Բաժիններ՝

Շուշիի բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում գետնանուշի յուղ է արտադրվում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում արդեն գետնանուշի յուղ է արտադրվում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քիմիկոս, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր Գագիկ Ներսիսյանն ասել է, որ լաբորատորիայում արտադրվելու են տարբեր բուսայուղեր, քսուքներ, որոնք կարող են օգտագործվել սննդակազմում, կենցաղում, ինչպես նաև տարբեր հիվանդությունների դեմ:

«Մենք ներկայումս աշխատանքներ ենք տանում գետնանուշի յուղի տեխնոլոգիական փակ ցիկլի ստացման ուղղությամբ: Այն Հայաստանում և Արցախում երբեք չի արտադրվել և կենցաղում դեռևս կիրառություն չունի: Աշխարհի բնակչության 40-50 տոկոսը, որպես բուսայուղ օգտագործում է գետնանուշի յուղը: Այն լավ վիտամինային պարունակություն ունի, բավականին շատ են չհագեցած ճարպաթթուները, ինչն օգտակար է աթերոսկլերոզի բուժման համար: Այն օգտակար է նաև սիրտանոթային հիվանդություններ ունեցողների համար: Մենք ծրագիր ենք նախապատրաստում Արցախում գետնանուշի արտադրություն կազմակերպելու համար: Նախատեսում ենք ոչ միայն գետնանուշի մշակումը կազմակերպել, այլ նաև՝յուղի արտադրություն: Մեր ժողովրդին պիտի սովորեցնենք, որ այն, որպես սննդային արժեք, արևածաղկի յուղից ավելի գնահատելի է»,- մանրամասնել է Գ. Ներսիսյանը և ընդգծել, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն աշխատանքներ է տանում, որ գետնանուշի յուղն Արցախի կենցաղում և արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ունենա:

Մեր զրուցակցի խոսքով, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր ուժերով այս տարի մեկ հեկտար գետնանուշ կցանի: Այդ մշակաբույսն Արցախում դեռևս չի մշակվել: «Մեր ծրագրի մեջ կարևոր հանգամանք է այն, որ ոչ միայն գետնանուշն է ամբողջովին իրացվելու, այլև բույսի վերգետնյա մասը, որն իրենից ներկայացնում է 0,62 կերամիավոր անասնակեր: Մեկ հեկտարի վրա սկզբում կփորձենք, այնուհետև որոշել ենք կուլտուրայի ցանքսը կատարել Թալիշի շրջանում, որովհետև այդ հողերը շատ բերքառատ են»,- պարզաբանել է Գ. Ներսիսյանը:

Լաբորատորիայի աշխատանքներին ուսանողներն առայժմ հատուկ կուրսով են մասնակցելու. դասախոսությունների միջոցով նրանք ծանոթանալու են բուսայուղերին և եթերայուղերին, որից հետո արդեն կկատարվեն լաբորատոր աշխատանքներ:

«Գետնանուշի յուղն ամբողջովին անվտանգ է, դրա ստացման պրոցեսում որևէ քիմիական պրոցես չենք կատարելու: Քիմիական պարարտացում նույնպես տեղի չի ունենալու: Ըստ մեր չափումների գետնանուշի յուղի պարունակությունը 54 տոկոս է: Այսինքն` մեկ կիլոգրամ գետնանուշից կես կիլոգրամից ավելի գետնանուշի յուղ ենք ստանալու: Շատ կարևոր հանգամանք է գետնանուշի յուղից հետո մնացորդային սպիտակուցային զանգվածը, որը պարունակում է 35-40 տոկոս սպիտակուցներ և շատ պիտանի է օրգանիզմի համար: Այն կօգտագործվի խմորեղենների, հալվաների, տարբեր պաշտետների արտադրության մեջ»,- ասել է Գ. Ներսիսյանը:

Բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրը նշել է նաև, որ սարքավորումները նախատեսված են եթերայուղերի անջատման, սպիրտի և այլ խմիչքների արտադրության համար: Նրա խոսքով, լաբորատորիան առանձնահատուկ կարևոր դեր ունի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 2017-2018 ուսումնական տարվանից բացվող պարենամթերքի արտադրության մասնագիտությամբ ուսուցում կազմակերպելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս