Բաժիններ՝

Ֆինլանդիայի իշխանությունները սկսել են զանգվածաբար արտաքսել մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիներին

Ֆինլանդիայի իշխանությունները սկսել են զանգվածաբար արտաքսել այն ռուսաստանցիներին, ովքեր փախել էին այդ երկիր՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։

2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ֆինլանդիայից արտաքսվել է Ռուսաստանի 104 քաղաքացի, ովքեր ապաստան ստանալու մերժում էին ստացել, «Вот Так» պարբերականին հայտնել են Ֆինլանդիայի ոստիկանությունից։

Ընթացիկ տարում արտաքսվածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ ռուսաստանցիների ապաստանի դիմումները երկար ժամանակ չէին քննարկվում, փոխանցում է «Немецкая волна»-ն։

«Երկու տարի ոչ մեկի հետ հարցազրույց չեն անցկացրել։ Նրանք պարզապես չգիտեին՝ ինչ անել մեզ հետ։ Եղել են միայն հազվադեպ բացառություններ։ Մեր ակտիվիստ տղաները դիմել են Ֆինլանդիայի օմբուդսմենին, բողոքներ են գրել և միայն 2024 թվականի վերջին են սկսվել հարցազրույցները»,- պարբերականին պատմել է Մաքսիմ Ալիևը՝ «Կեմի՝ ընդդեմ պատերազմի» կազմակերպության ակտիվիստը և Նավալնիի Կրասնոյարսկի շտաբի նախկին կամավորը։

Ըստ նրա, առաջին հարցազրույցների արդյունքներով, ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը մերժում է ստացել։ Նրանց մեծ մասը բողոքարկումներ է ներկայացրել մինչև Գերագույն դատարան և, եթե նրանց թույլատրվում է, կրկին ապաստանի դիմում են ներկայացնում։

Մերժումների հսկայական քանակը կապված էր նրա հետ, որ դեպքերի մեծ մասում դիմողները Ռուսաստանից փախել էին զորահավաքից խուսափելու համար։ 2023 թվականի մայիսին Ֆինլանդիայի միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ առնվազն 1109 ռուսաստանցի ապաստան է խնդրել այն հիմքով, որ նրանք խուսափել են զինվորական ծառայությունից զորակոչվելուց։

Մերժելով նրանց՝ Ֆինլանդիայի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանում մոբիլիզացիան ավարտվել է։ Որոշումներում նշվում է, որ այդ մասին հայտարարել են այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչդեռ համապատասխան հրամանագիրը այդպես էլ չի ստորագրվել։

Ֆինլանդիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Անու Կարպին գարնանը նշել էր, որ գերատեսչությունը առաջնորդվում է ՄԱԿ-ի Կոնվենցիայով, որի համաձայն՝ բանակում ծառայելու սպառնալիքը ինքնին ապաստան տրամադրելու պատճառ չէ։

Որոշ ռուսաստանցիների, ովքեր հրաժարվել են կամավոր լքել Ֆինլանդիան, երկրից դուրս են բերում պահակախմբի ուղեկցությամբ։ Ֆինլանդիայի ոստիկանության տվյալներով՝ 2025 թվականի ութ ամիսներին այդ եղանակով արտաքսվել է 18 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս