Ֆեյսբուքն ու խորհրդարանական ընտրությունները. Սպասենք ֆեյքերի պատերազմների

Սոցիալական ցանցերը դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։ Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն փաստն այն է, որ շատ մարդիկ սոցցանցերում (Ֆեյսբուք, թվիթթեր, օդնոկլասսնիկի և այլն) ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրական կյանքում։

Սոցցանցերից օգտվող մարդկանց թիվը գնալով աճում է, և բնական է, որ այս հարթակը չէր կարող չօգտագործվել նաև գովազդային նպատակներով։ Մասնավորապես, Ֆեյսբուքը վաղուց արդեն համարվում է խոշորագույն գովազդային հարթակներից մեկը (2015 թվականին ընկերության եկամուտը գովազդից կազմել է 17 մլրդ դոլար)։ Այս սոցիալական ցանցը գովազդի համար օգտագործում են ոչ միայն բիզնես ընկերությունները, այլև քաղաքական ուժերը։ Հայաստանի քաղաքական գործիչներն ու ուժերը նույնպես օգտագործում են Ֆեյսբուքը և դրա գովազդային հնարավորությունները։ Իսկ ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` նրանց ներկայությունն այս հարթակում նկատելիորեն ակտիվացել է։

Ինչպես են օգտագործում ՀՀ քաղաքական ուժերը Ֆեյսբուքի հնարավորությունները

Ըստ Smartology թվային մարքետինգի ակադեմիայի տնօրեն Արտակ Հարությունյանի` ներկայումս ընթանում է, այսպես ասած, «քաշ հավաքելու» և հետախուզական փուլը։ Քաղաքական ուժերը նախ մի կողմից` ակտիվացնում են իրենց ֆեյսբուքյան էջերը, հետևողների թիվը, նոր շունչ հաղորդում դրանց, մյուս կողմից` շոշափում հասարակության և մրցակիցների տրամադրությունները։

Ամենաթարմ օրինակներից մեկը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջն է։ Աբրահամյանի էջը վաղուց գոյություն ուներ, սակայն 2015 թվականի մայիսի 30-ից հետո այն չէր թարմացվել։

7-ամսյա ընդմիջումից հետո առաջին գրառումը ցավակցական` ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ էր։ Այժմ նախկին վարչապետի էջը բավականին ակտիվ է, և հետևողների (լայքերի) թիվը մոտենում է 10 հազարի։ Բավականին ակտիվացել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը։ Հետևողների թիվն արդեն գերազանցում է 16 հազարը։ Այստեղ հարկ է նշել, որ պարտադիր չէ, որ էջի հետևողը լինի տվյալ անձի կամ ուժի համակիր։

Ի դեպ, փոխվել է նաև Օհանյանի էջի բովանդակային տրամաբանությունը։ Նախկինում այստեղ կարելի էր հանդիպել կիսված նյութեր, որոնք դժվար էր պատկերացնել նախարարի էջում (օրինակ` 2015-ի օգոստոսի 30-ին Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր News Style-ի հոդվածով, որտեղ ոճաբան Արմինե Մարտիրոսյանը խորհուրդ էր տալիս` ի՞նչ տեսքով գնալ դասի սեպտեմբերի 1-ին)։

Դա այնքան տարօրինակ էր, որ շատերը կարծում էին` Սեյրան Օհանյանն այս էջի հետ իրականում կապ չունի։ Սակայն հիմա ակնհայտ է, որ սա հենց նախկին նախարարի էջն է։ Ի դեպ, թյուրիմացություններից խուսափելու համար Ֆեյսբուքում կա, այսպես ասած, վերիֆիկացիայի հնարավորություն։ Դա կապույտ ֆոնով կլոր նշանն է, որը նշանակում է, որ Ֆեյսբուքը հաստատել է` էջը պաշտոնապես պատկանում է տվյալ մարդուն։ Հաստատված էջ ունի, օրինակ, «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև` «Ելք» դաշինքի նրա գործընկեր Էդմոն Մարուքյանը։

ՀՀԿ-ի ծանր հրետանունը` Արմեն Աշոտյանինը, ոչ թե էջ է, այլ անձնական օգտահաշիվ (պրոֆիլ), որն ունի 5000 ընկեր և մոտ 68 հազար բաժանորդ (հետևող)։ Այսինքն, Արմեն Աշոտյանը բավականին վաղուց արդեն լուրջ ֆեյսբուքյան լսարան ունի։

Արտակ Հարությունյանը նշում է, որ «քաշ հավաքելու» պրոցեսի մասն է կազմում նաև կեղծ (ֆեյք) պրոֆիլների ստեղծումը։ Քաղաքական ուժերը կամ գործիչները ձևավորում են ֆեյքերի բանակներ, որոնք հարկ եղած դեպքում կպաշտպանեն կամ կհայհոյեն որևէ մեկին, կազդեն հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Վերջին շրջանում օգտատերերն ավելի հաճախ են ստանում ընկերության հայտեր, ասենք, Ջոն Սմիթից, որը 1-2 ամիս անց կարող է անվանափոխվել Պողոս Պողոսյանի և սկսել աշխատել կոնկրետ ինչ-որ մեկի օգտին։ Ֆեյքերն ընտրություններին ընդառաջ՝ գնալով կակտիվանան։ Այնպես որ, պատրաստվեք ֆեյքերի պատերազմների։

Բացի քաշ հավաքելուց` քաղաքական ուժերը նաև հետախուզություն են անում վիրտուալ տիրույթում։ Արտակ Հարությունյանի տեղեկություններով` վերջին 2-3 շաբաթների ընթացքում Հայաստանից մեծ թվով հարցումներ են ուղղվել Social Bakers հարթակին` դրա գործիքներն օգտագործելու նպատակով։ Social Bakers-ը համացանցում և սոցիալական ցանցերում մոնիտորինգի համար նախատեսված լուրջ գործիքներ ունի, որոնք թույլ են տալիս ճշգրիտ պատկերացում կազմել հետաքրքրող լսարանի մասին։ Մեր զրուցակիցը նշում է, որ, ամենայն հավանականությամբ` հետաքրքրվողները քաղաքական ուժերն են, քանի որ բիզնեսում նկատելի բում չկա։ Այսինքն, մարդիկ փորձում են կարծիք կազմել իրենց վիրտուալ էլեկտորատի մասին։

Ով և ինչպես է աշխատում քաղաքական ուժերի համար

Մի բան է Ֆեյսբուքում ինչ-որ բան հրապարակելը, մեկ այլ բան` դրա համար դիտում ապահովելը։ Գրառումը կամ հրապարակումը հնարավորինս շատ մարդու ցույց տալու համար այն կարելի է գովազդել Ֆեյսբուքում։ Գովազդի գինը կախված է լսարանի մեծությունից, գովազդի տևողությունից, և այլն։

Կարելի է գովազդել ինչպես` էջը` դրա հետևողների թիվն ավելացնելու համար, այնպես էլ` առանձին հրապարակումները` առավելագույն դիտումներ ապահովելու համար։

Ֆեյսբուքյան գովազդն ամենաակտիվ և հետևողական օգտագործողներից մեկն «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։ Վերջինս ոչ միայն Ֆեյսբուքում հրապարակում է ԱԺ-ում ունեցած իր ելույթներն ու հարցուպատասխանները, այլ նաև ակտիվ գովազդում է դրանք։ Ուրիխանյանի գովազդը հաճախ կարելի է հանդիպել ֆեյսբուքյան լրահոսում։ Վերջին ամիսներին Ֆեյսբուքում ակտիվ էր նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Սակայն Արտակ Հարությունյանը մեզ հիշեցրեց, որ ֆեյսբուքյան գովազդն ընտրական նպատակներով ՀՀ քաղաքական գործիչներից առաջինն օգտագործել է Վարդան Սեդրակյանը` «էպոսագետը»։

Վերջին շրջանում Ֆեյսբուքում ակտիվ գովազդային արշավ է սկսել Հայ ազգային կոնգրեսը։ Անձամբ ինձ արդեն հանդիպել է 3 տարբեր հրապարակում` դրված գովազդի տակ։

Ֆեյսբուքյան գովազդը, սակայն, նրբություններ ունի` հնարավոր է 100 դոլար ծախսել և արդյունք չստանալ, հնարավոր է նաև` 10 դոլար ծախսելով` մեծ արդյունք ստանալ։ Այստեղ շատ կարևոր է լսարանի թիրախավորումը, կամ, ինչպես ասում են, targeting-ը։ Դուք ինքներդ կարող եք որոշել, թե ձեր բյուջեի շրջանակներում գովազդը որ տարիքի և որ սեռի մարդկանց ցույց տա, որ տարածքում ապրող, ինչ հետաքրքրությունների տեր։

Դատելով վերջին շրջանի հրապարակումներից` հայաստանյան ուժերը սկսել են ուշադրություն դարձնել targeting-ին։ Օրինակ` Սեյրան Օհանյանի շնորհավորական նյութը Բանակի օրվա առթիվ դրված էր գովազդի տակ` Հայաստանում ապրող 18-64 տարեկան մարդկանց համար։ Էջով զբաղվողը նաև հատուկ նշել է, որ գովազդը ցույց տրվի բիզնեսով հետաքրքրվողներին (սա` անձամբ իմ օգտահաշվով, հնարավոր է` այլ հետաքրքրություններ ունեցող մարդկանց այլ բաներ էլ ցույց տա)։

Ֆեյսբուքյան առաջխաղացումն արդյունավետ կազմակերպելու համար պետք է որոշ գիտելիքներ ունենալ այդ ոլորտից կամ դիմել, այսպես կոչված, պրոֆեսիոնալ «էսեմեմշիկների» (SMM – social media marketing) օգնությանը: Արտակ Հարությունյանը, հիմնվելով իր սեփական դիտարկումների վրա, կարծում է, որ քաղաքական ուժերը հիմնականում ինքնուրույն են զբաղվում առաջխաղացմամբ։ Նրա կարծիքով, եթե անգամ դիմեն պրոֆեսիոնալների օգնությանը, ապա այդ պրոֆեսիոնալները կլինեն իրենց թիմի անդամ, քանի որ վստահության և ինֆորմացիայի արտահոսքը կանխելու հարցեր կան։

Ի՞նչ դեր է խաղում Ֆեյսբուքը

Կարծիքներ կան, որ Ֆեյսբուքն իրականում շատ է տարբերվում իրականությունից։ Այսինքն` Ֆեյսբուքում ակտիվ և մեծ լսարան ունեցող ուժերն իրականում կարող են անհամեմատ ավելի քիչ քվե ստանալ։ Սակայն հասարակական կարծիքի վրա ազդելու տեսանկյունից` Ֆեյսբուքի դերը դժվար է գերագնահատել։

Օրինակ, վերջերս լուրջ վերլուծություն հրապարակվեց ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ֆեյսբուքյան քարոզարշավի ազդեցության մասին։ Այդտեղ ապացուցվում էր, որ Թրամփին հաջողվել է հաղթել` ֆեյսբուքյան ճիշտ թիրախավորված քաղաքականության շնորհիվ։ Իհարկե, Հայաստանում իրականությունն այլ է, սակայն ֆեյսբուքյան լսարանը բավականին մեծ է. Հայաստանից ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ֆեյսբուք այցելած օգտատերերի թիվը հասնում է 1 միլիոնի, և ըստ տարբեր գնահատականների` համացանցից օգտվողներից ամեն երկրորդը հանդիսանում է Ֆեյսբուքի օգտատեր։

Ա. Հարությունյանը նշում է, որ քարոզարշավի հարցում Ֆեյսբուքն արդեն իսկ լուրջ մրցակից է հեռուստաընկերությունների և օնլայն ԶԼՄ-ների համար։ Պատճառներից մեկն այն է, որ լսարանն արդեն քիչ թե շատ ծանոթ է առանձին ԶԼՄ-ների ուղղվածությանը և նախասիրություններին և արդեն որոշակի նախատրամադրվածությամբ և վերապահումներով է դրանց վերաբերվում։ Իսկ Ֆեյսբուքում անորոշությունը, հետևաբար նաև` մարդկանց մանիպուլյացնելու հնարավորություններն ավելի մեծ են։

Մեր խոսակցությունը հիմնականում Ֆեյսբուքի մասին էր, սակայն Արտակ Հարությունյանը նշում է, որ Odnoklassniki-ի դերը պետք չէ թերագնահատել։ Օդնոկլասսնիկի սոցցանցի օրական այցելությունները Հայաստանից հասնում են 900 հազարի, և այն ավելի պոպուլյար է հատկապես մարզերի բնակչության շրջանում։

Այնպես որ, քաղաքական գովազդը` ակնհայտ և թաքնված, շուտով լցնելու է բոլոր սոցիալական ցանցերի մեր լրահոսը։

Տեսանյութեր

Լրահոս