Ապրիլյան պատերազմը կանխատեսած փորձագետն օգոստոսին ևս պատերազմ է կանխատեսում
Ես դեռ հունվարին կանխատեսել էի, որ ապրիլ ամսին ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու: Այսօրվա ասուլիսին այս մասին նշեց ՌԴ-ից ժամանած հայազգի քաղաքագետ Կարինե Գևորգյանը՝ ընդգծելով, որ իր հաշվարկներով՝ կարճատև պատերազմ կլինի նաև այս տարվա օգոստոսին:
«Ադրբեջանը կհարձակվի հայկական կողմի վրա, դա անխուսափելի է: Ադրբեջանը կփորձի կրակի մատնել մեր այգիները: Դրանք հենց այնպես չես այրի, չոր խոտ չեն, և կկիրառեն տարբեր զինատեսակներ: Ռուսաստանում հիմա խառնաշփոթ է: Նրանց համար Հայաստանը երկրորդ հարվածն էր՝ Ուկրաինայից հետ: Դրա համար հիմա Ռուսաստանում լուրջ խոսակցություններ են գնում այն մասին, որ բոլոր օրգանները չեն աշխատել Հայաստանում, արդյունքներ չկան: Նույնը, ինչ եղել է Ուկրաինայում: Նրանք աշխատել են միայն էլիտայի հետ, իսկ հասարակության մեջ ձևավորվել են հակառուսական տրամադրություններ»,- նշեց նա:
Անդրադառնալով ռուսական զենքի վաճառքին՝ նա նշեց, որ Ալիևը շատ փող ունի, պետք է նրանից դա վերցնել, իսկ դա անելու ամենահարմար տարբերակը զենքի վաճառքն է. «Ամեն դեպքում նա զենք գնելու էր: Այսօր նրա զենքերը ռուսական են, ու ֆորսմաժորային իրավիճակներում և Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում՝ դա կլինի հիբրիդային զինում, ինչն ավելի վատ է: Համակարգը պետք է մեկը լինի: Եթե նրանք պետք է զենք գնեն, ապա ավելի լավ է՝ դա անեն Ռուսաստանից, որպեսզի Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում խնդիրներ ունենան»:
Լրագրողների հարցին՝ Ռուսաստանը չպե՞տք է ավելի հստակեցնի իր դիրքորոշումը՝ ի վերջո, ո՞ւմ կողքին է՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի, նա այսպես պատասխանեց.
«Ես համաձայն եմ՝ դիրքորոշումն ավելի որոշակի պետք է լինի։ Համաձայն եմ ձեր քննադատության հետ։ Ռուսաստանում էլ են այդպես կարծում։ Բայց հասկանո՞ւմ եք` փոխգործակցել կարելի է ուժեղ սուբյեկտի հետ, որն ուժեղ դիրքեր ունի։ Պուտինը սուբյեկտ է, նա կամք ունի, այնտեղ, որտեղ չպետք է գործի, նա չի գործում։ Հայաստանում չկա սուբյեկտ, որի հետ նա հարաբերություններ կառուցի։ Սերժ Սարգսյանը գուցե սուբյեկտ է, բայց ոչ այնքան արժանի, որ Պուտինն իր հետ հարաբերություններ կառուցի։ Վստահելի հարաբերություններ այդ մարդկանց միջև չկան, դա իմ անձնական տեսակետն է»։
Իսկ ղարաբաղյան կոնֆլիկտի մասով ցանկացած որոշում նա համարում է ոչ արդյունավետ. «Ղարաբաղում միակ լեգիտիմ մարդը, որ կարող է հարաբերություններ վարել միջազգային հանրության հետ, Պարգև Սրբազանն է, քանի որ Հայկական եկեղեցին միջազգային բոլոր հնարավոր կառույցների լիիրավ անդամ է: Մինչդեռ այդ բարձրաստիճան հոգևորականի գործոնը չի օգտագործվում»: