Կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը
Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն:
Մրցույթի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը: