Ալիևը հաստատել է «Ադրբեջանական մշակույթ-2040» մշակութային հայեցակարգը, որով բացառելու է հայկական հետքը

MONUMENT WATCH-ը փոխանցում է՝ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է «Ադրբեջանական մշակույթ – 2040» մշակութային հայեցակարգը։ Փաստաթուղթը երկարաժամկետ ռազմավարություն է, որը նախատեսված է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում ձևավորել երկրի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները։

Հայեցակարգը կառավարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից և նախատեսում է իրականացման փուլային ու ինտեգրված մոտեցում՝ երեք փուլով՝ 2026–2030, 2031–2035 և 2036–2040 թվականներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են նպատակները և դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները։ Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք»։

Փաստաթղթի 3-րդ բաժնում՝ «Ներկայիս իրավիճակի վերլուծություն» ենթաբաժնում, նշվում է, որ երկրում ստեղծվել են նոր թանգարաններ և պատկերասրահներ, իսկ Բաքվում բացվել են «Հայրենական պատերազմի» հուշահամալիրը և «Հաղթանակի թանգարանը»։  Նման թանգարանները նպաստելու են հայատյացության խորացմանը: Ըստ երևույթին այս թանգարանների հիմնումը հենց Արցախի տարածքում խորհրդանշելու է հայկական Արցախի ոչնչացումը և հայության էթնիկ զտումները:

Հայեցակարգի 5-րդ բաժնում ներկայացված են մշակութային քաղաքականության հիմնական նպատակները։ Մասնավորապես, 5.1.15 կետում նշվում է մշակութային հաստատությունների վերականգնումը, նոր մշակութային ենթակառուցվածքների ստեղծումը, մշակութային կյանքի վերակենդանացումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։

Հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը, այս հայեցակարգը ենթադրելու է հայկական հետքի լիակատար ջնջում, քողարկում, վերափոխում և լռության մատնում: Ասվածի լավագույն օրինակը Շուշիում «վերականգնվող» Ղազանչեցոց տաճարն է, վերականգնման անվան տակ հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամը, Շուշիի, Հադրութի թալանված և միտումնավոր վնասված թանգարանները և մշակութային կենտրոնները, Արցախի բազմաթիվ գյուղերում Հայրենական պատերազմի քանդված, վնասված, վանդալիզմի ենթարկված հուշարձանները, ռազմական նպատակներով օգտագործվող դպրոցների, մշակույթի տների տարածքները:

Այս դրույթով ուղղակի վտանգի տակ է հայտնվում Արցախի միջնադարյան հայկական մշակութային ժառանգությունը, որը, հաշվի առնելով վերջին 5 տարիների հայտարարությունները, «պետք է բերվի նախնական տեսքի»՝ սրանով վտանգ է ստեղծվում հարյուրավոր հայերեն վիմագիր արձանագրությունների, խաչքարերի, խաչային հորինվածքների համար: Կարող ենք փաստել, որ այս կետով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է:

6-րդ բաժնում ներկայացվում են մշակութային քաղաքականության առաջնահերթ ոլորտները։ 6.1.6.2 ենթակետում սահմանվում են ձեռնարկվելիք միջոցառումները, որոնցից 6.1.6.2.6 կետը նախատեսում է միջոցներ ձեռնարկել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեության բարելավման ուղղությամբ։

Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել քայլեր դրանց փոխհատուցման համար։ Ակնհայտ է, որ անտիկ և միջնադարյան հնագիտական հուշարձանների պեղումները ենթադրում են նաև պատմամշակութային կոնտեքստի և միջավայրի քննարկում, ինչն ադրբեջանական կողմն անելու է ելնելով իր քարոզչական շահերից:

Մի գիծ, որն առկա էր խորհրդային տարիներին, երբ ակնհայտ պատմական և մշակութային փաստերը խեղաթյուրվում էին: Հայեցակարգի 8-րդ բաժնում ներկայացված է 2026–2030 թվականների համար նախատեսված իրականացման գործողությունների ծրագիրը։ 8.6 ենթաբաժնում ընդգրկված են մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը։ Ըստ 8.6.6 կետի նախատեսվում է կատարելագործել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեությունը և բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել միջոցառումներ դրանց փոխհատուցման համար։

Վարչական քայլերը ենթադրում են 2026–2030 թվականների ընթացքում ներկայիս իրավիճակի վերլուծում, տվյալների համակարգում, միջոցառումների պլանի պատրաստում և իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների ինտեգրում «e‑culture» համակարգում: Այսպիսով, կարող ենք տեսնել, որ նախքան 2026 թվականը օկուպացված Արցախի տարածքում միայն լրատվականներով ու հարցազրույցնեով բարձրաձայնվող գործողությունները այժմ ստացել են հստակ ռազմավարություն՝ միայն թե քողարկված «վերականգնում» բառի տակ: Վերականգնում, որը գրեթե բացառելու է երկրամասի հայկական հետքը, իսկ միակ թույլատրելի ներկայացումը լինելու «օկուպացիայի և հաղթանակի» թանգարաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031