենց կորուստը (քանի որ ապագան պլանավորել չգիտենք), արդեն ուշ կլինի արկածախնդրությունից բողոքելը. արկածախնդրությունը միշտ գրավիչ է, հատկապես երիտասարդ տարիքում։
Ի՞նչ է տալիս կենսաթոշակային բարեփոխումը
Այն, որ մարդիկ դժկամությամբ են ընդունում խնայելու պարտադրանքը, ակնհայտ է, ինչպես դժկամությամբ ընդունեցին ԱՊՊԱ-ն, ինչպես դժկամությամբ երեխան դպրոց է հաճախում, կամ հիվանդը` բուժում ստանում։ Իհարկե, սա չի նշանակում հաշվի չնստել մարդկանց հետ։ Սակայն ակնհայտ է, որ Կենսաթոշակային բարեփոխումն այս պահին Հայաստանում պատրաստ միակ բարեփոխումն է, որը մարդուն կապում է Հայաստանում ապրելու ու արարելու ապագայի հետ։
Փաստ է, որ համակարգին միացած մարդիկ արդեն իսկ կարողանում են իրենց ծերության համար խնայած ու կառավարվող միջոցները տեսնել ու հաշվել։ Ու միայն այդ կերպ մարդիկ պետք է վստահություն ձևավորեն և՛ կուտակային համակարգի, և՛ Հայաստանի ապագայի հանդեպ։ Փաստ է նաև, որ Կենսաթոշակային համակարգին չմիացած բարձր աշխատավարձ ստացողները երկու տարում զրկվել են առնվազն կես միլիոն դրամից։ Այս մասին էլ պարբերաբար հարկ կա խոսելու։
Կենսաթոշակային համակարգը լուծում է Հայաստանի սոցիալական խնդիրների մի մասը. այն հնարավորություն է տալու այսօրվա աշխատողներին արժանավայել ծերություն ունենալ։ Սակայն սրանով չեն լուծվում Հայաստանի սոցիալական հիմնախնդիրները, աղքատությունը։ Այսօր նույնիսկ լուծում չի տրված ինքնազբաղվածներին կուտակային համակարգին միանալու մեխանիզմին։ Բայց այս ամենը լուծելու համար նախևառաջ պետք է կարողանանք լիարժեք կյանքի կոչել կուտակային կենսաթոշակային համակարգը։ Դրա համար նախ քաղաքական խիզախություն է պետք է` քաջ գիտակցելով, որ մարդիկ չեն վստահում ու չեն ցանկանալու մտնել «կենսաթոշակային համալսարան»։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն