
«Պետք չի հիմա գնահատական տալ, որ ձախողել ենք». Պապիկյանը կհասցնի՞ 2 ամսում կատարել խոստումը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ, և, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:
Թե կոնկրետ ի՞նչ փուլի մասին է խոսքը, կամ՝ ե՞րբ պատրատ կլինի բանակի նոր համազգեստը, պարզ չէ: Սակայն փաստ է, որ նախապես հայտարարված ժամկետներն այս առումով խախտվել են:
2023 թվականի փետրվարի 2-ին պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր.
«ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ:
Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների գնման՝ «ՀՀ ՊՆ-ԲՄԽԾՁԲ-23-7/1» ծածկագրով բաց մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնի «Բաց մրցույթի նախաորակավորման հայտարարություն» ենթաբաժնում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ն է»:
Նույն թվականի նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր, որ 2024 թվականին հասցնելու են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի փոփոխությունը։
«Ուզում եմ ուշադրության հրավիրել առ այն, որ դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաև բովանդակային փոփոխություն է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքն արտահայտի, զինվորականի հագուստը որակապես պետք է լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով։
Այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել, նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, ովքեր կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասով։ Խոսքը վերաբերում է բոլոր համազգեստներին։ Արդյունքը եղել է այն, որ մասնակցել են մի շարք ընկերություններ և որակավորման առաջին փուլը անցել են, սակայն երկրորդ փուլի համար միայն մեկ զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ Մնացածի մասով, ցավոք, մասնակիցներ չենք ունեցել: Հիմա աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, առաջիկա օրերին կստանանք առաջարկներ, դրանք կադապտացնենք հայաստանյան իրականությանը, պատկերացումներին, հայկական սիմվոլիկային, այսինքն՝ խոսքը նաև զինվորական այն համազգեստներին է վերաբերում, որոնք պաշտոնական են, տոնական են, դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք ձեռքբերման համար և 2024 թվականին: Եվ պետք չի հիմա գնահատական տալ, որ ձախողել ենք, մենք չենք ձախողելու»,- հայտարարել էր Սուրեն Պապիկյանը:
Արդեն 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանություն հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ միջազգային գործընկերն ամերիկյան «Միլլիկեն» ընկերությունն է:
«ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ համազգեստի տեսակների, մշակման գործընթացի, փորձանմուշների մատակարարման ժամկետների և ծրագրի իրականացման այլ ընթացակարգերի վերաբերյալ»,- ասվում էր ՊՆ հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցներին գերատեսչությունից նաև հայտնել էին, որ նոր համազգեստի ընտրության հարցում, մասնավորապես, ուսումնասիրվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները։
Իսկ 2024 թվականի հոկտեմբերին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում Սուրեն Պապիկյանը նշել էր՝ «Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել բանակի հագուստի վերաբերյալ պայմանագրի կնքումը և առաջիկայում պայմանագիրը կկնքվի, սա ենթադրում է, որ 2025-ին կունենաք նոր համազգեստները»:
Արդեն 2025 թվականի հոկտեմբերն է, արդյոք երկու ամսում Հայաստան կհասնի՞ բանակի նոր համազգեստի որոշակի խմբաքանակ, թե՞ հերթական անգամ գործ կունենանք նախարարի խոստման չկատարման, դրա իրականացման ձախողման հետ, պարզ կլինի առաջիկա ամիսներին:
Ի դեպ, հաշվի առնելով գործող իշխանությունների պատկերացումները հայկական իրականության և խորհրդանիշների վերաբերյալ, լուրջ մտահոգություններ կան, թե ինչպիսին է լինելու նոր համազգեստը և արդյո՞ք նրանք կրելու են հայկական խորհրդանիշներ, թե՞ ոչ: