Ունևոր եվրոպացիները մեկ օրում հարստացել են 27 մլրդ դոլարով
Ամենահարուստ եվրոպացիները Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո իրենց կարողությունն ավելացրել են 27,5 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Եվրոպայի ֆոնդային շուկաների ցուցանիշներն ապրիլի 24-ին աճել են մինչեւ 17 ամսվա առավելագույն մեծություն: Դա ինդեքսի եվրոպացի մասնակիցներին 2,6 տոկոսով կապիտալների ավելացում է բերել:
Կարողության առավել մեծ աճով աչքի է ընկել իսպանացի ռեթեյլեր Ամանսիո Օրտեգան. օրվա ընթացքում նրա կապիտալն ավելացել է 2,7 մլրդ դոլարով:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ (կայանալու է մայիսի 7-ին) են անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը:
Ավելի վաղ ներդրողները երկյուղում էին, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցնեն երկու եվրոսկեպտիկները՝ լե Պենը եւ ծայրահեղ ձախ թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը: Երկու թեկնածուներն էլ խոստացել են հանրաքվեի դնել Եվրամիությանը Ֆրանսիայի անդամակցության հարցը, ինչը երկյուղներ էր առաջացրել այսպես կոչված Frexit-ի կապակցությամբ։