Ֆիյոնը խոստացել է սառը պատերազմ թույլ չտալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը կարեւորում է պայքարը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին նա հայտարարել է “Europe-1” ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով Ֆրանսիան պետք է անկախ քաղաքականություն վարի: «Դառնալով նախագահ՝ ես մտադիր չեմ նոր սառը պատերազմ թույլ տալ աշխարհում ամենախոշոր միջուկային զինանոցներն ունեցող երկրների, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Ֆրանսիան, վարելով անկախ քաղաքականություն, պետք է իր ձայնը բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ առաջադրի այնպիսի նախաձեռնություններ, որոնք թույլ կտան խուսափել պատերազմից, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այսօր աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ, հետեւաբար այն վտանգավոր է: Այն վտանգ է ներկայացնում խաղաղության գործի համար, քանի որ անթույլատրելի է ամենուրեք իրականացնել ռազմական միջամտություններ՝ ղեկավարվելով սոսկ հույզերի պոռթկմամբ, ինչպես այժմ դա անում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-ընդգծել է Ֆիյոնը:
Պատասխանելով Թուրքիայում կայացած հանրաքվեի վերաբերյալ հարցին՝ Ֆիյոնը նշել է, թե «անհրաժեշտ է, որ Ֆրանսիան եւ Եվրոպան գործեն ԱՄՆ-ից անկախ»:
«Օգտակար չեմ համարում այն, որ Դոնալդ Թրամփը հապճեպորեն Թայիփ Էրդողանին շնորհավորեց հաղթանակի առթիվ այն դեպքում, երբ այդ քաղաքական գործիչը ոտնահարում է ժողովրդավարությունն իր երկրում: Թրամփը հաճախ հանկարծակիորեն եւ անկանխատեսելիորեն փոխում է դիրքորոշումները, եւ դա մեկ անգամ եւս մատնանշում է, որ Ֆրանսիան պետք է անկախ քաղաքականություն վարի»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍը: