LOFT-ում մեկնարկում են IT միջոցառումները
Երիտասարդների կողմից ամենասիրված ժամանցային վայրերից մեկում՝ LOFT-ում, այսուհետ կգործի թվով 16-րդ ակումբը՝ IT-ն: Ակումբի բացման մասին հայտարարում են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» (EIF) և LOFT-ը:
LOFT-ի սոցմեդիայի և հանրայնացման կապերի պատասխանատու Անի Ավագյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ, թեև LOFT-ն ազատ հարթակ է բոլորի համար, այնուամենայնիվ, հիմնական լսարանը, ըստ վիճակագրության, երիտասարդներ են:
«Երիտասարդները միշտ ժամանակին համընթաց են քայլում: Հետևաբար, նրանց շրջանում IT ոլորտը bold-ով է նշված, այսինքն՝ հետաքրքրական է: Նրանք միշտ շատ մեծ ոգևորությամբ են ընդունում այս ոլորտի բոլոր նախագծերը և հանդես են գալիս՝ որպես ակտիվ «սպառողներ»։ Սա մեզ համար նորություն չէր, մենք պարզապես լավ գործընկերոջ էինք սպասում՝ այս բացը լրացնելու և LOFT-ի ակումբների ցանկը IT-ով համալրելու համար»,- նշում է Անի Ավագյանը:
LOFT-ն իր բոլոր ակումբների շրջանակներում համագործակցում է ոլորտի լավագույնների հետ՝ փորձելով դրանք դարձնել իսկապես պրոֆեսիոնալ և վստահելի։
«LOFT-ը մեծ ուրախությամբ սկսեց համագործակցությունը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» հետ: Որոշակի քննարկումներ վարելուց հետո մենք համատեղ կազմակերպեցինք IT ակումբի մեկնարկը»:
Այս նախագիծն իրենց ոլորտներում փորձառու նշված երկու կառույցների համագործակցության միայն առաջին պտուղն է և սկիզբը այն երկարատև ու լուրջ ճանապարհի, որի արդյունքների մասին դեռ կլսենք:
«IT ակումբն» իրենից ներկայացնում է դասախոսությունների, meetup-երի, workshop-երի և այլ ձևաչափերով հանդիպումների համար նախատեսված բաց հարթակ, որի շրջանակներում ներգրավված են լինելու ոլորտի լավագույն մասնագետները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից։
Ակումբի հիմնական նպատակն է ՝ Հայաստանում բարձրացնել IT ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը՝ դեռևս դպրոցական տարիքից:
«Մեր և EIF-ի միտումը նույնն է. ուղղորդել երիտասարդներին դեպի IT, ստեղծել նրանց համար հարմար հարթակ՝ զարգանալու և ինքնարտահայտվելու համար: Ահա թե ինչու ենք մենք համոզված, որ այս ակումբի գործունեությունը բավական արդյունավետ է ստացվելու: Մենք նպատակ ունենք ներդրում ունենալ IT ոլորտի զարգացմանը, տեղեկատվական հասարակության ձևավորմանը և, ինչո՞ւ ոչ, ստեղծել միջավայր, որտեղ, վստահ ենք, կծնվեն նոր ստարտափ պրոյեկտներ: Ի դեպ, LOFT-ը միշտ պատրաստակամություն է հայտնում հետաքրքիր ստարտափ նախագծերին իր աջակցությունը ցուցաբերել»,- ներկայացրեց Անին:
LOFT-ի «IT ակումբն» արդեն սկսել է իր աշխատանքը: Հունիսի 24-ին՝ «Կյանքը շատ կարճ է՝ հիմարություններով զբաղվելու համար» ուղերձով կմեկնարկի առաջին միջոցառումը, որի հատուկ հյուրն է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
«Հենց առաջին միջոցառման ընթացքում արդեն կպարզենք, թե Հայաստանում ՏՏ նախագիծ մեկնարկելուց առաջ ի՞նչ է պետք անել, ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել և ինչպե՞ս հասնել հաջողության»:
Սիրարփի Աղաբաբյան