Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայում մահապատժի ընդունման հարցին
Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայում մահապատժի ընդունման հարցին:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Շուլցը նշել է, որ Էրդողանի իշխանության շրջանում Թուրքիան էլ ավելի է հեռացել Եվրամիությունից:
«Եթե Էրդողանը իսկապես մահապատժի օրենքը ուժի մեջ դնի, այդ ժամանակ Եվրամիության դռները փակ կլինեն Թուրքիայի համար»,- ասել է Շուլցը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել էր մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին:
«Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,- հայտարարել էր Էրդողանը:
Խոսելով Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագրերի մասի՝ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն ամիսներ առաջ ասել էր. «Եթե մահապատիժը վերականգնվի, դա միևնույն ժամանակ կդառնա ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերջը: Այն երկիրը, որը ցանկանում է վերականգնել մահապատիժը, կարող է միանալ Հյուսիսային Կորեային կամ ցանկացած այլ երկրի, սակայն ոչ Եվրամիությանը»: