Հարցվածների 12 տոկոսը բացասական է գնահատել կառավարության աշխատանքը

Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը` չնայած երկրում տիրող իրավիճակից ընդհանուր դժգոհությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:

«Հարցվածների միայն 12 տոկոսն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը: 31 տոկոսը միանշանակ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, իսկ 46 տոկոսը` ավելի շուտ դրական»,- նշեց Ֆյոդորովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունը կառավարության աշխատանքների վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ունի: Հարցվածների միայն 6 տոկոսն է ասել, որ կառավարության աշխատանքի մասին ոչինչ չգիտի: «Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի նկատմամբ վերահսկողությունը, կադրային ճիշտ քաղաքականությունը, ընդհանուր իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը, ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփո խումները»,- ասաց Վալերի Ֆյոդորովը:

Ըստ նրա՝ հարցվածները կառավարության աշխատանքում շատ քիչ թերություններ ու սխալներ են մատնանշել, որոնք հիմնականում վերաբերվում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը:

Կարդացեք նաև

Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ բնակչությունը հիմնականում գոհ չէ երկրում տիրող իրավիճակից: Հարցման մասնակիցների 33 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանում իրավիճակը գրեթե չի փոխվում, 13 տոկոսը կարծում է, որ իրավիճակն ավելի շուտ լավանում է, 32 տոկոսը գտնում է, որ միանշանակ վատանում է, իսկ 19 տոկոսը` ավելի շուտ վատանում է:

«Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այսօր տիրող իրավիճակի նկատմամբ բնակչության մոտ ավելի շատ բացասական տրամադրություններ են: Մարդիկ բացասական են գնահատում նաև փոփոխությունների դինամիկան»,- նշեց Վալերի Ֆյոդորովը:

Հարցվածների 20 տոկոսի համար առաջնահերթ է իշխանության փոփոխությունը, 10 տոկոսի համար` առաջիկա ընտրությունները, 6 տոկոսի համար` սահմանին տիրող իրավիճակը:

«Հանրապետության բնակչությունը բավականին քաղաքականացված է: Հարցվածների 71 տոկոսն ասել է, որ մշտապես կամ ժամանակ առ ժամանակ հետևում են երկրի սոցիալ-քաղաքական վիճակին: Սա հետխորհրդային տարածքի այլ երկրների համեմատ բավականին մեծ թիվ է: Քաղաքացիները հիմնականում հետևում են երկրում քաղաքական և տնտեսական զարգացումներին»,- ընդգծեց Վալերի Ֆյոդորովը:

Հարցման մասնակիցների 45 տոկոսը Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է համարել գործազրկությունը: 22 տոկոսը համարում է, որ լուրջ խնդիր է հանրապետությունում ճանապարհների վիճակը:

Հարցվածների 14 տոկոսն էլ այն կարծիքին է, որ երկրի համար լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը, 13 տոկոսը` աղքատությունը, 8 տոկոսը` ջեռուցման և էլեկտրականության հետ կապված խնդիրները, 8 տոկոսը` հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը, 7 տոկոսը` կրթության ոլորտի խնդիրները, 7 տոկոսը` թոշակների ցածր մակարդակը, 5 տոկոսը` միգրացիայի խնդիրները:

Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս