«Հայաստանի 6 մարզերի աշակերտների առողջության վրա ֆոլաթթվի, երկաթի, ցինկի միացությունների ազդեցության հետազոտությունների արդյունքներ մեզ հայտնի չեն»

Հարցազրույց ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ և «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գոհար Ջրբաշյանի հետ

– Տիկին Ջրբաշյան, ինչի՞ց սկսվեց սննդային հավելումների հաղթարշավն աշխարհում:

– Կենսաակտիվ սննդային հավելումները հեղեղել են համաշխարհային շուկան և համարվում են ինքնաբուժման գրեթե անկառավարելի ապրանքատեսակներ, որոնք ամենաշատ կեղծված/խարդախված արտադրանքն են աշխարհում: Դրանում լրջագույն դերակատարությունն ունի այդ ոլորտի անկատար կանոնակարգումը (օրինակ՝ ԱՄՆ-ում) կամ բացակայությունը՝ ինչպես Հայաստանում է։ Ինչից սկսվեց դրանց «հաղթարշավը»։ Հայտնի է, որ Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (քիմիայի` 1954թ., և խաղաղության` 1962թ.) Լայնուս Պոլինգը 1966թ. պնդել է, որ գեր-դեղաչափով (mega-doses) C վիտամինը բուժում և կանխում է ընդհանուր մրսածությունը: Պոլինգի հաջորդ հայտարարությունն այն էր, որ գեր-դեղաչափերով վիտամինները կարող են բուժել քաղցկեղը, սրտի հիվանդությունը, հոգեկան հիվանդությունը, թոքաբորբը, հեպատիտը, պոլիոմիելիտը, և այլն:

Բնականաբար, հետագայում որևէ ապացուցողական հենք չունեցող այդ բոլոր պնդումները պատշաճ կլինիկական փորձարկումներով հերքվել են։ Մտահոգված լինելով այն փաստով, որ մարդկանց սպառում են ավելի ու ավելի մեծ քանակությամբ վիտամիններ՝ ԱՄՆ Պարենի և դեղերի վարչությունը (ՊԴՎ) 1972թ․ հայտարարեց կենսաակտիվ սննդային հավելումների ոլորտի կանոնակարգման ծրագրի մասին, որի համաձայն՝ վիտամին արտադրողները նախքան իրենց արտադրանքը վաճառքի հանելը՝ պետք է ապացուցեին, որ օրական թույլատրելի չափաքանակն ավելի քան 150 տոկոսով գերազանցող գերվիտամինները (megavitamins) անվտանգ են: Ի պատասխան, վիտամիններ և այլ սննդային հավելումներ արտադրողները ձեռնամուխ եղան այս օրինագիծը կասեցնելուն:

Կարդացեք նաև

Նրանք հմտորեն օգտագործեցին Պոլինգի «նոբելյան հեղինակությունը» (իսկ գուցե հենց նրանց դրդմամբ էլ Պոլինգը վիտամին C-ի մասին անհիմն պնդումներն անում էր)։ ԱՄՆ Կոնգրեսը 1976թ. ապրիլի 22-ին ընդունեց «Արգելել Պարենի և դեղերի վարչությանը կարգավորել անվտանգ վիտամիններն ու հանքային նյութերը որպես վտանգավոր դեղեր» օրինագիծը: Այն հայտնի է նաև՝ որպես Պրոքսմայըրի օրինագիծ՝ սենատոր Վ.Պրոքսմայըրի (Sen. William Proxmire) անունով, այդ փոփոխության գլխավոր հովանավորը, ում սննդային հավելումներ արտադրողները վարձել էին ՊԴՎ-ի ներկայացրած օրինագիծը կասեցնելու համար: Այս օրենքը, հիմնվելով բացառապես վիտամինահանքային հավելումների զորության (potency) վրա՝ օրենսդրորեն արգելում է ՊԴՎ-ին սահմանել սննդային վիտամինահանքային հավելումների զորության սահմանափակող չափորոշիչներ կամ վերահսկել դրանք որպես դեղեր:

