«Նախագահի հանձնարարականներից հետո ի՞նչ է փոխվելու վարորդների համար». պարզաբանում է Էդուարդ Հովհաննիսյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Նա տվել էր մի շարք հանձնարարականներ, որոնց վերաբերյալ 168.am-ը զրուցել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ:

– Պարոն Հովհաննիսյան, երեկվա խարհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ  և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնեն պետական և համայնքային կառույցներին: Սա ի՞նչ է նշանակում:

– Արտաբյուջետային ֆոնդի հոսքերը կփոխվեն դեպի համայնքներն ու պետությունը. թե իրար մեջ ինչպես կբաժանեն, դա կորոշվի: Խոսքը մոտ 24 մլրդ դրամի մասին է, որից որոշ վճարումներ դուրս են գալիս, բայց ՃՈ բաժինն այդտեղից մոտ 9 մլրդ դրամ պետք է լինի:

Այսօրվա դրությամբ, այդտեղից 4 մլրդ-ը տեսուչներին տրվող հավելավճարներն են: Այսինքն՝ հիմա այդ բոլոր գումարների ուղղությունը կփոխվի դեպի պետական և համայնքային կառույցները: Շատ լավ բան է սա:

Բայց ասվում է նաև, որ փոխգործելը նպատակ չէ, այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել է նշանակում: Այսինքն՝ տուգանելը նշանակում է՝ կանխարգելել, բայց մենք այդպես չենք կարծում: Մենք կարծում ենք, որ կանխարգելելը չի նշանակում՝ փող հավաքել:

ՃՈ-ն պետք է իմանա, որ իրենց խնդիրը փող հավաքելը չէ: Ես օրինակներ կարող եմ բերել. նույն տեղում մեքենան կանգնեցնելու համար վարորդին կարող է 20 հատ տուգանք գալ: Եթե նա ամեն օր այդտեղ կանգնում էր, բայց չէր տուգանվում, հիմա տեսախցիկը դրեցին ու կարող են տուգանել: Տուգանելու պահից մինչև ծանուցումը ստանալը կարող է տևել 20 օր, հետևաբար, այդ բոլոր տուգանքներն օրենքով վարորդը պետք է վճարի: Մենք ասում ենք՝ լավ, եթե մի անգամ կանգնեց, բայց ՃՈ-ն տեսնում է, որ նույն տեղում կանգնելու համար երկրորդ տուգանքն է գալիս, պետք է այդ որոշումը չկայացնեն՝ մինչև ծանուցում ստանալը: Առաջին ծանուցումը երբ ստանա ու հետո շարունակի նույն խախտումն անել, այդ ժամանակ թող տուգանեն ոչ թե՝ 20, այլ՝ 100 անգամ: Նման դեպքերում բողոք ենք գրում, որը մերժում են, ու գնում ենք դատարան: Դատարանում պարտվում է Ճանապարհային ոստիկանությունը, և ոչ մի հետևություն չեն անում:

– Նախագահի հանձնարարականներից հետո Ձեր նշած խնդիրները լուծվելո՞ւ են, թե՞ ոչ:

– Եթե այսօր կանխարգելիչ գործողություններ արվում են, ապա բավարար չեն: Իսկ այն, որ գումարների ուղղվածությունը գնում է պետական և համայնքային կառույցներին, դա ողջունելի է: Երթևեկության կազմակերպման խնդիրները պետք է լուծվեն: 2015թ. ստեղծվեց հանձնաժողով, որը երկու խնդիր պետք է լուծեր՝ ճանապարհային երթևեկության կազմակերպում և հեռանկարային ծրագրեր ներկայացնել, բայց մենք չունենք ոչ մի հայեցակարգ ՃՈ հետագա գործողությունների վերաբերյալ:

Մի շատ կարևոր խնդիր կա հենց ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ. մենք չունենք կառույց, որը զբաղվում է երթևեկության կազմակերպմամբ: Ըստ օրենքի՝ Երևան քաղաքի երթևեկության կազմակերպումով զբաղվում է քաղաքապետը: Բայց նրան պետք է գումար տան, որ զբաղվի այդ հարցով: Օրենքն ընդունվել է 2008թ.-ին, իսկ 2009թ. սկսած պետությունը ոչ մի գումար էլ չի տվել քաղաքապետին, որ նա զբաղվի երթևեկության կազմակերպմամբ: Այդ գործը կամովին իր վրա է վերցրել ՃՈ-ն: Նրանք ասում են՝ դե՛, քաղաքապետը չի անում, մենք ենք անում, մեկն ու մեկը պետք է անի՞, թե՞ ոչ: Սա սխալ մոտեցում է, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով:

Պետք է ստեղծվի մի անկախ կառույց, որը զբաղվի երթևեկության կազմակերպմամբ, նշանների, լուսացույցների, գծանշումների և այլնի տեղադրմամբ, նաև հսկողություն կատարեն, ու ամենակարևորը՝ կրեն պատասխանատվություն: Ես մի խոսք չգտա պատասխանատվության մասին: ՃՈ-ն ծառայողական քննություններ է անցկացնում, վերացնում է թերությունները, բայց իրականում պատասխանատվություն չկա: Չի կարելի նույն սխալը բազմիցս կրկնել:

– Պարոն Հովհաննիսյան, նշեցիք, որ ողջունելի է այն, որ գումարների ուղղվածությունը գնում է պետական և համայնքային կառույցներին: Դրանից  ի՞նչ է փոխվելու:

– Այդ հոսքերը պետք է գնան երթևեկության կազմակերպման վրա, որովհետև երթևեկության կազմակերպումն այն բաղադիրչն է, որն այսօր Հայաստանում, փաստորեն, չկա: Մեկ օրինակ՝ գրված է, որ երեք և ավելի գոտի ունեցող ճանապարհներին լուսացույցը պետք է դրվի վերևում: Դնում եք աջ կողմում, վարորդը որտեղի՞ց տեսնի դա: Մենք այդ դատերը շահում ենք, բայց հետևություններ անո՞ւմ են. ո՛չ: Ասում են՝ հնարավորություններ չունեն այդքանը փոխելու: Գիտե՞ն, որ հնարավորություն չունեն, ուրեմն ֆինանսներ են պետք, թող գումար հատկացնեն երթևեկության կազմակերպմանը: Սա խնդիրների խնդիրն է:

– Այսինքն՝ ընդհանուր առմամբ, որոշակի դրական տեղաշարժեր կլինեն, բայց արմատական փոփոխություններ չե՞ն լինելու այս հանձնարարություններից հետո:

– Արմատական փոփոխությունները կերևան տարվա վերջին, երբ կունենանք հեռանկարներն ու մի հայեցակարգ, որը կսահմանափակեր վարորդ-տեսուչ շփումը: Շփման սահմանափակումը չի ենթադրում տեսուչների քանակի նվազեցում, նրանք կարող են խախտումները նկարահանել: Կարծում եմ՝ պետք է նաև հանրությանը ներգրավել երթևեկության անվտանգության կազմակերպմանը:

Տեսանյութեր

Լրահոս