«Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում վերջին տարիներին ձևավորվել է հստակ մի միտում․ քաղաքական խոսքը աստիճանաբար պարզեցվում է՝ հաճախ իջնելով կենցաղային, երբեմն էլ կոպիտ պատկերավոր ձևակերպումների մակարդակի:

Նիկոլ Փաշինյանի «կարտոֆիլ ուտողներ», «լավաշ ուտողներ», «սև իկռա ուտողներ» բաժանումները հենց այս միտման բնորոշ դրսևորումներից են։ Փաշինյանի խոսքը դասական պոպուլիստական հռետորաբանության օրինակ է։ Հասարակությունը բաժանվում է «պարզ ժողովրդի» և «էլիտայի», իսկ իշխանությունը փորձում է ներկայանալ որպես ժողովրդի բնական շարունակություն, անգամ այն դեպքում, երբ արդեն ձևավորվել է որպես հասարակությունից կտրված, օտարացած ինստիտուցիոնալ և սոցիալական շերտ։

Ութ տարի իշխանության գտնվելու պայմաններում «մենք նույնն ենք, ինչ ժողովուրդը» թեզը աստիճանաբար կորցրել է իր արժանահավատությունը, հատկապես երբ սոցիալ-տնտեսական խնդիրների զգալի մասը մնում է չլուծված։ Այս իրավիճակում պոպուլիզմը դադարում է լինել մոբիլիզացնող գործիք և ավելի շուտ վերածվում է քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միջոցի։

Միևնույն ժամանակ, նման հռետորաբանությունը պայմանավորված է ոչ միայն իշխանության ընտրությամբ, այլ նաև ընդդիմության տևական բացերով։ Տրանսպորտով աշխատանքի գնացող քաղաքացին, փոքր բիզնեսի ներկայացուցիչը, ոչ նոմենկլատուրային մտավորականը հաճախ չեն տեսնում իրենց շահերի հստակ արտահայտումը ընդդիմադիր դաշտում։ Արդյունքում ձևավորվում է ներառականության վակուում, որը լցվում է պարզ, հասկանալի, բայց մակերեսային նարատիվներով։

Այս պայմաններում ընտրական վարքագիծը հաճախ ձևավորվում է ոչ թե ծրագրային ընտրության, այլ պրիմիտիվ կարգախոսների ազդեցության ներքո։ Պարզ, հուզական և «ծանոթ» լեզուն մրցունակ է դառնում ավելի բովանդակային, սակայն վատ կոմունիկացված առաջարկների նկատմամբ։ Քաղաքական մրցակցությունը տեղափոխվում է մի հարթություն, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքականության որակը, այլ դրա ներկայացման արդյունավետությունը։
Երկարաժամկետ հեռանկարում այս միտումը պարունակում է լուրջ ռիսկեր։

Խորանում է հասարակական բևեռացումը, նեղանում է քաղաքական քննարկման բովանդակությունը, իսկ պատասխանատվության ինստիտուտը թուլանում է։ Քաղաքականության «կենցաղայնացումը» ստվերում է համակարգային խնդիրները՝ տնտեսության կառուցվածքը, սոցիալական արդարության հարցերը, պետական կառավարման արդյունավետությունը։
Անհրաժեշտ են համակարգային լուծումներ:

Իշխանությունը պետք է անցնի հաշվետու կառավարման հստակ օրակարգի, իսկ ընդդիմությունը պետք է կարողանա ձևակերպել հասկանալի, վստահելի և բովանդակային այլընտրանք այն սոցիալական շերտերի համար, որոնք այսօր իրենց ներկայացված չեն զգում։

Միայն այս դեպքում հնարավոր կլինի քաղաքական դիսկուրսը վերադարձնել բովանդակային դաշտ և սահմանափակել պոպուլիզմի ազդեցությունը հանրային կյանքի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031