«Վերահսկվող իշխանությունները մեր անվտանգության երաշխիքն են». Գեղամ Բաղդասարյան

«Ինքնիշխանության բավարար ռեսուրսը և քաղաքական սուբյեկտայնությունն ավելի գործուն գործիք է, քան բանակը»,- «Կովկասի կանայք՝ հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» վերտառությամբ 4-րդ տարեկան կոնֆերանսի ժամանակ այս մասին ասաց Ստեփանակերտի Մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի պատճառներին։

Գեղամ Բաղդասարյանն ասաց, որ վերջին տարիներին ԼՂ հակամարտության կողմ հանդիսացող երեք հասարակություններում ընթացել է արմատականացման գործընթաց, որն անհանգստություններ է առաջացնում հատկապես այն դեպքում, երբ դա ուղեկցվում է դաժանագույն տեղեկատվական պատերազմով։ Նրա կարծիքով՝ քանի դեռ տեղեկատվական պատերազմ է ընթանում, կարգավորման, խաղաղության հեռանկարների մասին կարելի է խոսել մեծ ծանրությամբ։ «Այս իմաստով՝ ապրիլյան իրադարձությունները փորձություն դարձան բոլորի համար՝ շարքային քաղաքացիների, իշխանությունների, միջազգային, խաղաղապահ   կազմակերպությունների համար։ Չենք կարող ասել, որ հաղթահարեցինք այս փորձությունը»,- ասաց Բաղդասարյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի օրերին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկու բառ՝ «խաղաղապահների պատերազմ»։ Նրա որակմամբ՝ նման գործընթաց էր գնում, որն ամենավիրավորականն էր։

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հասարակությունը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում անվտանգությունը պայմանավորում է բացառապես ռազմական բաղադրիչով։ Որոշ փորձագիտական շրջանակներում շրջանառվում է կարծիք, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմը տեղի ունեցավ, քանի որ խախտված էր ռազմական հավասարակշռությունը։ Այս ամենը, անխոս, առկա էր, իհա՛րկե, ռազմական հավասարակշռության խախտումը միակ պատճառը չէ, և մի՞թե միայն ռազմական հավասարակշռությունն է խախտվել։ Այս մասին, դատելով ամենից՝ ընդունված չէ ընդլայնվել»,- ասաց Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով՝ հայկական հասարակության էական հատվածը հագավ զինվորական հագուստ և ուղևորվեց առաջնային դիրքեր, որպեսզի պատերազմի կամ հոգեպես աջակցի զինվորներին։ Սա, ըստ նրա, ամբողջովին հասկանալի է, օրակարգը, բնականաբար, ևս ռազմական է, քննարկումների թեման՝ ռազմական հարցեր, տերմինաբանությունը՝ ևս ռազմական, խոսակցությունների գլխավոր խաղաթուղթը հետևյալն հարցն էր. «իսկ դու եղե՞լ ես առաջնագծում»։ Բաղդասարյանի որակմամբ՝ համատարած կանաչ զգեստավորումը ցույց տվեց հայ հասարակության անունակությունը՝ կապել անվտանգությունը քաղաքական բաղադրիչի հետ։ Նա հիշեցրեց, որ ապրիլյան իրադարձությունների ամենաառաջին օրվանից   պնդում էր, որ շփման գծում այդ իրադարձությունները սկսվեցին բացառապես այն պատճառով, որ պետք է բռնկվեին մեղավորությունները, բայց չբռնկվեցին։ Խոսքը, ըստ նրա, քաղաքական-դիվանագիտական ոլորտի մասին է։ Բանախոսի խորին համոզմամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ինքնիշխանության և քաղաքական սուբյեկտայնության կորուստն իրադարձությունները մոտեցրին շփման գծին, դրանով իսկ բանակը վերածելով մեր վերջին հույսին։ Բայց բանակը, ըստ նրա, հաշվի առնելով իր ողջ կարևորությունը՝ չի կարող լինել մեր միակ հույսն ու երաշխիքը, ավելին, բանակի հաջողության գրավականը կարող է լինել մեր համարժեք և միջազգային միտումներին համահունչ քաղաքականությունը։

Ապրիլյան իրադարձություններից հետո, Բաղդասարյանի կարծիքով, 3 գլխավոր եզրակացություն պետք է կատարել՝ ժողովրդավարության բացակայությունը գլխավոր սպառնալիքն է   մեր ժողովրդի ու պետության համար, հանդուրժողականություն ցուցաբերելով անօրինականության, կոռուպցիայի, ընտրական խախտումների, սոցիալական արտառոց անարդարության և այլ խնդիրների հարցում՝ վտանգի ենք ենթարկում մեր երեխաների կյանքը։ Ըստ նրա՝ հասարակության կողմից չվերահսկվող իշխանությունները վերահսկվում են այլ կերպ՝ նրանք դառնում են ավելի խոցելի և անպաշտպան՝ վերածվելով ժողովրդի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքի։ «Այլ բառերով, վերահսկվող իշխանությունները մեր անվտանգության երաշխիքն են։ Ինքնիշխանության բավարար ռեսուրսը և քաղաքական սուբյեկտայնությունն ավելի գործուն գործիք է, քան բանակը»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս