«Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ փորձում է նաև ռազմական լուծում գտնել խնդրին». Թևան Պողոսյան
Այսօր Սերժ Սարգսյանը խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, որտեղ անդրադարձ կար նաև Արցախի հիմնախնդրին: Ս. Սարգսյանը հայտարարեց, թե չի խոսի նախորդ տարբերակների համեմատ՝ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ այդպիսով խախտած կլինի բանակցությունների խորհրդապահությունը: Նա միայն ընդգծեց, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները «մենք երկար տարիներ քննարկում ենք»:
Քաղաքագետ Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե այս ելույթից արդյո՞ք պարզ դարձավ՝ ինչ տարբերակ է քննարկվում այս տարիներին, լուծման ի՞նչ տարբերակ է դրված բանակցային սեղանին:
«Տարբեր մարդիկ տարբեր կանխատեսումներով են խոսում, թե ինչ է քննարկվում, բայց քանի դեռ չկա հրապարակված այդ տարբերակը, նստել և կանխատեսելը, երևի թե, ամենասխալ քաղաքականությունը կլինի։ Պետք է փորձել հասկանալ, թե ինչ է իրական կյանքում տեղի ունենում։ Կարող ենք մենք տարբեր սցենարներ քննարկել, բայց եթե կյանքում ուրիշ բան է տեղի ունենում, իմաստը ո՞րն է այդ թղթերի։ Ասենք՝ հիմա մի թուղթ գտնենք, որտեղ Ադրբեջանն ասում է, թե ընդունում է Արցախի անկախությունը ու դրանից հետո սկսում է ամեն օր աԱրցախի վրա կրակել, իմաստը ո՞րն է այդ փաստաթղթի»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, թե որն է հարցի լուծման ամենակարևոր խնդիրը. «Այդ մասին ելույթում կարծես թե մեկ նախադասությամբ օգտագործվեց. Մինչև Արցախի ներկայացուցիչը չի լինում այդ բանակցությունների սեղանին, հարցի լուծման մասին ցանկացած մոտեցում ընդամենը հոլիվուդյան սցենար է կամ վերլուծական որևէ կենտրոնի կողմից մշակված առաջարկ: Իրական կյանքի հետ կապ չունի։ Մեկ տարի առաջվա Վիեննայի համաձայնագիրն ու իրական կյանքը որտե՞ղ են։ Ադրբեջանը Կազանի փաստաթղթի վերաբերյալ ինչ-որ բան է ասում, բայց առաջինը հենց ինքն է մերժում այդ փաստաթուղթը։ Դրանից ի՞նչ եզրակացություն անենք»։
Հետևաբար, թղթերում քննարկվող ամեն ինչից զատ, ըստ Պողոսյանի՝ կա իրական կյանքը, երբ Ադրբեջանը չի դադարեցնում իր գործելաոճը. «Մենք պետք է մեր իրական կյանքը փոխենք, այնպես անենք, որ Հայաստանը զարգանա, որ բնակչությունը 4 միլիոնի հասնի ոչ թե 2040 թվականին, այլ միգուցե 2020 թվականին, որ կարողանանք ավելի լավ դիրքերից խոսել»։
Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև նշել էր, թե կարգավորումը ձգվում է Ադրբեջանի պատճառով, որի ղեկավարությունը ձգտում է պահել ստատուս-քվոն ու համարում է, թե ժամանակն աշխատում է Բաքվի օգտին: Ըստ Ս. Սարգսյանի՝ չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը պտտվում է միայն շփման գծի մեկ կողմում. «Մենք կողմ ենք խաղաղ կարգավորման, բայց պատրաստ ենք մեր անվտանգությունը պաշտպանել ամեն գնով»:
Վերոնշյալի վերաբերյալ հարց ուղղեցինք Թ. Պողոսյանին՝ հաշվի առնելով 2016թ. ապրիլյան հայտնի դեպքերից մինչ օրս ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակը, որն ամեն անգամ հրահրվում է Ադրբեջանի կողմից, արդյոք չի՞ նշանակում, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, գոնե փորձում է այս ժամանակահատվածն օգտագործել իր օգտին:
Ի պատասխան՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ փորձում է նաև ռազմական լուծում գտնել խնդրին. «Այդքան զենք գնելը չի՞ ասում, որ նա գնում է ռազմական ճանապարհով հարցի լուծմանը։ Իրականում Ադրբեջանը մեծ գումարներ է վճարել տարբեր երկրներին ու դրանով զենք է գնել։ Այդ զենքը չի գնել, որ պահեստներում պահի, գնել է, որ կիրառի։ Մենք էլ պետք է պատրաստ լինենք զարկ տալ մեր անվտանգությանը։ Որ կողմն ավելի լավ օգտագործեց ստատուս-քվոյի ժամանակը՝ հզորանալու, բնակչությունն ավելացնելու, ժողովրդավարական ուղով զարգանալու, հզոր պետություն կառուցելու, նրա օգտին էլ աշխատելու է։ Բոլոր հնարավորությունները կան, պետք է աշխատել։
Մենք անո՞ւմ ենք դա. կոռուպցիայի դեմ պայքարո՞ւմ ենք, երբ ապրիլյան դասերից հենց մեկը դա էր, որ կոռուպցիան մեզ շատ է վնասել։ Ժողովրդավարությանը, ժողովրդագրությանը զարկ տվե՞լ ենք. ո՛չ։ Ներգաղթ ապահովե՞լ ենք, ո՛չ, տնտեսական զարգացումներ տեղի ունեցե՞լ են. ո՛չ։ Դասեր կան, որ քաղել ենք. ինչ-որ համակարգեր ենք առաջնագծում տեղադրել, փորձում ենք ռազմաարդյունաբերությանը զարկ տալ, գիտությանը նպաստել, այլընտրանքային մոդելներ զարգացնել, բայց պետք է հասկանանք, որ այդ դասերի մեջ միայն կետային հարցեր չես կարող լուծել, պետք են համակարգային փոփոխությունների գնալ։ Ցավոք դա դեռ տեղի չի ունենում»։