Բաժիններ՝

Քանի՞ խորհրդական և օգնական ունեն նախարարները

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն 2016թ-ի հոկտեմբերի 25-ին էլեկտրոնային հարցմամբ դիմել էր բոլոր 18 նախարարություններ՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Քանի՞ խորհրդական և օգնական ունեն նախարարները:
  2. Նրանցից քանի՞սն են հասարակական հիմունքներով և քանի՞սը վճարովի հիմունքներով:
  3. Որքա՞ն է կազմում նախարարների՝ յուրաքանչյուր խորհրդականի և օգնականի աշխատավարձը:

Ամփոփելով նախարարություններից ստացված պատասխանները, պարզ դարձավ, որ՝

ամենաշատ խորհրդական և օգնական ունի ՀՀ առողջապահության նախարարը՝ 8 խորհրդական և 2 օգնական։ Խորհրդականներից 3-ը հաստիքային են, 3-ը՝ պայմանագրային, 2-ը՝ հասարակական հիմունքներով:

Հաջորդ նախարարը, որն ունի ամենաշատ խորհրդական ու օգնական, ՀՀ արտաքին գործերի նախարարն է՝ 8 խորհրդականով և 1 օգնականով:

Կարդացեք նաև

Նրանց հաջորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարը՝ 3 խորհրդականով, 3 օգնականով և հասարակական հիմունքներով աշխատող 2 խորհրդականով և ՀՀ բնապահպանության նախարարը՝ 3 խորհրդականով և 0.5 դրույքով 4 օգնականով։ Վերջինս նաև ունի հասարակական հիմունքներով 1 ավագ խորհրդատու:

ՀՀ պաշտպանության նախարարն ունի 1 գլխավոր խորհրդական, 1 վճարովի և 1 հասարակական հիմքունքներով աշխատող խորհրդականներ և 4 օգնական:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներին օգնում են 2 օգնական և 3 խորհրդատու վճարովի հիմունքներով և 2 խորհրդական հասարակական հիմունքներով:

Հաջորդը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն է, ով ունի 2 օգնական, 4 խորհրդական, որից 1-ը՝ հասարակական հիմունքներով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության և ֆինանսների նախարարներն ունեն 3-ական խորհրդական և 2-ական օգնական:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ունի 1 գլխավոր խորհրդական, 2 խորհրդական և 2 օգնական, իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն՝ 1 գլխավոր խորհրդական, 3 խորհրդական, 1 օգնական:

Ամենաքիչ խորհրդականներն ու օգնականներն ունեն ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը՝ 1 գլխավոր խորհրդական, 1 խորհրդական և 2 օգնական, ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարը՝ 2 խորհրդական և 2 օգնական:

Նշյալ պաշտոնյաների աշխատավարձերը սահմանվում են Համաձայն «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով. գլխավոր խորհրդականի, խորհրդականի և օգնականի համար սահմանված են 380.305, 363.770 և 297.630 ՀՀ դրամ համապատասխանաբար:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի էլեկտրոնային հարցմանն ամենից արագ պատասխան են տրամադրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները՝ հարցումն ուղարկելուց 1 օր անց՝ էլեկտոնային եղանակով։

Իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններն պատասխան գրությունը տրամադրել են թղթային տարբերակով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատասխանը տրամադրել է և՛ էլեկտրոնային և՛ թղթային տարբերակով: Պատասխան տրամադրած նախարարությունները ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում, բացի մշակույթի և պաշտպանության նախարարություններից:

Բոլոր հարցումներն ու պատասխանները կարող եք գտնել www.givemeinfo.am կայքի համապատասխան գերատեսչությունների բաժիններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս