Միխեիլ Կղավելաշվիլիի կինը մեկնել է ԱՄՆ
Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի կինը՝ Թամար Բագրատիոնին, Վաշինգտոն է մեկնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հրավերով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Թամար Բագրատիոնին կմասնակցի Մելանյա Թրամփի կազմակերպած «Միասին` ավելի լավ ապագայի համար» համաշխարհային գագաթնաժողովին, որի նպատակն է ապահովել առաջադեմ տեխնոլոգիաների անվտանգ և նորարարական օգտագործումը՝ երեխաների կրթությունը, զարգացումը և բարեկեցությունը խթանելու համար։
«Գագաթնաժողովի շրջանակներում Մելանյա Թրամփը կլոր սեղանի ձևաչափով կհյուրընկալի նախագահների տիկնանց Սպիտակ տանը։ Քննարկումների նպատակն է գնահատել թվային դարաշրջանում երեխաների բարեկեցության համար առաջին դեմքերի տիկնանց աջակցությունը և քննարկել նրանց ընդհանուր պարտավորությունները։
Կլոր սեղանի հանդիպմանը կնախորդի աշխատանքային նիստ, որը կհյուրընկալի ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Աշխատանքային նիստի շրջանակներում կկազմակերպվի քննարկում, որի մասնակիցները կծանոթանան գործնական մոտեցումներին և նորարարական գործիքներին, որոնք կօգնեն թվային դարաշրջանի երեխաներին օգտվել հնարավորություններից և հաղթահարել մարտահրավերները։
Միջոցառումները կանցկացվեն մարտի 24-ին և 25-ին: «Վրաստանի առաջին տիկնոջ հետ միասին կմասնակցեն Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Բաիա Կվիցիանին և Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին»,- ասված է Միխեիլ Կղավելաշվիլիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։