Այսպիսով, ԱՄՆ-ում (նրա օրինակով՝ նաև որոշ այլ երկրներում) վիտամինահանքային միացությունները դասակարգված են՝ որպես սնունդ։ ԱՄՆ-ում սննդային հավելումների ոլորտը կանոնակարգող օրենքների համաձայն՝ սննդային հավելումներ արտադրողները պարտավոր չեն նույնպիսի խստությամբ, ինչպես դեղերի համար է պահանջվում՝ ապացուցել իրենց արտադրանքի անվտանգությունն ու արդյունավետությունը, նախքան դրանց վաճառքը: Ի «ապացույց» հավելման որևէ նոր բաղադրիչի արդյունավետության, որպես կանոն՝ ներկայացվում են մի քանի հոգու կամ կենդանիների վրա արված պիլոտային փորձարկումների արդյունքներ։ Հետագայում, վաճառքում հայտնվելուց հետո միայն, ՊԴՎ-ն կարող է ապացուցել դրանց վտանգավորությունը՝ բացասական հետևանքների (adverce effects) հիման վրա: Ընդ որում, մարդիկ դեռ պետք է կարողանան ապացուցել, որ կոնկրետ այդ հավելման պատճառով է իրենց կամ հարազատի առողջությունը վնասվել, կամ մահ է գրանցվել։ Այս պայմաններում բնավ զարմանալի չէ այդ գրեթե անվերահսկելի ինդուստրիայի աստղաբաշխական տեմպերով աճը։ Այսպես, 1994թ. 4 մլրդ դոլարի 4000 անուն սննդային հավելումների շուկան ԱՄՆ-ում հատել է $36,7մլրդ-ը, 85000 անուն սննդային հավելում սահմանը՝ 2014թ.։

– Նշում եք, որ այդ ամենը պնդումներ են, որոնք որևէ գիտական հիմնավորում չունեին, և հակառակն ապացուցող փաստերը, հիմնավորված պատշաճ կրկնակի-կույր պլացեբո վերահսկվող կլինիկական փորձարկումների արդյունքներով, օրի օրի ավելանում են: Ինչո՞ւ մարդկանց մեծ մասը չգիտի այդ մասին:

– Պարենի և դեղերի վարչության (ՊԴՎ) պահանջով՝ արտադրողներն իրավունք չունեն բուժական պնդումներ տեղադրել՝ որպես չդասակարգված, սննդային հավելման պիտակի վրա (օրենքի այս պահանջը շրջանցվում է տեղեկատվական թերթիկների, ինտերնետի, բանավոր ներկայացումների և զանազան այլ ձևերով) և պարտավոր են կամայական սննդային հավելման պիտակի վրա առողջության վրա բարերար ազդեցության պնդումների կապակցությամբ զգուշացնել սպառողին, որ «Այս պնդումները չեն գնահատվել Պարենի և դեղերի վարչության կողմից: Այս ապրանքը նախատեսված չէ որևէ հիվանդություն ախտորոշելու, բուժելու, բժշկելու, կամ կանխարգելելու համար»: Մարդկանց մեծամասնությունն այս հանձնառության հրաժարումը (Disclaimer) կամ չի կարդում, կամ էլ լիովին չի ընկալում, թե դա ինչ է նշանակում։

Չնայած գործում են սննդային հավելումների արտադրության պատշաճ գործելակերպի պահանջներ (Good Manufacturing Practice – GMP), այնուամենայնիվ, ոլորտի նման կանոնակարգումը հանգեցնում է նրան, որ սննդային հավելման բացասական հետևանքների համար լուրջ պատասխանատվություն չի կրում ո՛չ արտադրողը, ո՛չ վաճառողը, և ո՛չ էլ ՊԴՎ-ն։ Այսպիսի «կանոնակարգման» պտուղները քաղում է ողջ աշխարհը՝ քանի որ ԱՄՆ-ը, ինչպես ասում են, դարձել է այդ ոլորտի «законодательница моды»-ն, և բոլորը հետևում են նրա օրինակին, ցավոք, առանց հաշվի առնելու դրա խիստ բացասական հետևանքները՝ հատկապես երկարաժամկետում։ Այստեղ կուզենային մեջբերել Հարվարդի բժշկության համալսարանի «Առողջության բլոգի» գործադիր խմբագիր Պատրիկ Սքերրեթի (Patrick J. Skerrett) խոսքերը․«Դուք կարող է մտածեք, որ վաճառվող սննդային հավելումներն ինչ-որ պետական գործակալություն ստուգում է, որպեսզի երաշխավորվի, որ դրանք պարունակում են այն, ինչ ասվում է, բարելավում են առողջությունը՝ ինչպես գովազդվում է, և անվտանգ են: Բայց դա այդպես չէ։ Սննդային հավելումների արդյունաբերությունը պայքարում է ՊԴՎ նոր ուղեցույցների դեմ, ասելով, որ դրանք վատ կլինեն բիզնեսի համար։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է լավ լինեն նրանց առողջության համար, ովքեր որոշել են սննդային հավելումներ ընդունել։ ՊԴՎ-ն ավելի խիստ կանոնակարգերի կարիք ունի, որպեսզի ապահովի սննդային հավելումների անվտանգությունը»: Ինդուստրիան ամեն կերպ դիմադրում է ոլորտի ավելի ուժեղ կանոնակարգմանը, և ինչպես երևում է՝ ՊԴՎ-ն նույնպես չի շտապում։ Հատուկ ընդգծեմ, որ Հայաստանում սինթետիկ վիտամինահանքային միացությունները ներառված են «Հիմնական դեղերի ցանկում»՝ որպես դեղեր։

Jrbashyan (2)

– «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության նամակում (հունվարի 22, 2015թ.)՝ «Բաց նամակ Հանրային խորհրդին և ԱԺ պատգամավորներին», մասնավորապես նշված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014թ. նոյեմբերի 13-ին հավանություն տվեց «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0 ՀՀ օրենքի նախագծին և դրան կից մի շարք փաստաթղթերի, որոնց համաձայն՝ oրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է հարստացվի պրեմիքսներով (վիտամինահանքանյութային հավելումներով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով: Նշենք, որ այս օրենքի ուժով պարտադիր հարստացման ենթակա ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85%-ը: Այսինքն` օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորության ալրաղացների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նախատեսվում է տրամադրել տեխնիկական աջակցություն: Յոթ ալրաղացների 13 հոսքային գծերի համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից արդեն իսկ (այսինքն` նախքան օրենքի ընդունումը) ձեռք են բերվել և Հայաստան ներկրվել ալյուրի հարստացման սարքավորումներ, ինչը հուշում է, որ Հայաստանից ինչ-որ մեկը կամ ոմանք, զանց առնելով ԱԺ պատգամավորների կամքը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին երաշխավորել են, որ հիշյալ օրենքն անպայման ընդունվելու է: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից որոշակի ժամանակահատվածում, կտրամադրվեն նաև պրեմիքսներ: Ողջ բնակչության առողջության վրա իր ազդեցությունն ունեցող վերոնշյալ օրենքի ընդունումը ծնում է բազում անպատասխան հարցեր և լուրջ մտահոգություններ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր դիտարկմանը: Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման և առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Իսկ որտե՞ղ և ե՞րբ է ՀՀ բնակչության մոտ արձանագրվել մի շարք վիտամինների և միկրոտարրերի անբավարարություն: Որպես օրենքի հիմնավորում՝ բերվում են Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության (ՀԺԱՀ) 2005թ. տվյալներն առ այն, որ մինչև 5 տարեկան երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության տարածվածություն, համապատասխանաբար՝ 37% և 25%: Մեջբերում ՀԺԱՀ 2005թ․հետազոտությունից. «Օրինակ՝ Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը հինգ տարիների ընթացքում եռապատկվել է՝ 13 տոկոսից (2000թ.) մինչև 45 տոկոս (2005թ.): Նմանապես Գեղարքունիքում, սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 32 տոկոսից մինչև 63 տոկոս: Նման մեծ տատանումներն անհավանական են… Ինչպես նաև հնարավոր է՝ սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում և սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները:

Երբ աղյուսակից բացառվում են Երևան և Գեղարքունիք մարզերը, ապա չի նկատվում ոչ մի էական փոփոխություն վերջին հինգ տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ ողջ բնակչության առողջության վրա իր ազդեցությամբ շատ ու շատ այլ օրենքներից տարբերվող «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունման համար 9-10 տարվա վաղեմության, նույնիսկ հետազոտողների կողմից կասկածի ենթարկված թվերն ապացուցողական փաստարկ լինել չեն կարող: Առավել ևս, որ ապացուցված չէ որևէ սնուցիչի անբավարարությունը։ Նշենք նաև, որ ի տարբերություն ՀԺԱՀ հետազոտությունում ընդգրկված ընդամենը 176 կնոջ փոխարեն, ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրական տարեգրքում նշված է, որ նույն 2005թ.-ին հղիությունն ավարտած 37789 կնոջ մոտ սակավարյունության մակարդակը եղել է 10,7%։ Ինչ է, ՀՀ ԱՆ իր իսկ հրապարակած թվերին չի՞ հավատում։ Բարձր վարկանիշի բժշկագիտական հետազոտությունների հիման վրա ձեր նամակում նշել եք նաև սննդի հարստացման մեջ կիրառվող սինթետիկ միացությունների բազմաթիվ բացասական հետևանքների և հակացուցումների մասին, գերդոզավորման բարձր հավանականության մասին, ինչպես նաև այն մասին, որ ֆոլաթթուն կաթված չի կանխարգելում, և ժամանակակից բժշկագիտությունը խորհուրդ չի տալիս այն կիրառել այդ նպատակով։ Նման մոտեցումը փաստում է օրինագիծը մշակողների աշխատանքային պարտականությունների նկատմամբ անթույլատրելի անփութությունը»: Որևէ բան կուզենայի՞ք ավելացնել։

