Բաժիններ՝

Ինչ սպասելիքներ ունեն ՀՀ գործարարները 2017-ից և ինչն է նրանց ամենից շատ խանգարում

B4B.am-ը սկսում է ամփոփել «10 հարց՝ տնտեսության մասին» հարցման արդյունքները։

Հիշեցնենք, որ հարցումն անցկացվել է նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում՝ ինտերնետի միջոցով։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։

10 հարցերից այժմ կներկայացնենք 2-ի արդյունքները, որոնք վերաբերում են գործարարներին։

Գործարարներին ուղղված առաջին հարցը հետևյալն էր՝ նշված խնդիրներից ո՞րն է ձեզ ավելի շատ խանգարում։ Հարցմանը պատասխանել են 1081 հոգի։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, գործարարներին հուզող գլխավոր խնդիրը կոռուպցիան և հովանավորչությունն է. այդպես են կարծում մասնակիցների 36%-ը։

Շուկայի փոքրությունը գլխավոր խոչընդոտ են համարում հարցվածների 15%-ը, ֆինանսական միջոցների սղությունը և վարկերի անմատչելիությունը՝ 14%-ը։

harcum-problems

Հարկային դրույքաչափերը բիզնեսին խոչընդոտող գլխավոր պատճառ են համարել հարցվածների 9%-ը։ Շատերին կարող է զարմանալի թվալ, որ բարձր հարկերից դժգոհողների թիվը քիչ է, սակայն հիշեցնենք, որ PricewaterhouseCoopers ընկերության կողմից հրապարակվող Paying Taxes 2017 զեկույցը անուղղակիորեն բացատրում է այս պատկերը։

Ըստ այդ զեկույցի՝ միջին հարկային բեռի առումով Հայաստանի դիրքը բավականին լավն է. միջին հարկային բեռը ՀՀ-ում գնահատվում է 18.4%, և այս առումով Հայաստանը աշխարհի 190 երկրների շարքում զբաղեցնում է 14-րդ տեղը։ Փոխարենը վատ դիրքեր ունենք հարկային վճարումների քանակի և հարկային վճարումների վրա ծախսվող ժամանակի առումով (տարեկան 313 ժամ)։

Այսինքն, գործարարներին անհանգստացնում է ոչ այնքան դրուքաչափը, որքան հարկային գործընթացի բարդությունը։

Որակյալ կադրերի դեֆիցիտը լուրջ խնդիր համարել են հարցված գործարարների 5%-ը։ Այսինքն, կադրային խնդիրը սուր չէ, սակայն այն գոյություն ունի։

Գործարարներին ուղղված երկրորդ հարցը հետևյալն էր՝ ի՞նչ ակնալիքներ ունեք 2017 թվականից՝ ձեր գործունության հետ կապված։ Հարցին պատասխանել է 1076 մարդ։

Ընդհանուր առմամբ, 27%-ը հաջորդ տարվա նկատմամբ լավատեսորեն է տրամադրված։ Այդ թվում՝ 7%-ը միանշանակ համոզված է, որ 2017-ին եկամտաբերության աճ է ունենալու։

harcum-expectations

21%-ը գտնում է, որ հաջորդ տարի գործերը վատանալու են` բիզնեսի եկամտաբերությունը նվազելու է:

Իսկ հարցման մասնակիցների մեծ մասը՝ 52%-ը, առանձնապես լավատեսորեն չի տրամադրված հաջորդ տարվա նկատմամբ, սակայն վատ զարգացումներ էլ չի սպասում: Նշված 52%-ն ակնկալում է հաջորդ տարի պահպանել բիզնեսի ակտիվության ներկայիս մակարդակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս