Բաժիններ՝

Մարսել, 2014 թվական: Ապաստան փնտրող տասնյակ հայեր գոյատևման խնդիր ունեն…

Երևանում ծնված, երկար տարիներ Լիբանանում ապրած, այնուհետև Ֆրանսիա տեղափոխված կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» կինոնկարում ներկայացված են մի շարք հայ խմբեր, որոնք ապրում են արտերկրում ու բազմաթիվ խնդիրներ են փորձում հաղթահարել իրենց գոյությունը պահպանելու համար:

Ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Կինոնկարի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Մի օր Լիոն քաղաքում կայարանից դուրս եկա ու տեսա գունավոր փոքր վրաններ փողոցում: Մտքովս չանցավ, որ հայեր են այնտեղ ապրում: Հանկարծ լսեցի, թե ինչպես մի կին հայերեն կանչեց իր երեխային ճաշելու: Շրջվեցի, հետևեցի երեխային ու հասկացա, որ տարբեր երկրներից Ֆրանսիա եկած հայ  ընտանիքներ են: Փորձեցի պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնուհետև մեկնեցի Մարսել, որտեղ պատսպարվել են Ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքներ: Պետության աջակցությամբ ծանոթացա նաև նրանց ու ստեղծեցի այս կինոնկարը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Ստեփանյանը:

Նա ասաց, որ կյանքի մեծ մասն օտարության մեջ է անցկացրել: «Ես չեմ ընտրել այդ ճանապարհը և ոչ մեկին չեմ մեղադրում դրա համար: Փորձել եմ այս ֆիլմի միջոցով նաև ինքս ինձ հասկանալ ու երկխոսություն ստեղծել հերոսների ու մարդկանց միջև: Միշտ բարձրաձայնում եմ խնդիրներ, որոնք ինձ են հուզում»,-ընդգծեց Թամարան:

Նա հավելեց, որ ընտանիքներից երկուսը համապատասխան փաստաթղթեր են ստացել ապրելու համար ու ցնծության մեջ են:

Մարսել, 2014 թվական: Ապաստան փնտրող տասնյակ հայեր գոյատևման խնդիր ունեն, մինչ կստանան իրենց հայցադիմումի պատասխանը: Նրանք հետևում են թողել մի երկիր, որի  բնակիչներն ավելի քան  հարյուր տարի է, ինչ աշխարհով մեկ  սփռված են, երկիր, որը բոլորը նկարագրում են որպես  բնակիչներից լքված  ու կենսազուրկ անապատ: Հարկադիր լռություն, անկարողություն…

Նրանք միջանկյալ տարածքում են ապրում` երկու երկրի, երկու կյանքի միջև, ժամանակի մեջ մի վերացական տարածք, որ ոչնչից է, և որտեղ կյանքը լիովին սպրդում է նրանցից:  Ափի մոտ, մոռացման մեջ ճոճվում են նրանք…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս