Ջեք Գևորգյան. Սեփական արյամբ կտավ նկարած «Բժիշկ մահը»
Ջեք Գևորգյանը ծագումով հայ ամերիկացի բժիշկ է, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես մարդու՝ մահվան իրավունքի կողմնակից և էվթանազիայի հանրահռչակման վառ տարածող: Իր գործունեության համար Գևորգյանը ստացավ «Բժիշկ մահ» մականունը:
«Բժիշկ մահը» ծնվել է 1928թ. մայիսի 26-ին ԱՄՆ Միչիգան նահանգում, Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունից փախած հայերի ընտանիքում: Ավարտել է Միչիգանի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Տիրապետել է 5 լեզվի՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և ճապոներեն:
Մասնակցել է Կորեական պատերազմին, որի ավարտից հետո շարունակել է զբաղվել բժշկությամբ՝ որպես պաթոլոգանատոմ:
Սկսել է զարգացնել ծանր հիվանդների՝ առանց ցավի ինքնակամ մահվան իրավունքի (էվթանազիա) տեսությունը 1980-ականներին:
Գևորգյանը առաջինն էր, որը հրապարակավ առաջարկեց հիվանդներին «խորհրդատվություն կյանքից ինքնակամ հեռանալու հարցերի վերաբերյալ»: 1989թ. նա ստեղծեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան», որի աշխատանքի սկզբունքը հետևյալն էր՝ հիվանդի կողմից համապատասխան կոճակը սեղմելու դեպքում նրա արյան մեջ ներարկվում էր բժշկական դեղամիջոցի մահացու չափաքանակ:
Առաջինը, ով ինքնասպան եղավ Գևորգյանի հայտնագործության օգնությամբ, Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մի հիվանդ էր: Դրանից հետո բժիշկը զրկվեց բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
10 տարի անց՝ 1999թ., Գևորգյանը հրապարակավ մարտահրավեր նետեց ԱՄՆ իշխանություններին՝ դաշնային ալիքի ուղիղ եթերում ցուցադրեց հոլովակ, որտեղ բժշկական դեղամիջոցի մահացու չափաքանակ է ներարկում ամբողջությամբ անշարժ հիվանդի, որը տվել էր էվթանազիային համաձայնություն:
Դրա համար Գևորգյանին առաջադրվեց «սպանություն» հոդվածով մեղադրանք և դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: 8 տարվա բանտարկությունից հետո նա համաներվեց առողջական վիճակի կտրուկ վատացման հետևանքով:
Գևորգյանը մահացավ 2011թ. հունիսի 3-ին:
Նա դարձավ ամենահակասական ֆիգուրներից մեկը բժշկության պատմության մեջ՝ մի մասը նրան հրապարակավ դատապարտում էր՝ մեղադրելով ավելի քան 130 մարդու սպանության մեջ (հենց այդքան մարդու էր Գևորգյանը էվթանազիա արել), մյուսները հանդես էին գալիս ի պաշտպանություն բժշկի տեսության՝ այն անվանելով մարդասիրական:
Ջեք Գևորգյանի մասին նկարահանվեց «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն։
Նրա անունը հիշատակվում է նաև ռեփեր Էմինեմի It’s only fair to warn երգում: Բժշկի ազգանունը օգտագործվեց համակարգչային խաղերում, ինչպես նաև ցանցահենային աշխարհում:
Գևորգյանը, բացի բժշկությունից, տարված է եղել նաև ջազով և գեղանկարչությամբ՝ կտավներ էր նկարում:
Գործերից մեկը, որը կոչվում է «Ցեղասպանություն», պատկերում է կտրված գլուխ, որի մազերից բռնել է գերմանացի և թուրք զինծառայողների երկու ձեռք:
Գլխի ականջներից կախված է երկու ականջօղ՝ մեկը Հայաստանի դրոշով, երկրորդը՝ Դավթի աստղի տեսքով:
Որպես կարմիր գույն՝ այդ կտավում Գևորգյանը օգտագործել է սեփական արյունը: