Բաժիններ՝

Աֆղանստանը հայտնել է, որ 400 մարդ է զոհվել Քաբուլի հիվանդանոցին Պակիստանի հարվածից

Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի ավիահարվածից Քաբուլի նարկոլոգիական կլինիկայում առնվազն 400 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ Աֆղանստանի կառավարության խոսնակի տեղակալի՝ ավիահարվածը հասցվել է Քաբուլի հիվանդանոցին տեղական ժամանակով մարտի 16-ի ժամը 21։00-ին մոտ՝ ոչնչացնելով 2000 հիվանդի տեղավորող հաստատության մեծ մասը։ Բացի 400 զոհից, կա նաև 250 վիրավոր։

Պակիստանը հերքել է հիվանդանոցին հարվածելու մեղադրանքները՝ նշելով, որ հարվածները չեն թիրախավորել որևէ քաղաքացիական օբյեկտ։ Ըստ Պակիստանի վարչապետի խոսնակի՝ այդ մեղադրանքներն անհիմն են։ Երկրի տեղեկատվության նախարարն էլ հայտարարել է, որ ճշգրիտ հարվածներ են հասցվել Քաբուլի և արևելյան Նանգարհարի նահանգի ռազմական օբյեկտներին։

Այս ավիահարվածից ժամեր առաջ Աֆղանստանը և Պակիստանը կրկին հարվածներ էին փոխանակել սահմանի երկայնքով, որի հետևանքով, ըստ աֆղանստանցի պաշտոնյաների, 4 մարդ էր զոհվել։

Կողմերի միջև վերսկսված մարտերը շարունակվում են արդեն 3 շաբաթ: Փետրվարի վերջին Աֆղանստանը հարվածներ էր հասցրել Պակիստանին՝ ի պատասխան իր դեմ ավիահարվածների, որոնց հետևանքով քաղաքացիական անձինք էին զոհվել։ Կողմերի միջև հրադադար էր ձեռք բերվել 2025 թ. հոկտեմբերին, Կատարի միջնորդությամբ։

Հիվանդանոցին հարվածից առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Աֆղանստանում իշխող թալիբներին կոչ է արել ավելացնել ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը։ Պակիստանը Քաբուլին մեղադրում է զինված խմբավորումների ապաստան տալու համար։ Խոսքը, մասնավորապես, պակիստանյան «Թալիբան»-ի մասին է, որն, ըստ Իսլամաբադի, հարձակումներ է իրականացնում Պակիստանի տարածքում։ Աֆղանստանը հերքում է մեղադրանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս