Ինչո՞ւ է կառավարությունը հյուպատոսություն հիմնում Դուբայում
Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով:
Ներկայումս Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000-ի միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները:
Նկատի ունենալով աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները: Այս հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
«Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»,- ասված է կառավարության որոշման նախագծում: