Ինչո՞ւ է վերադարձել Սամվել Բաբայանը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ պաշտպանության համակարգում աղմկոտ ձերբակալությունների մասին: Միանգամից 3 բարձրաստիճան զինվորականներ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը ձերբակալվել են մայիսի 30-ին: Առաջին երկուսը բոլորովին վերջերս էին ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Երեկ հետաքրքիր զուգադիպությամբ ՊՆ գեներալի եւ գնդապետների ձերբակալության լուրին զուգահեռ էլեկտրոնային ԶԼՄ-ներում լայն տարածում գտավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` «Սիվիլնեթին» տված հարցազրույցը, որտեղ Բաբայանը, որը, հիշեցնենք, երկարատեւ բացակայությունից հետո օրերս է վերադարձել Մոսկվայից, վերլուծում է թե՛ ապրիլի սկզբին կատարվածը, եւ թե՛ Հայաստանի պաշտպանության համակարգում տիրող վիճակը:
Բաբայանն այս հարցազրույցում բազմաթիվ ռազմական նշանակության կարեւոր հայտարարություններ արեց: Օրինակ, նա ասաց, որ ադրբեջանական կողմը ապրիլի լույս 2-ի գիշերը ոչ թե լայնածավալ պատերազմական գործողություն է նախաձեռնել, այլ ընդամենը դիվերսիոն գործողություն, որտեղ անսպասելիորեն հաջողության է հասել: «Փաստը նա է, որ կես ժամ, մի ժամվա մեջ այդ ամբողջ դիրքերը հանձնվել են, որից հետո փորձել ենք վերականգնել հարձակումներով, ինչն էլ բերել է կորուստներին»,- ասում է Բաբայանը: Մինչեւ հիմա դեպքերի նման զարգացում որեւէ մեկը չէր նկարագրել: Ըստ Բաբայանի, գիշերվա գործողության ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է այն բոլոր դիրքերը, որոնց մի մասը մինչ այժմ գտնվում է նրա վերահսկողության տակ, եւ ապրիլի 2-ի օրվա երկրորդ կեսից հայկական զորքը հարձակումներ է նախաձեռնել՝ դրանք հետ բերելու համար: Այս հայտարարությունը նշանակում է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ի կեսօր մարտերը մղվել են կորցրած դիրքերը հետ ստանալու համար:
Սա նորություն է, որին, կարծում ենք, ՊՆ-ն պետք է արձագանքի: Բաբայանն այլ ռազմական-դիվանագիտական նշանակության հայտարարություններ էլ է անում, որոնց վերաբերյալ կոմպետենտ պաշտոնյայի բացատրությունները հետաքրքիր կլինեին:
Սակայն պակաս ուշագրավ չէ այդ հարցազրույցի 3 դրվագ: Նախ նա ասում է, որ պատերազմից հետո ղարաբաղցիք իրեն «անընդհատ զանգել են եւ խնդրել` բա գաս, մի հատ խոսենք»: Երկրորդ. անուղղակիորեն հայտարարում է, որ եկել է իշխանություններին օգնելու համար` «Ես եկել եմ՝ լինեմ ժողովրդի կողքին, իրանց օգնեմ, կասե՞ն` պետք է պահենք էս ամեն ինչը, կանեմ ինձանից կախվածը, որպեսզի պահենք, ուզում են հանձնե՞ն` դա ժողովուրդն է որոշում»: Եվ երրորդ, խոսելով բանակի վիճակի մասին, ասում է. «Ոգով չի կարելի բանակ պահել (…) Ես չեմ մտածում նման ձեւի բանակ ղեկավարել, պատրաստ չեմ»: Ինչո՞ւ պետք է ինքը բանակ ղեկավարի, ո՞ր բանակը, ո՞վ է իրեն նման բան առաջարկել. այս հարցերի պատասխանը, համենայնդեպս, այս հարցազրույցում չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: