«Եթե անձն անմեղ է կամ այդ հանցանքը չի կատարել, ուրիշ բանի համար դատապարտում են, այդ մարդուն ի՞նչ ուղղենք, վերադաստիարակենք». Գագիկ Ջհանգիրյան
«Եթե այսօր մարդը հայտնվել է կալանավայրում, շատ դեպքերում պատահական է հայտնվել կամ իր ինքնասիրությունը պահելու համար է հայտնվել, այնտեղից դուրս է գալիս պատրաստի հանցագործ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Հ. Սահակյանի խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր դատապարտված են ազատազրկման, և այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալներն իրենց պատիժը կրելուց հետո առնվազ 6 ամիս առաջ պետք է իմանան, որ ունեն աշխատանք, կամ առնվազն նրանք, ովքեր ցանկություն ունեն աշխատելու, ապահովվի այդ միջավայրը։
«Դրա համար պետք է ուսուցում կազմակերպվի, այդ մարդկանց համար աշխատանք գտնենք։ Պետք է լավ ուսումնասիրություն կազմակերպեինք Սոցապ նախարարության, զբաղվածության կենտրոնների հետ, տեսնեինք՝ այդ զբաղվածության կենտրոնները շարքային քաղաքացիների հետ այդ նույն աշխատանքն անելիս ինչպիսի՞ արդյունքներ են գրանցում։ Կարծում եմ՝ այստեղ պետք է դնենք հստակ մեխանիզմներ, թե ինչպես պետք է շահագրգռենք նույն գործատուին, նույն դատապարտյալին»,- նշեց Հ. Սահակյանը։
Նա նկատեց, որ, եթե այսօր մարդը հայտնվել է կալանավայրում, շատ դեպքերում՝ պատահական կամ իր ինքնասիրությունը պահելու համար հայտնվելու դեպքում, այնտեղից դուրս է գալիս պատրաստի հանցագործ. «Դրա համար մենք պետք է նաև այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանենք և այդ մեխանիզմները փորձենք գտնել, առանձնացնենք այն մարդկանց, որ պատրաստ են այս ծրագրին մասնակցեն։ Այլապես ունենալու եք լավ գաղափար, բայց իրականացման մեխանիզմները մենք պետք է միասին գտնենք ու ներդնենք։ Եթե անհրաժեշտ լինի նոր օրենսդրական նախաձեռնության, մենք պատրաստ ենք դա նույնպես շատ արագ կարգով ընդունել և տանել առաջ, որովհետև այս լավ գաղափարը, որն այսօր թղթի վրա է և մեր քննարկման առարկան է, կարծում եմ՝ այդ մեխանիզմների կյանքի կոչելու համար բավարար որևէ պայման գոյություն չունի»։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ իր զարմանքը հայտնեց, որ Ազգային ժողովը ծանրանում է այնպիսի նախագծերի քննարկման վրա, որոնք, կարծես թե, ամենաքիչ խնդիրները պետք է հարուցեն, և շատ թեթև անցկացնում են նախագծեր, որոնք լուրջ քննարկման, բանավեճի և այլնի կարիք ունեն։
«Հիմա այս նախագիծը, եթե բովանդակությանն անդրադառնանք, վեճի խնդիր չկա, ուրիշ բան է, որ այս սահմանվող ինստիտուտները հետագա կատարելագործման և հատկապես ենթաօրենսդրական ակտերի ընդունման կարիք ունեն։ Որ դատապարտում են մարդուն, ասում են, որ պատիժը ոչ միայն մեղքի քավումն է հանցանքի համար, այլ նաև նպատակ ունի դաստիարակել, վերադաստիարակել ու վերադարձնել հասարակություն։ Որ մարդը դաստիարակվի կամ վերադաստիարակվի, ինքը պետք է արած արարքի համար պատասխանատվություն կրի, արդար դատապարտված լինի, արդար դատաքննությամբ իր մեղքը պետք է հաստատած լինեն։ Եթե անձն անմեղ է կամ այդ հանցանքը չի կատարել, ուրիշ բանի համար դատապարտում են, այդ մարդուն ի՞նչ ուղղենք, վերադաստիարակենք, ինքը թշնամությամբ լցվելու է համ այդ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, համ ընդհանրապես իրավական համակարգի, համ հասարակության նկատմամբ»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը։
Նա նշեց, որ նախագիծը լավն է, պետք է գոնե առաջին ընթերցմամբ ընդունեն, աշխատեն, թերությունները բարելավեն։