– Ֆոլաթթվի, երկաթի և այլ սինթետիկ վիտամինահանքային միացությունների ավելցուկների բացասական հետևանքների մասին արդեն բանական լայնածավալ վերլուծական հոդվածներ տպագրվել են։ Այնուամենայնիվ, ավելորդ չի լինի հիշեցնել, որ ԱՄՆ-ում ալյուրի պարտադիր հարստացումը 1998թ. սկսելուց հետո նյարդային խողովակի արատների (ՆԽԱ) ցուցանիշը գրեթե չի նվազել սպիտակների մոտ։ Այլուրի պարտադիր հարստացում իրականացնող որոշ երկրներում ՆԽԱ տարածվածության կրճատումը մեծ վստահությամբ ալյուրի հարստացմանը վերագրելու համար պատշաճ կլինիկական հետազոտություններ չկան և չեն էլ կարող լինել, քանի որ այդ երկրներում հսկիչ խումբ գտնել հնարավոր չէ՝ ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխանող համեմատական վերլուծություն անելու համար: Առավելագույնը, որ հնարավոր է անել, դա ՆԽԱ տարածվածության ցուցանիշների համեմատությունն է պարտադիր հարստացումից առաջ և հետո, ինչը բուժական/կանխարգելման միջամտության արդյունավետության հավաստիությունը շատ խոցելի է դարձնում։ Նման իրավիճակներում, դրական արդյունքները կիրառված միջամտությանը վերագրելուն զուգընթաց, բացասական հետևանքները ևս պետք է այդ միջամտությանը վերագրել։ Օրինակ, երեխաների մոտ մեծ արագությամբ աճում է աուտիզմի առաջնային ախտորոշման ցուցանիշը և տարածվածությունը։

Վերջին տարիների այդ ահագնացող խնդրի վրա սկսել են լուրջ ուշադրություն դարձնել և հետահայաց ուսումնասիրություններ անել։ «Bear-ը (2011) հնարավոր է համարում, որ 1 մգ ֆոլաթթվի ընդունումը կապված է եղել աուտիզմի աճի հետ 1976-1997թթ.։ Համեմատելով աուտիզմով երեխաների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների «Պատվաստանյութերի անվտանգության դատա-լինք» (The Centers for Disease Control Vaccine Safety Datalink) ծրագրի տվյալները 1994-1999թթ. համար, DeSoto-ն (2012) տեղեկացնում է, որ հղիության ընթացքում ֆոլաթթվով հավելումների ընդունումն ավելացրել է աուտիզմի ռիսկն ավելի քան 2,5 անգամ։ Բոլորովին վերջերս Ջոն Հոպկինս համալսարանը հրապարակել է հետազոտության նախնական արդյունքները, ըստ որի՝ մոր մոտ (ծննդաբերությունից հետո 3 օրվա ընթացքում) և՛ ֆոլատի (բնական և սինթետիկ), և՛ B12 վիտամինի բարձր մակարդակները մեծացնում են աուտիզմի ռիսկը՝ 2-17,6 անգամ։ Նշեմ, որ 2007-2015թթ. ընթացքում Հայաստանում հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 1039 (73, 78, 80, 105, 118, 121, 150, 157, 157) առաջնակի ախտորոշված դեպք:

– Դուք նաև դեմ եք, որ գինեկոլոգները հղիներին ֆոլաթթու են նշանակում, և բերում եք հիմնավոր պատճառներ:

– Մեր բոլոր ջանքերը՝ պարզելու համար, թե ի՞նչ ուղեցույցների համաձայն են գինեկոլոգները հղիներին ռուտին (առանց ստուգելու նրանց մոտ ֆոլատների կարգավիճակը) գեր-դեղաչափով 5մգ ֆոլաթթու նշանակում, և այն էլ՝ առնվազն 3 ամսով՝ որևէ արդյունք չեն տվել։ Նախ՝ եթե ֆոլաթթու են նշանակում ՆԽԱ-ն «կանխարգելելու» համար, ապա մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ պտղի ՆԽԱ-ն փակվում է բեղմնավորումից հետո 17-28 օրերի ընթացքում։ Եվ հետևաբար, այդ ժամկետից հետո ընդունած ֆոլատները և/կամ ֆոլաթթուն արդեն անկարող են այն փակել, եթե մինչ այդ այն չի փակվել։ Մյուս կողմից՝ անհասկանալի է այդ գերչափաբաժինը, որը նշանակվում է բոլոր հղիներին։ Չէ՞ որ, մարդու լյարդը (տետրադիհիդրաֆոլատ ռեդուկտազ ֆերմենտի միջոցով) կարող է ձևափոխել միջինում 200-266 մկգ ֆոլաթթու ընդամենը։ Այսինքն, օրգանիզմը 20-25 օրվա ընթացքում հազիվ հասցնի յուրացնել 5 մգ ֆոլաթթուն։

Ինչպիսի՞ն է եղել Հանրային խորհրդի և ԱԺ արձագանքն ալյուրի հարստացման թեմայով նամակներին, ելույթներին և հրապարակումներին:

Շատ հակիրճ ներկայացնեմ․ «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության, սպառողների իրավունքների հարցերով զբաղվող մի քանի կազմակերպությունների, ինչպես նաև՝ ոլորտին առնչություն ունեցող բազմաթիվ մասնագետների ու պարզապես ազգի առողջության հարցերով մտահոգ քաղաքացիների բուռն և բացասական արձագանքի արդյունքն այն եղավ, որ նախ՝ 02.02.2015թ. ԱԺ-ն որոշեց նստաշրջանի օրակարգ օրենքի նախագծի ընդգրկվելը հետաձգել մինչև մեկ տարով, իսկ այս տարի այն ընդհանրապես չներառվեց հերթական նստաշրջանի օրակարգ։ Սակայն սա չի նշանակում, որ իր բոլոր թերություններով և, ըստ էության, անհիմն «հիմնավորումներով» հանդերձ, որոշ շահագրգիռ ուժերի համառ ջանքերով օրենքի նախագիծը չի ներառվի հաջորդ նստաշրջան։

Ուրախալին այն է, որ բոլորովին վերջերս «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունների, բազմաթիվ ծնողների բողոքների, և ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Էդմոն Մարուքյանի հարցադրումների հիման վրա «Դպրոցական սնունդ» ծրագրով տարրական դասարանների երեխաներին տրամադրվող հացն արդեն թխվում է չհարստացված ալյուրից։ Հիշեցնեմ, որ «Պարենի համաշխարհային ծրագրի» շրջանակներում, առանց ծնողների և անգամ տնօրենների գիտության, 5 տարի շարունակ Հայաստանի 6 մարզերի տարրական դասարանի աշակերտներին ֆոլաթթվով (B9), երկաթով, վիտամին A-ով, ցինկի միացություններով հարստացված ալյուրից թխված հաց էին տալիս։ Երեխաների առողջության վրա այդ միացությունների ազդեցության հետազոտությունների (շատ կասկածում ենք, որ այդպիսիք կան) արդյունքներ մեզ հայտնի չեն։

Ո՞րն է լուծումը:

– Առաջնահերթ ծրագրերից է երեխաների և կանանց մոտ ճիճվակրության և բորբոքային հիվանդությունների ստուգումը։ Որոնց դեպքում հակացուցված է երկաթի միացությունների ընդունումը։ Ի դեպ, դա հակացուցված է նաև քաղցկեղով, տուբերկուլյոզով, ՁԻԱՀ-ով հիվանդներին։ Դե հիմա ասեք՝ արժե՞ 20-25 ՆԽԱ կասկածելի կանխարգելման «հիմնավորումով» վտանգի ենթարկել մեր ողջ բնակչությանն ու ապագա սերունդներին։ Միայն բնական սնունդ։ Թեփը չհանած ցորենի ալյուրի հացը և՛ առողջարար է, և՛ սննդարար։ Իհարկե, շատ համապարփակ ծրագրեր է պետք մշակել և իրականացնել բնակչությանն էկոլոգիապես մաքուր սննդամթերքով ապահովելու, ինչպես նաև՝ առողջ սննդակարգով սնվելու սովորությունները լավացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս