
Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 11,5 կիլոգրամ թմրամիջոց. 4 անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11,5 կիլոգրամ թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից՝ նշելով, որ չորս անձ կալանավորվել է:
«Ըստ տեղեկության՝ իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութ էր ներկրվելու Հայաստան:
Հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ և 39-ամյա մի օտարերկրացի: 35-ամյա տղամարդու և օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվել են քննչական վարչություն»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով: Դրանից հինգ կիլոգրամը մեթամֆետամինի, երեք կիլոգրամ 370 գրամը` մարիխուանայի նմանվող զանգվածներ էին: Եվ սա դեռ ամբողջը չէր:
Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած մեքենայով հանդերձ նախաքննական մարմին է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդ: Հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող երկու կիլոգրամ հիսուն գրամ զանգվածով փաթեթ:
Բոլորն էլ կալանավորվել են:
Հոկտեմբերի 12-ին, դարձյալ դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած` Էջմիածնում գտնվող քոթեջում. հայտնաբերվել են 238 գրամ հերոինի, 144 գրամ ափիոնի և 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։
Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ: