«Վարկերի վաղաժամ մարման դեպքում տույժերի վերացումը կարելի է սպառողական և հիպոթեքային վարկերի դեպքում, բայց ոչ՝ բիզնես վարկերի»

Մեր զրուցակիցն է «Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը

 – Պարոն Սողոմոնյան, այսօր բանկային ոլորտում վարկերի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն։

– Այս պահին ես ոչ մի խնդիր չեմ տեսնում բանկային ոլորտում։ Բոլորին է հայտնի, որ բանկերը բարձր իրացվելի են, գրեթե բոլոր բանկերում կան ազատ ռեսուրսներ և, հակառակը՝ հիմա բանկերն են հաճախորդի կռիվ անում, որովհետև բավարար ծավալի վարկունակ պահանջարկ դեռ գոյություն չունի։ Հիմա բանկերն ավելի շատ մեկը մյուսից են կարողանում հաճախորդ վերցնել, և դրա արդյունքում էր, որ այս կարճ՝ 1-2 տարում, տոկոսների մեծ նվազում տեղի ունեցավ։

– Սակայն ՓՄՁ ներկայացուցիչներն ասում են, որ 24% է վարկային տոկոսադրույքը, և մատչելի առաջարկներ չկան բիզնեսի համար։

Կարդացեք նաև

– Եթե նման օրինակներ կան, կարող եք մատնացույց անել այդ բանկերին, անուններ տալ։ Ես չգիտեմ նման բանկ, որ այսօր ՓՄՁ-ներին նման տոկոսադրույքով է վարկավորում։ Այդ 24%-ը, հնարավոր է, սպառողական վարկերի վերաբերյալ լինի։ Բայց բոլորը գիտեն, որ սպառողական վարկերը ռիսկային են, և ես չեմ ուզում դա քննարկել։ Ռեալ սեկտորին՝ և՛ խոշորին, և՛ փոքր ու միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման տոկոսադրույքները գրեթե հավասարվել են։ Կոնկրետ մեր բանկը բացահայտ հայտարարում և գովազդում է՝ 10%, 10 տարի ժամկետով, առանց որևիցե հավելյալ գանձումների։

Այսինքն՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որևէ միջնորդավճար, վարկի սպասարկում կամ այլ որևէ վճար չկա։ Կան կազմակերպություններ, որոնք դրամական հոսքերով մեզ մոտ են տեղափոխվում, իրենց ամբողջ շարժը «սպիտակով» է, իհարկե, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ 100% «սպիտակ» դաշտում կան, չգիտեմ, տա Աստված, այդպես լինի։

Բայց երբ դրամական հոսքերն ամբողջությամբ տվյալ բանկում են լինում, մենք նույնիսկ տարեկան տոկոսադրույքն իջեցնում ենք 9%։ Ես կարծում եմ՝ ներգրավված միջոցների և տրամադրված վարկերի այսօրվա մարժան շատ ճիշտ է այնքանով, որ մինչև վերջերս բնակչությունից ավանդներ մենք ընդունում էինք տարեկան մինչև 8%։ Այս պայմաններում 1-2% մարժան և 9-10% տարեկան տոկոսադրույքը լրիվ արդարացված է։ Ամբողջ աշխարհում նույն մարժան է։

Մեր տնտեսվարողները բողոքում են՝ բարձր է, բարձր է, բայց մյուս կողմը չեն նայում, թե մենք ինչ տոկոսադրույքներով ենք ներգրավում միջոցները, այդ թվում՝ միջազգային կառույցները ՀՀ-ին ինչ տոկոսներով են վարկավորում։

– Բայց միջազգային կառույցները, կարծես, ցածր՝ 1-2 տոկոսով են ֆինանսական ռեսուրսներ տրամադրում։

– Չկա այդպիսի տոկոս, թող որևէ մեկն ասի, որ միջազգային կառույցներից 1-2%-ով է միջոցներ ներգրավել։ Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ է Հայաստանն իր միջազգային պարտատոմսերը՝ եվրոբոնդերը, վաճառում 6%-ով։ Չկա նման տոկոսադրույք։ Ինստիտուցիոնալ կառույցներից կամ միջազգային ֆինանսական կառույցներից մեր ներգրաված միջոցների միջին տոկոսադրույքը տատանվում է 6-7%-ի սահմաններում։ Եվ այդ պարագայում 8-9%-ն արդարացված է, մարժան շատ ճիշտ է, դրանից ցածր չի կարող լինել։

Օրինակ՝ այսօր Շվեյցարիայում փողը բանկում պահելու համար հաճախորդը պետք է վճարի։ Իսկ մենք 6%-ով ավանդ ենք ներգրավում, այն էլ՝ դոլարային։ Բանկն իր վրա է վերցնում բոլոր ռիսկերը՝ վաղը դոլարի փոխարժեքն ինչ կլինի։ Եթե բանկը դոլար է վերցրել ու դրամով վարկավորել և մեծ տատանումների դեպքում բանկն է կրում ռիսկն ու պետք է ապահովի բնակչության դոլարային ավանդը։ Այնպես որ, այսօրվա տոկոսադրույքները շատ ճիշտ են։

– Դուք միշտ նշում եք ավանդների և վարկավորման տոկոսադրույքների փոխկապակցվածության խնդիրը։ Ի՞նչ մեխանիզմով կարելի է այդ տոկոսադրույքները նվազեցնել, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի մատչելի վարկեր ստանալ։

– Միանգամից կտրուկ քայլեր անել չի կարելի։ Դա պահանջարկի և առաջարկի խնդիր է։ 2-3 տարի առաջ 8-9%-ով դոլարային ավանդներ էինք ներգրավում, դրամայինը 12-15% էր։ Ինչպե՞ս կարող ենք միանգամից իջեցնել 2-3%, որպեսզի գանք վարկավորման տոկոսադրույքների նվազման։ Բնակչությունը կթողնի՞ այդ ավանդները բանկերում, թե՞ կարող է՝ միանգամից բոլորն էլ հանեն։

Մենք ուսումնասիրել ենք՝ շատերն այդ ավանդների տոկոսներով են ապրում։ Եթե մեզ մոտ էլ, ինչպես Եվրոպայում, ավանդների տոկոսադրույքը 2-3% լինի, կարելի է 4%-ով վարկ տալ։ Բայց կտրուկ իջեցնելը շատ մեծ ռիսկ է։ Խոսքը 7-8 մլրդ գումարի մասին է։ Ամեն ինչ պետք է համաչափ արվի։ Բանկերն էլ են այդ խնդրի մասին մտածում և իրագործում։ Եթե 2 տարի առաջ ավանդների միջին տոկոսադրույքը 8% էր, այսօր իջել է 5-5.5% և դրա արդյունքում էլ առաջարկվում են 7.5-8% վարկեր, իսկ 2 տարի հետո ավանդները կիջնեն 4%, բանկերը կվարկավորեն 6 %-ով։

– Վերջերս կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է վաղաժամկետ մարումների դեպքում տույժ-տուգանքների վերացման անհրաժեշտության մասին։ Այս հարցն ինչպե՞ս կարող է լուծվել։

– Ես կողմնակից եմ, որ այդ տույժ-տուգանքները վերացվեն սպառողական և հիպոթեքային վարկերի դեպքում։ Դա և՛ հասկանալի է, և՛ ընդունելի է։ Սպառողական վարկերից հիմնականում ցածր ապահովված խավն է օգտվում և հնարավորություն չունի մի հատ էլ տույժ վճարելու։

Իսկ բիզնես վարկերի դեպքում ես միանշանակ դեմ եմ, որովհետև կան բիզնեսներ, որոնց 10 մլն և ավելի վարկ է տրամադրվել։ Այդ գումարը ներգրավվում է միջազգային կառույցներից որոշակի ժամկետով՝ կոնկրետ ծրագրի համար։ Եվ եթե հանկարծ այդ 10 մլն-ը 1 տարի հետո ամբողջությամբ մարի, մնացած 4 տարվա տույժ-տուգանքը մնում է բանկի վրա։ Այդ գումարը նորից ե՞րբ կտեղաբաշխվի։ Դա կարող է տևել 6 ամիս, 1 տարի։ Բանկը վնասներ կունենա։ Բայց բանկերն այսօր խոշոր հարկատուներ են։ Մեր եկամուտների և շահույթների լրիվ նվազումը ոչ մի լավ բանի չի բերի՝ բյուջեում մուտքերը կնվազեն, կբացառվի օտարերկրյա ներդրողների մուտքը Հայաստան։ Առանց այն էլ մենք ներդրումների սուր խնդիր ունենք։ Աշխարհում խոշոր և միջին բիզնես վարկերի դեպքում առանց տույժերի վաղաժամ մարման պրակտիկա ինձ ծանոթ չէ։ Նման բան չկա։

– Խոսեցիք բանկերի շահութաբերությունից, որոշ տնտեսագետներ ասում են՝ եթե բանկերն այդքան մեծ շահույթ են ապահովում, կարող են այդ շահույթի հաշվին իջեցնել վարկային տոկոսները։

– Շուտով մեր շահույթներն այնքան կնվազեն, որ բանկերի մեծ մասն այդ նախկին շահույթները չեն ապահովի, որովհետև մարժան այնքան է փոքրացել, որ շահութաբերության մասին խոսելն այսօր շատ բարդ է։ Որևէ մեկը բաժնետերերի մասով վերլուծություն արե՞լ է, թե, օրինակ, 10 միավոր կապիտալի համար շահույթ/կապիտալ հարաբերակցությունն ինչքա՞ն է։ Դա տարեկան միջինում 3-4 % է կազմում։ Այսինքն՝ եթե մի գործի մեջ փող դնեք ու տարեկան 3-4% շահույթ ստանաք, դա համարում եք բա՞րձր շահութաբերություն։

Ես կհամարեմ՝ դա շահութաբերություն չի, որովհետև այսօր շատ բիզնեսներ կան Հայաստանում, որ մեկին՝ մեկ փող են աշխատում։ Բայց բանկերի դեպքում, առավել ևս՝ հիմա, երբ ԿԲ-ն 30 մլրդ դրամի նորմատիվային պահանջ է դրել, այդ 30 մլրդ-ի շահութաբերության տոկոսն իմանալուց հետո գերշահույթի մասին այլևս խոսք չի լինի։ Եթե այս շահութաբերությունը պահպանվեր ևս մի քանի տարի, և ԿԲ նորմատիվային պահանջը չլիներ, ոչ մի սեփականատեր բանկում փող չէր ներդնի։

– Ձեր կարծիքով՝ տնտեսությունն ինչո՞ւ չի կարողանում կլանել բանկերում եղած փողը, ռիսկե՞րն են շատ։

– Տնտեսությունն այդ աճը չունի։ Ոչ ոք չի թաքցնում, նույնիսկ վարչապետն էլ է ասում, որ մեր տնտեսությունը մեռած վիճակում էր, հիմա պետք է արթնանա։ Եթե արթնանա, դրա պահանջարկն էլ կլինի։ Տեսնենք՝ այս տարի աշխուժացում կնկատվի՞, թե՞ ոչ։ Մենք ականատեսն ենք օրական բազմաթիվ կազմակերպությունների փակման կամ սնանկացման դեպքերի։

– Դրա պատճառը ո՞րն է, քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական դաշտում է։

– Տնտեսական է։ Իհարկե, քաղաքականությունն իր ազդեցությունն ունի, բոլոր տնտեսական ճգնաժամերը կամ վատ վիճակն արդյունք են քաղաքականի։

Բայց ես չեմ ուզում անդրադառնալ քաղաքականությանը։ Տնտեսությունն է վատ վիճակում։ Հիմա տնտեսությունը կվերականգնվի՞, կսկսի՞ առաջ գնալ, ԵԱՏՄ անդամի կարգավիճակը հնարավորություն կտա՞ առաջընթացի ու զարգացման, կապրենք՝ կտեսնենք։ Մենք էլ ենք հուսով, որ այս տարի տնտեսության զարգացումն ինչ-որ չափով բեկումնային կլինի։ Այլապես բանկերում առկա գումարները կմնան չիրացված, որը, իհարկե, բացասաբար է ազդում բանկերի շահութաբերության, ներդրողների վրա, և թույլ չի տալիս տոկոսներ նվազեցնել։ Որովհետև, եթե փողը մնում է բանկում ու չի աշխատում, իսկ բանկը տոկոս է վճարում, ուրեմն պարզ է, որ վարկերի տոկոսադրույքների նվազումն ավելի դանդաղ կիրականանա։

Տեսանյութեր

Լրահոս