«Հայաստան թուրք ուսանողներ կգան այն ժամանակ, երբ հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն. այս պայմաններում կրթաթոշակներ բաժանելը մանր հարց է». Թուրքագետ
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսելով Հայաստան-Թուրքիա երկխոսության և առհասարակ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին՝ ասաց, որ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։
Նա նաև հավելեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը բավականին դինամիկ է, դրական և խոստումնալից։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով, եթե Հայաստանն ու Թուրքիան ուսանողներին նվիրված ծրագրեր իրականացնեն, անշուշտ, Հայաստանում կգտնվեն այնպիսի ուսանողներ, որոնք կցանկանան սովորել Թուրքիայում, մինչդեռ Թուրքիայում այս առումով մի քիչ ավելի զգուշավոր են։
«Իհարկե, Թուրքիայում կրթությունը բավականին որակյալ է, տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ավարտել է Գալաթասարայի համալսարանը։
Իսկ Հայաստան թուրք ուսանողներ կգան այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն։ Չեմ կարծում, թե Թուրքիան ներկայիս պայմաններում ուսանող կուղարկի Հայաստան, իրենք ավելի զգուշավոր են։ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու։
Այսինքն՝ այս պայմաններում կրթաթոշակներ բաժանելը մանր հարց է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Խուդավերդյանը։
Թուրքագետը հավելեց՝ Թուրքիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, ինչը, նրա կարծիքով՝ կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում փոխվի Սահմանադրությունը, ինչպես հայտարարել է Ալիևը։ Միայն այս ամենից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև կարող են հարաբերություններ հաստատվել։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և Արարատ Միրզոյանի կողմից այդ երկխոսությունը դրական համարելուն, Մուշեղ Խուդավերդյանը նկատեց՝ այդ երկխոսությունը որևէ դրական բան Հայաստանին չի տվել, քանի որ Թուրքիան արդեն իսկ նախապայման է առաջ քաշել՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։
«Նույնիսկ երրորդ երկրների, այսպես կոչված, քաղաքացիների մուտքի թույլատրումն ինչ-որ դիվանագիտական անձնագրերով, նույնիսկ սա չի եղել։ Այսինքն՝ այս հարցում հստակ դիրքորոշում ունի, քանի դեռ այս հարաբերությունները չեն կարգավորվել, անիմաստ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Բայց հարկ է նկատել, որ այստեղ էլ ամեն ինչ փուլային է. երբ կարգավորվի հայ-ադրբեջանական հարաբերությունները և Թուրքայի սահմանը Հայաստանի հետ բացվի, Թուրքիան արդեն առաջ կքաշի Հայոց ցեղասպանության հարցը։
Իսկ թուրքական առաջարկը հետևյալն է՝ ստեղծել պատմաբանների, իրավաբանների հանձնաժողով, որոնք կքննեն 1915 թվականի իրադարձությունները։ Դրանից հետո Թուրքիան առաջ կքաշի Հայաստանում հակաթուրքական քարոզչությունը փակելու հարցը, ինչը, իհարկե, չի շրջանցվի ՀՀ իշխանության կողմից»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։



