«ՀՀ առաջին նախագահի տեսակետին ես վերաբերվում եմ հարգանքով, բայց ունեմ այլ տեսակետ». Վիկտոր Դալլաքյան
ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության շարքերը վերջերս համալրած Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ծանոթացել է ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահի ելույթին, որը նման է 1998 թ. նրա տեսակետներին։
«Նրա տեսակետին ես վերաբերվում են հարգանքով, բայց ունեմ այլ տեսակետ և այդ պատճառով ես համալրել եմ 1998 թ. ԵԿՄ շարքերը և աջակցել սպարապետ Վազգեն Սարգսյանին»,- ասաց Վ.Դալլաքյանը՝ հավելելով, որ կուսակցության առաջիկա համագումարում կանդրադառնա ԼՂ հարցին:
Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպել է տարբեր կուսակցությունների լիդերների հետ և քննարկել են տարբեր հարցեր. «Ընկալումները շատ տարբեր կարող են լինել, միայն ժողովուրդը 2017թ. խորհրդարանական ընտրություններում կորոշի ով է իշխանությունը, ով ընդդիմությունը»:
Անդրադառնալով ՀՀ արտաքին կողմնորոշման խնդրին՝ Վ.Դալլաքյանը նշեց, որ Հայաստանը սուվերեն պետություն է և չպետք է ունենա որևէ արտաքին կողմնորոշում, այլ պետք է առաջնորդվի իր շահով:
Ըստ նրա՝ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ իշխող կուսակցությունն ընտրողին ոչ թե ներկայանում է կատարած քայլերով, այլ ներկայացնում է անելիքները։ Վ.Դալլաքյանի խոսքով՝ երկիրը գտնվում է ծայր աստիճան ծանր վիճակում, պաշտոնական տվյաներով այս 8 տարիներին խաղաղ պայմաններում արտագաղթել է 400 հազար մարդ, որը վկայում է ՀՀ դեմոգրաֆիկ խայտառակ վիճակի մասին, կուտակել է 5.5 մլրդ դոլար արտաքին պարտք, որը կատաստրոֆիկ հետևանքներ ունի ՀՀ համար. «ՀՀ թիվ մեկ սպառնալիքը գործող իշխանությունների վերարտադրության ձգտումն է, որը պետք է կանխել»:
Վ.Դալլաքյանի կարծիքով՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում պետք է կիրառել Գերագույն խորհրդի մոդելը, հասարակությունը բաժանել «սև-սպիտակի» և իականացնել խաղաղ և անցնցում իշխանափոխություն: Ըստ նրա՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները շանս են՝ ՀՀ-ում համընդհանուր կոնսոլիդացիայի և իշխանափոխության հասնելու. «Մենք համազգային և ներհայաստանյան լայն կոնսքլիդացիայի կողմնակից ենք»:
Վ.Դալլաքյանը խոստացավ սփյուռքի գործընկերների մշակել մեխանիզմ, որ հնարավորություն կտա դիտորդական առաքելություն իրականացնել միջազգային մակարդակի.
«Սփյուռքահայությունը պետք է մասնակցի ՀՀ քաղաքական կյանքին, որի համար պետք է անցում կատարել խորհրդարանական երկպալատ համակարգի»: