«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ՍԱՍ-ի այդ ձայնագրության մասով ասում է, որ այդ մարդիկ ոչխար են, իրենք են ոչխար». Հարություն Մեսրոբյան

Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը

– Պարոն Մեսրոբյան, «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։

 – Ես այդ գործը 2 դիտանկյունից  եմ նայում՝ բուն գործի էության և այդ երևույթի իմաստով։ Բուն գործի իմաստով ես այնքան շատ եմ տեսնում տարբեր կարծիքներ, չակերտավոր և ոչ չակերտավոր վերլուծություններ, որ չեմ ուզում հիմա ևս մի վերլուծություն ավելացնեմ։ Ես կխոսեմ երևույթի մասին։ Այստեղ մի մեծ, կարևոր անբարոյական կողմ կա, որը, կարելի է ասել, 1991 թվականից մեզ հետապնդում է։

Ո՞րն է այդ անբարոյականության մեխը. Շատ-շատերը հրապարակային ելույթներում և հարցազրույցների, տարբեր վերլուծությունների ժամանակ իրենց ձևացնում են սուրբ կույսերի պես, որը ես սկզբունքորեն չեմ ընդունում։ Ինչո՞ւ։ Մենք շատ լավ գիտենք, և վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ժողովուրդն իրականությունը լավ էլ գիտի, և շատ գործիչների երկերեսանիությունը, կեղծավոր մտահոգությունները, տարիներ շարունակ այդ երկփեղկվածությունը սովորական մարդը զգում է։ Դրա համար մենք այս տարիների ընթացքում կորցրել ենք ընտրության էությունը։ Ո՞րն է դա։

Որպես կանոն՝ մրցում են կեղծավորները, որոնք կուլիսների հետևում իրենց շատ անպարկեշտ են պահում, հենց գործը հասնում է հրապարակային ելույթների, վերլուծությունների, քննադատությունների, անգամ հայհոյանքների, ոչ մի աղերս չունի այդ անդրկուլիսյան պահվածքի հետ։ Եվ այդ անբարոյականության շիլափլավը որերորդ անգամ ներկայացնում են՝ որպես ընտրություն։

Ստացվում է, որ մեզ մոտ ընտրությունը, ըստ էության, ընտրություն չի։ Դա ընտրություն է վատի և շատ վատի միջև։ Դրա պատճառով մարդիկ ընկնում են նաև կախվածության տակ՝ աշխատանքի, ֆինանսականի իմաստով, որովհետև իրենց խնդիրները ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններն են, որ այդ կեղծավորության երևույթի ներքո լսում են, այլ իրենք ունեն շատ կոնկրետ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ՝ 1991 թվականից, գրեթե բոլոր դեմքերը, պարզ ասած, թքած ունեն, և ժողովուրդն իրեն զգում է անտեր, ոչ մեկին չի հավատում, և դրա համար ընտրություն չի լինում։ Ես բազմիցս ասել եմ՝ վատի և վատի միջև ընտրություն չկա։

Այդ ձայնագրությունը կլիներ շատ ուժեղ, եթե, այո, ընտրվողների մեջ լինեին անբիծ մարդիկ, դեմքեր, և արդեն ինքը՝ ժողովուրդը, այդ կենցաղային կախվածությունն առաջին գիծ չէր հանի։ Չի կարելի այդ մարդկանց մեղադրել։ Սոցցանցերում գրում են՝ «ոչխար», և այլն։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ով այդ ձայնագրության մասով ասում է, որ այդ մարդիկ ոչխար են, իրենք են ոչխար, որովհետև չտալով մարդկանց ոչ թե ֆորմալ, այլ ըստ էության ընտրության հնարավորություն, այն է՝ ընտրություն վատի ու լավի և լավի ու շատ լավի միջև, դեմ տալով վատի ու շատ վատի ընտրությունը, բերում են նրան, որ մարդիկ այս պահերին իրենց առավել անտեր են զգում և դրա համար էլ ստիպված են լուծել կոնկրետ կենցաղային խնդիրներ։

– Պարոն Մեսրոբյան, հնարավո՞ր է հաշվել, թե ընտրությունների ժամանակ որքան ընտրակաշառք է բաժանվել։

– Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե բոլոր առաջադրվողների մեջ քանի տոկոսն են կեղծավորություն անում։ Շան գլուխն այդտեղ է թաղված։ Իսկ ձեր նշածը հետևանքն է։

– Բայց եթե անկեղծությամբ են առաջնորդվում, ընտրակաշառք չեն բաժանի։

– Դա թող քննիչները որոշեն, թե ինչ չափով հանցակազմ կա։ Ինձ՝ որպես կառավարման փորձագետի, երևույթի էությունն է կարևոր։ ԶԼՄ-ները լավ կանեն լրագրողական հետաքննություն անեն, թե շատ գործիչներ՝ ասպարեզում երևալուց մինչև այս ընտրությունները, քանի անգամ են փոխել իրենց տեսակետները, թե իրականության մեջ ինչ են հայտարարել և ինչ են արել։ Այդ ժամանակ կպարզվի, որ ամբողջ դաշտը գրեթե ամբողջությամբ կեղծավոր է։ Իսկ եթե դաշտի կեղծավորությունը ցայտուն երևում է, ի՞նչ ենք ուզում ժողովրդից։

Կարո՞ղ է՝ ժողովուրդը հիմար է, չի տեսնում, որ հիմնականում շատերը բառացիորեն սուտ են խոսում, և՛ բարոյական նորմերն են խախտված, և՛ մի շարք այլ նորմեր։ Եվ այդ մարդկանց դեմ են տալիս, ասում են՝ ընտրեք։ Եթե լինեին իրոք հիմնականում առողջ ուժեր, և ժողովուրդը վերցներ փողն ու արժանիներին չընտրեր, միայն այս դեպքում ես կստորագրեմ ցանկացած մեղադրանքի տակ։

– Պարոն Մեսրոբյան, այսպիսի հենքով ձևավորված Ազգային ժողովից ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել։

– Ոչ մի։ 1991 թվականից քոփի-փեյսթ է, մի քիչ երանգները կփոխվեն, էությունը չի փոխվում։ Իմ մտահոգությունը գալիս է նրանից, որ մեզ մոտ էությունը չի փոխվում։ «4+4+4» ձևաչափն ի՞նչ էր քննարկում ամիսներով։ Տեխնոլոգիական ու տեխնիկական հարցեր, ճի՞շտ է, որպեսզի ընտրությունը լինի թափանցիկ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ ՝ դա այս պահին բոլորովին մեր խնդիրը չէ, որովհետև պատկերացնենք, որ ընտրությունները փայլուն անցկացվեցին, ոչ մի ձայն չկեղծվեց, ոչ մի լումա կաշառք չտրվեց, ի՞նչ է լինելու։ Այս անբարոյականության մթնոլորտում մի խումբ անարժաններ կընտրվեին, իսկ ոչ թափանցիկ, անբարոյականության մթնոլորտում ընտրվում են մյուս խումբ անարժանները։ Ի՞նչ ենք մենք շահում։

Տպավորություն է, որ Տոտո-լոտոյում խաղադրույք ենք անում՝ ո՞վ է ընտրվելու։ Դա նորմա՞լ է։ Եթե ընտրելու բան գրեթե չկա, ես 100%-ով չեմ պնդում, բայց ո՞նց է մեր լեզուն պտտվում՝ անունը դնել ընտրություն։ Մեզ մոտ հնարավորություն չկա վատի և լավի միջև ընտրելու 1991թ.-ից։ Հետևապես՝  մեզ մոտ 1991 թ.-ից ընտրությունը, որպես էություն, թաղված է՝ իր բոլոր հետևանքներով։

Տեսանյութեր

Լրահոս