102-րդ ռազմաբազայից կրկին ռուս զինծառայող փախել. ռազմաբազային խուսափում են պարզաբանել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան երեկ կրկին ռուս պայմանագրային զինծառայող է լքել:

ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ 102-րդ ռազմաբազայի լրատվության հարցերով պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից: Սակայն, երբ վերջինս տեղեկացավ, որ իր հետ խոսում է լրագրող, միանգամից ընդհատեց հեռախոսազանգը: Այնուհետեւ, զանգերին պատասխանեց իգական սեռի մի ներկայացուցիչ եւ տեղեկացրեց, որ նա չի կարող տրամադրել Անդրեյ Դոբրոսմիսլովի հեռախոսահամարը:

Նշենք, որ հայ ոստիկանները եւ ռուս սպաները Գյումրու տարածքով ընկած փնտրում են ռուս զինծառայողին: Խոսակցություններ կան, որ նա զինված է:

Դեպքի վերաբերյալ հավանաբար չի ցանկանում պարզաբանումներ տալ նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս