Լապշինի հարցով Հայաստանը տարբեր մակարդակներով դիմել է Բելառուսին. ՀՀ ԱԳՆ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մենք այդ հարցով բելառուսական կողմին տարբեր մակարդակներով դիմել ենք»,- նշեց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Լապշինի հարցով Հայաստանն իրեն երբեք չի դիմել: «Հայաստանն ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Ադրբեջանի կողմից Լապշինի հետախուզում էր հայտարարված:  Իսկ ինչու նրան այստեղ ձերբակալեցին: Թող գնար ուր ո ւզում էր: Բայց ձերբակալեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք հավուր պատշաճի, որպես օրինապահներ: Ո՞ւմ պետք է մենք նրան հանձնեինք: Նրան, ով նրա հետախուզումն էր հայտարարել: Լապշինին ոչ ոք չէր էլ ուզում վերցնել: Այդ հետո արդեն սկսեցին խաղարկել այդ խաղաթուղթը: Նա երեք երկրի քաղաքացի է. այդ երկրներից ոչ մեկը նրա նկատմամբ հավակնություն չուներ: Բայց ոչ, փորձում են հարցը գլխիվայր շրջված ներկայացնել ու վերջ»,- ասել է Լուկաշենկոն:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել և 2017թ. փետրվարի 7-ին Ադրբեջան է արտահանձնել Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով բնակվում էր Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Լապշինի նկատմամբ՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


Տեսանյութեր

Լրահոս