Հայաստանում կգործի գիտաուսումնական և արտադրական կլաստեր
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ կարևորագույն փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն բուհական համակարգում, «որտեղ որակից մենք բոլորս ունենք դժգոհություններ»։
Նա նշեց, որ երեք հիմնական ուղղություն կա ծրագրում. «Առաջինը ինստիտուցիոնալ արդի մեխանիզմների ներդրումն է, որոնք նախևառաջ բուհական համակարգի ինքնավարության միջոցով՝ բուհական պատասխանատվության մեծացումն է, բուհական կառավարման առավել թափանցիկ, ինքնուրույն, ինքնավար, մասնագիտությունների ցանկը ինքը որոշող համակրագի ներառումն է։ Շատ կարևոր է, որ հենց այստեղ ունենանք տեսլական, որը կառավարության ծրագրում նախատեսված է 5-ամյա ժամկետով. դա ցանցային համալսարանների և կլաստերների ձևավորման մեխանիզմներն են»։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում կգործի գիտաուսումնական և արտադրական կլաստեր՝ մեկը ինժեներատեխնիկական, որը կմիավորի իր մեջ ինժեներատեխնիկական բուհերը, տեխնոպարկերը, և համալսարանների բազայի վրա կձևավորվի երկրորդը՝ բնագիտական կլաստերը, որոնցից յուրաքաչյուրն իր մեջ կունենա 15-20 հազար ուսանողություն և մասնագիտություններ. «Սա կդառնա հենց այն գերազանցության ծրագիրը, որն իր հետևից կքաշի ամբողջ բարձրագույն կրթությունը»։
Լ. Մկրտչյանը նշեց, որ գիտության մասով փորձելու են գիտությունը համապատասխանեցնել միջազգային եվրոպական չափանիշներին՝ բոլոր առումներով՝ և՛ մասնագիտական առումով, և՛ երրորդ կրթական աստիճանի առումով։ Փորձելու են ներդնել նաև կառուցվածքային լուծումներ և կիրառական ուղղվածություն գիտության համար։