Ո՞րն է ՀԱՊԿ-ում Հայաստանի դերը. պարզաբանում է Սերժ Սարգսյանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ: Պայմանագիրը ստորագրած պետությունները ելել են կազմակերպության գոտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Խոսքն այս դեպքում հավաքական օգուտի մասին է, որը ստացվում է համատեղ ջանքերի արդյունքում: Մեր դիրքորոշումն այսպիսին է, ու որքան արագ ընթանա ՀԱՊԿ-ի ադապտացիան ժամանակակից իրականությանը, այնքան ավելի լավ կլինի կազմակերպության բոլոր անդամների համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ին և մասնավորապես Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները և վտանգները ի հայտ են գալիս տարբեր եղանակներով: Անվտանգության սպառնալիքները բազմաշերտ են: Կոնկրետ մեզ համար սպառնալիք է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Խոսքն Ադրբեջանի մասին է, որը ցանկանում է զենքի միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, դրա համար մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,- ասել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է այն տարածքներից, որտեղ գործունեություն է ծավալում «Իսլամական պետությունը»: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն անուղղակի կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ «Իսլամական պետության» գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրները ներկայացնող շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, ովքեր արդեն ռազմական փորձ ունեն, ովքեր դիմում են բարբարոսական մեթոդների և կարող են լրացուցիչ բ արդություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունությունը պահպանելու գործում: Մենք, ցավոք սրտի, շփման գծի մյուս կողմում լսում ենք արաբերեն խոսակցություններ և այլ ձայներ: Մեզ թվում է, որ մարդիկ, ովքեր հեռացել են Մերձավոր Արևելքից, ներգրավվում են մեր տարածաշրջանի հակամարտություններում: Սա, իհարկե, շատ վտանգավոր է: Ժամանակակից աշխարհում շատ այլ սպառնալիքներ ևս կան, դրանք շատ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին` ո՞րն է ՀԱՊԿ-ում Հայաստանի դերը` ՀՀ Նախագահը պատասխանել է. «Հայաստանը համարվում է ՀԱՊԿ հիմնադիր պետություններից մեկը և այս հանգամանքը Երևանի ուսերին լրացուցիչ պարտավորություններ է դնում: Մենք մեր դերը տեսնում ենք կազմակերպության կողմից դրված պահանջները և պարտավորությունները կատարելու մեջ:

Որովհետև, ես կարծում եմ, որ դա առաջին գործն է, որ պետք է անեն կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնք ցանկանում են, որ կազմակերպությունն ուժեղ լինի: Աշխարհը փոփոխվում է: 25 տարի առաջ, հավանաբար, ոչ ոք չէր մտածում, որ ահաբեկ չությունը ընդհանրապես ի հայտ կգա ու այսքան մեծ մասշտաբների կհասնի: Դրա համար մեր կազմակերպությունը պետք է ադապտացվի, զարգանա: Անցած տարի Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ մենք ընդունել ենք հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.: Կազմակերպությունում մեր  նախագահության հենց սկզբից դա մեզ համար առաջնահերթություն էր, և մենք կարողացանք այն կյանքի կոչել: Այդ ռազմավարության մեջ հստակ մատնանշված են բոլոր ուղղություններով մեր կազմակերպության զարգացման հիմնական դրույթները: Ես կարծում եմ, որ թե Հայաստանի, թե մյուս հետաքրքրված անդամների համար կարևոր է ՀԱՊԿ-ի զարգացումը»,- հավելել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը չի ցանկացել համեմատություն անցկացնել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` ընդգծելով, որ ցանկացած կազմակերպություն ստեղծման պահից հետապնդում է իր նպատակները, իր առաջադրանքները և յուրաքանչյուր կազմակերպություն յուրովի է կայանում: «Մենք պետք է հաշվի առնենք այն ճանապարհը, որն անցել են փորձառու կազմակերպությունները: Որևէ ամոթ բան չկա դրական փորձը յուրացնելու մեջ: Ես կարծում եմ, որ նպատակները և առաջադրանքները, որ իրենց առջև դրել են անդամ պետությունները մեր կազմակերպության ստեղծման ժամանակ, իրատեսական են և ձեռնտու անդամ բոլոր երկրների համար: Դրա համար կրկնում եմ` մեր խնդիրը ՀԱՊԿ-ն զարգացնելն է, մենք պետք է զարգանանք, որպեսզի ուրիշները փորձեն մեզ համեմատել այլ կազմակերպությունների հետ»,- ասել է Ս. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս