Ինչո՞ւ է իշխանությունը 7 տարվա անկումները խնամքով թաքցնում զեկույցում. 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի առասպելը

Խորհրդարանի հանձնաժողովներում մեկնարկել են կառավարության գործունեության հնգամյա ծրագրի 2025թ. կատարողականի հաշվետվության քննարկումները։ Սա այս իշխանության հնգամյա ծրագրի վերջին զեկույցն է՝ ընտրություններից առաջ։

Իշխանությունը կորցնելու վտանգը գնալով իրական է դառնում և ՔՊ-ին օդ ու ջրի պես աննախադեպ ձեռքբերումների տպավորություն ստեղծել է պետք՝ չեղած վարկանիշն ինչ-որ կերպ փրկելու համար։ Այնպիսի մի ճոխ զեկույց են ներկայացրել, որ կարդացողին կթվա, թե համաշխարհային մակարդակի նվաճումների են հասել. ո՛չ մի թերացում, ո՛չ մի ձախողում, ո՛չ մի չիրականացված խոստում։ Բոլոր թերացումները, ձախողումները, չիրականացված խոստումներն ու ծրագրերը խնամքով թացրել են։

Զեկույցի ամբողջ տրամաբանությունն ամփոփված է այս բնաբանի մեջ։

«2025 թվականը ՀՀ անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8–ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ Արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9 տոկոս»,- սա բավական է, որպեսզի պարզ լինի, թե ինչ տրամաբանության մեջ է կառավարության ամբողջ զեկույցը։ Ուզում են ասել, թե իրենց բերած խաղաղությունն արդեն իրական է, սահմանին այլևս զինվոր չի զոհվում, տնտեսությունը ծաղկում է, իսկ արտագաղթողները վերադառնում են Հայաստան։

Կարդացեք նաև

Կառավարության գործունեության ծրագրի այն բոլոր կետերը, որոնք վերաբերում էին Արցախին, իրականացրել են բացառապես ի վնաս հայ ժողովրդի ու ի շահ Ադրբեջանի։ Համառ ջանքերի գնով՝ Արցախը հանձնել են, «լուծել» հակամարտությունն ու պարծենում են, թե խաղաղություն են բերել։

Չնայած դրանից հետո էլ, ինչպես ամեն օր համոզվում ենք Ադրբեջանից հնչող  հայտարարություններից, խաղաղություն չկա։ Այդքանից հետո հպարտանում են, թե խաղաղություն են բերել։ «Խաղաղություն» են բերել Արցախը հանձնելու ու սեփական ժողովրդի դիմադրությունը կոտրելու գնով։

Այսքանը բավական է՝ կառավարության արտաքին քաղաքականության ձեռքբերումները գնահատելու համար։ Հիմա անդրադառնանք տնտեսական «ձեռքբերումներին», որոնք ջրհեղեղի նման ողողել են ամբողջ զեկույցը։

Ասում են՝ խոստացած միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճը ոչ միայն կատարել, այլև գերակատարել ենք, 7 տոկոսի փոխարեն՝ միջին տարեկան 7.9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։

Բացում ենք կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրն ու կարդում կառավարության ամրագրած տնտեսական թիրախները։

«ՀՆԱ տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս (բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում՝ 9 տոկոս)»,- բառացի գրված է կառավարության ծրագրում։

Թե ինչքանո՞վ է արտաքին միջավայրը վերջին տարիներին բարենպաստ եղել Հայաստանի տնտեսության համար, ավելորդ է ասել։ Այն աճերը, որոնք, շատ դեպքերում, թեկուզ ձևական արձանագրվել են, եղել են հիմնականում դրա հաշվին։

Ու այդքանից հետո կառավարությունը չի հասել իր խոստացած 9 տոկոսանոց միջին տարեկան տնտեսական աճի թիրախին։ Դեռ չենք ասում, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում տնտեսության կառուցվածքում։

Տնտեսությանը կառուցվածքը, որը լուրջ խնդիրներ է ստեղծելու հետագա աճերի համար, դարձրել են առավել խոցելի, քան երբևէ եղել է։ Տնտեսության ամենախոշոր ճյուղը մեծածախ ու մանրածախ առևտուրն է, ավտոմեքենաների ու մոտացիկլետների նորոգումը։ Այնինչ՝ մշակող արդյունաբերության կշիռը, որը պարտավորվել էին այս 5 տարիների ընթցաքում հասցնել ՀՆԱ 15 տոկոսին, ինչպես բազմաթիվ այլ ծրագրային պարտավորություններ, գրել են սառույցին։

15 տոկոսի փոխարեն, 2025 թ. տվյալներով՝ մշակող արդյունաբերությունը կազմել է ՀՆԱ ընդամենը 11 տոկոսը։ 2021թ. 11.3 տոկոսն էր։

Մի բան էլ հետ են պտտել անիվը։ Իսկ դա նշանակում է, որ վտանգել են տնտեսության ապագան։ Մշակող արդյունաբերությունն է տնտեսության հիմքը, այնինչ դրա փոխարեն՝ առևտուրն է դարձել տնտեսության առաջամարտիկը։

Էլ չասենք, որ 2020թ. մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 12.7 տոկոս էր։

Այսպիսի «զարգացում» են ապահովել մշակող արդյունաբերության ու ընդհանրապես արդյունաբերության ոլորտում, բայց այդ մասին զեկույցում, բնականաբար, ոչ մի խոսք չկա։ Փոխարենը՝ հիշել են, որ անցած տարի արդյունաբերության արտադրանքի ծավալը 2017թ. համեմատ աճել է 100 տոկոսով։ Թե ի՞նչ կապ ուներ 2025թ. զեկույցը 2017թ. հետ, դժվար չէ հասկանալ. փորձել են բարձր աճերի տպավորություն ստեղծել։

Եվ դա միակ դեպքը չէ, որ գնացել- հասել են մինչև 2017թ.։ Այդպիսի համեմատություններն այս զեկույցում բազմաթիվ են։ Ծրագրով չկատարված պարտավորությունների մասին նպատակահարմար չեն համարել զեկույցում գրել, փոխարենը՝ 8 տարի առաջվա ցուցանիշներով են փորձել ծաղկացնել տնտեսական «ձեռքբերումները»։

Նույն կերպ հավանաբար նպատակահարմար չեն համարել գրել, թե վերջին տարիներին ու ընդհանրապես իրենց իշխանության շրջանում ինչ են բերել գյուղատնտեսության գլխին, որ տարիներ շարունակ գյուղմթերքների արտադրության ծավալները նվազել են։ Անցած տարի մի քանի տոկոս աճ է եղել՝ 7 տարվա անընդմեջ անկումից հետո, միայն դա են նկատել, անկումները չնկատելու են տվել։

Բյուջեի հարկային եկամուտների կատարողականի ընդամենը 0.3 տոկոսանոց գերակատարումը հատուկ հիշել են, իսկ ՀՆԱ մեջ հարկերի ցուցանիշը, որը մեծապես ձախողել են, մոռացել են, որքան էլ այս պարագայում հարկեր-ՀՆԱ-ն շատ ավելի կարևոր ցուցանիշ է։ Ունենք այն, որ վերջին 2 տարվա կտրվածքով հարկեր-ՀՆԱ-ն գրեթե չի փոխվել, 2023թ. կազմել էր 24 տոկոս, 2025թ.՝ 24.07 տոկոս։ Սա նշանակում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարն ու վարչարարության բարելավումներն են ձախողել։ Առնվազն այդ 2 տարում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։

Կառավարության գործունեության ծրագրով, մինչև 2026թ., այսինքն՝ մինչև անցած տարվա վերջ, պիտի 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցած ու հիմնանորոգած լինեին։ Ոչ միայն կառուցած ու հիմնանորոգած, այլև կահավորած լինեին։ Անցած տարվա վերջին կառուցել էին դպրոցների ընդամենը մեկ երրորդն ու մանկապարտեզների ընդամենը կեսը։ Կահավորման մասին նույնիսկ խոսք չկար։

Աղքատությունը կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով պիտի կրճատեին կիսով չափ, ծայրահեղ աղքատությունն ընդհանրապես վերացնեին։ Կիսով չափ կրճատելու պարագայում աղքատությունը Հայաստանում պիտի կազմեր 13 տոկոս, գրեթե 22 տոկոս է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 0.6 տոկոս։ Հարյուր-հազարավոր քաղաքացիներ այսօր էլ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Այդ մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու փոխարեն, քաղաքական իշխանության ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների կյանքն է կտրուկ բարելավվել, գույքերի ու հարստության տեր են դարձել՝ միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում։ Դրա համար էլ ամուր կպել են իրենց աթոռներից ու այսքան արհավիրքներ բերելուց հետո էլ՝ մտադիր չեն հեռանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031