Բաժիններ՝

«Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել»

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններով փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն` ամփոփելով կիսամյակային աշխատանքը:

-2017 թվականի առաջին կիսամյակն ինչպիսի՞ շրջան է քաղավիացիայի համար: Ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք:

-Առաջին կիսամյակը բավական դրական ենք գնահատում: 2016 թվականին դրական ցուցանիշներից հետո շարունակում ենք աճ գրանցել: Նշեմ, որ առաջին կիսամյակում փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, արդեն ունենք 29.3 տոկոսի աճ: Մեծ սպասումներ ունենք, որ 2017 թվականն ավելի լավ ցուցանիշներով կփակենք, քան 2016 թվականը, երբ վերջին տասը տարվա ընթացքում գրանցվեց ռեկորդային ցուցանիշ: 2016-ին ուղևորահոսքը կազմել էր 2 մլն 117 հազար մարդ: Բեռնափոխադրումների ցուցանիշներում նույնպես աճ կա, այն կազմում է շուրջ 70 տոկոս: Հուսով ենք, որ ցուցանիշներն այսպես կպահենք ու կավելացնենք:

Ընթացիկ տարում ունեցել ենք նոր երթուղիներ, տեղական ավիաընկերությունների շրջանում ակտիվություն է նկատվում:  Մասնավորապես, «Տարոն-Ավիան» Գյումրիից, «Արմենիա» ավիաընկերությունը: Վերջինս ամառային այս սեզոնին մի քանի ոչ կանոնավոր երթուղիներ բացեց: Այսօր ունենք կանոնավոր թռիչքներ դեպի Իսրայել, Բեյրութ, Աստանա:

-Այս նոր չվերթների բացումը որքանո՞վ է ազդեցություն թողել տոմսերի գների վրա:

-Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել: Անուղղակիորեն կարող է լինել, եթե չվերթները տրանզիտային նոր ուղղություններ ապահովեն, և այստեղ մրցակցության դեպքում գները կիջնեն: Ես կարող եմ ասել, որ մենք գների նվազում ունենք ոչ թե մի քանի երթուղիների բացումից հետո, այլ, ընդհանրապես, վերջին 3 տարիների ընթացքում նոր քաղաքականության վարման արդյունքում: Չնայած դրան, պետք է ասեմ, որ այս ցուցանիշները կրկին մեզ չեն գոհացնում: Դրա համար պետք է բանակցել, որպեսզի շատ ավիաընկերություններ գան, և եթե ուղևորների քանակը համապատասխան լինի, ապա ավիաընկերությունները կարող են մտածել իրենց գնային քաղաքականության փոփոխության մասին:

-Նշվում էր, որ ներդրումային ծրագիր կա «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար, և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու օդանավակայանում: Ի՞նչ աշխատանքներ են արդեն իսկ իրականացվել և ի՞նչ ներդրումներ են կատարվել:

-Այո, Գյումրու օդանավակայանի զարգացումը մեզ համար այսօր առաջնային պլանում է: Ինչպես գիտեք այնտեղ արդեն երկու ավիաընկերություն երթուղիներ է շահագործում: Եվ որպեսզի ավելի ակտիվացնենք աշխատանքը մենք պետք է բարելավենք ենթակառուցվածքները, աշխատենք ծառայությունների ընդլայնման մասով: Արդեն իսկ օդանավակայանի թռիչքուղին  բարեկարգվել է, լուսաազդանշանային համակարգն է փոփոխվել, աշխատանքներ են տարվում օդանավակայանի տերմինալում: Արդեն կա մշակված ծրագիր, որի համաձայն նախատեսվում են շարունակական ներդրումներ: Դա կօգնի, որ նոր ավիաընկերությունների մուտքի դեպքում, կարողության իմաստով կարողանանք ապահովել անհրաժեշտ պայմանները:

-Առաջիկայում նոր ավիաընկերությունների մուտք Գյումրու օդանավակայան սպասվո՞ւմ է:

-Սովորաբար խուսափում ենք կանխավ ավիաընկերությունների մուտքի հետ կապված տվյալներ տրամադրել, քանի դեռ ավիաընկերությունները կոնկրետ որոշում չեն կայացրել: Բայց վստահ եղեք, որ բանակցություններ տարվում են, հուսով ենք, որ այդ ավիաընկերությունների թիվը կավելանա: Դա կախված է մի շարք գործոններից, բանակցությունների ընթացքից, ավիաընկերությունների ծրագրերից: Մենք բավական դրական ենք տրամադրված,  ավելի ոգևորվում ենք, երբ տեսնում ենք ակտիվությունը: Մենք տեսնում ենք, որ ավիաընկերություններն իրենց լավ են զգում:

-Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել փոքր ավիացիայի զարգացման նպատակով:

-Փոքր ավիացիայի զարգացումը ևս մեր կարևոր ծրագրերից է: Ավիացիայի վարչությունը ուսումնասիրությունների առումով լայնածավալ աշխատանք է տանում: Հայաստանի տարածքում ունենք 16 աերոդրոմ, և դրանցից պետք է ընտրել, թե որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել: Մինչ այդ շատ կարևոր է ուսումնասիրել ներքին ցամաքային փոխադրումների ծավալները, աերոդրոմի վերականգնման ծախսերը, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ շարունակենք: Գիտեք, որ արդեն Կապանի օդանավակայանի հետ կապված դրական տեղաշարժ կա: Առաջիկայում փոքր ավիացիայի զարգացման  վերջնական ծրագիրը կկազմվի  և կսկսենք, ըստ ուղղությունների, աշխատանք:

-Այսինքն` տեսանելի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:

-Այո, դեռ վաղ է խոսելը, որովհետև աերոդրոմների վերագործակման աշխատանքները բավական լուրջ ընթացք է նախատեսում: Լուրջ վերլուծություն է անհրաժեշտ, իսկ դա ժամանակ է պահանջում:

-Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

-Այստեղ մեծ առաջընթաց ունենք: Դրական արդյունքներ կան առաջին պաշտոնական բանակցային փուլի ընթացքում: Բավական ծավալուն բանակցային տեքստից մի քանի կետ էր մնացել վերջնականացնելու: Վերջերս հունիսին Քաղավիացիայի  գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել, այնտեղ քննարկում տեղի ունեցավ եվրոպացի մեր գործընկերների հետ և մնացած կետերի շուրջ բանակցություններն էլ ավարտվեցին: Հիմա այն փուլում ենք, որ համաձայնագիրը  ԵՄ պետություններին առանձին ներկայացվի հաստատման: Հույս ունենք, որ բանակցությունների երկրորդ պաշտոնական փուլի ընթացքում կստորագրվի:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգի ներդրման նպատակով:

«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգի ներդրումը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը: Կա արդեն ձևավորված աշխատանքային խումբը, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության և աշխատանքային խմբի մասնագետների միջև, որի ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի ներդրման դրույթները, ռազմավարությունը և հնարավոր խոչընդոտները: Հայեցակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության նախագիծ է մշակվել ՀՀ Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում հրապարակելու համար: Կարծում ենք 2017-ի ավարտին կունենանք որոշ արդյունքներ:

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս