Որտե՞ղ է «Երևան» երկնաքարը
Անհանգիստ երկինքն անհանգիստ է բոլորի համար: Նա հաճախ է մեզ անակնկալներ մատուցում, երբեմն էլ՝ առեղծվածներ, և հիմա մեր պատմությունն այդ առեղծվածներից մեկի մասին է: Իսկ պատմությունն ասում է, որ անցյալ դարասկզբին Երևանի մերձակայքում մի խոշոր երկնաքար ընկավ: Ավելի մանրամասն վկայություններ, ցավոք, չկան:
Ըստ տեղեկությունների՝ երկնաքարն ընկել է 1911 թվականին (որոշ աղբյուրների համաձայն` 1912թ.): Այն շատ հազվագյուտ տեսակներից էր` ախոնդրիտ: Եվ այնուհետև դրա հետքերը ջնջվում են` մնալով միայն այն մարդկանց հիշողության մեջ, որոնց բախտ էր վիճակվել տեսնել երկնային այդ շիկացած եկվորի բախումը երկրին: Տիեզերքի անսահման տարածությունները կտրած մարմինը եկավ, ընկավ Երևանի մերձակայքում ու… անհետացավ: Եվ երևի թե այսքանով էլ պիտի ավարտվեր նրա մասին պատմությունը, եթե երջանիկ պատահականությունը վերստին առիթ չտար հիշելու ու լույս աշխարհ հանելու տիեզերքից եկած քարաբեկորը:
Դա կատարվեց ավելի քան 41 տարի առաջ` 1975 թ. փետրվարին: Այդ օրերին ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում մի հոդված տպագրվեց «Գտիր քո երկնաքարը» վերտառությամբ: Հոդվածում հեղինակը քաղաքացիներին կոչ էր անում թերթին հաղորդել այն բոլոր դեպքերի մասին, երբ նրանք երկնաքարերի անկման ականատեսը կլինեն կամ կգտնեն նման քարեր: Ահա հենց այդ հոդվածն էր, որ ընթերցեց նաև Սամարա քաղաքում բնակվող լեռնային ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա. Պետրոսյանը: Ու հենց նույն օրը նա նստեց` նամակ գրելու «Կոմսոմոլսկայա պրավդայի» խմբագրությանը:
Նամակում ասվում էր. «1912 թվականին իմ հորն է փոխանցվել մի ինչ-որ բան, որ երկնքից էր ընկել, ամենայն հավանականությամբ` երկնաքար: Դրա ամբողջ արտաքին մասը հալված է, իսկ գորշ-մոխրագույն կտրվածքներում առկա են առավել մուգ և լուսավոր բծեր»:
Այնուհետև ի հայտ եկան նոր մանրամասներ՝ լույս սփռելով «Երևան» երկնաքարի հետագա ճակատագրի վրա: Երբ քարը հանձնել էին նրա հորը, Պետրոսյանն այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր և շատ ու շատ կարևոր դրվագներ մտապահել չէր կարող: Սակայն ավելի ուշ՝ 1928 թվականին, նա որոշում է քարից մի բեկոր սղոցել ու հանձնել մասնագետներին: Ստացվում է այնպես, որ առաջին բեկորը նա տալիս է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաբանության ամբիոնին: Տարիներ անց, երբ անհրաժեշտություն առաջացավ հստակեցնել դրա գտնվելու ստույգ վայրը և այդ նպատակով Բաքվին մի քանի հարցումներ առաքվեցին, երկնաքարի այդ կտորն այդպես էլ հայտնաբերել չհաջողվեց: Քարն անհետացել էր:
1960 թվականին Պետրոսյանը երկնաքարի երկրորդ կտորը սղոցեց և այս անգամ դա հանձնեց Կույբիշև քաղաքի Պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաբանության ամբիոնին: Այն կշռում էր 68.5 գրամ: Բայց շատ չանցած՝ թանկարժեք բեռը հետ ուղարկեցին նրան, քանի որ տեղում երկնաքարերի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ չկային: Մնում էր միայն մի տարբերակ՝ գտնել ուրիշ հասցեատեր: Եվ «Երևան» երկնաքարի երկրորդ հատվածն այս անգամ ուղղություն վերցրեց դեպի Մոսկվա: Կան հստակ վկայություններ, որ 1975 թվականի ապրիլին երկնաքարն արդեն Մոսկվայում էր՝ Գիտությունների ակադեմիայի Երկնաքարերի ուսումնասիրման կոմիտեում (КМЕТ):
Այս պատմության երրորդ դրվագն արդեն վերաբերում է մեզ, քանի որ 1975 թվականին՝ «Կոմսոմոլսկայա պրավդային» նամակ գրելուց հետո, Վ. Պետրոսյանը որոշում է երկնաքարի երրորդ կտորը (38, 7 գ) տրամադրել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրագիտության թանգարանին: Երկարատև բաժանումից հետո քարը վերադառնում էր այնտեղ, որտեղից գտնվել էր: Միայն թե այս անգամ էլ հանգուցալուծումը չդարձավ այնպիսին, ինչպես կարելի էր ակնկալել: Քարը կրկին անհետացավ:
Թանգարանին արված հարցմանն ի պատասխան՝ տեղեկացվում է, որ իրենց մոտ «Երևան» երկնաքարի բեկորը չկա: Ճիշտ է, այնտեղ պահվում են այլ երկնաքարեր, որոնցից ամենանշանավորը Սիխոտե-Ալինյան երկնաքարն է, սակայն «Երևանի» մասին նրանք տեղեկություն չունեն: Ստացվում է այնպես, որ առայժմ միակ վայրը, որտեղ կարելի է տեսնել նշանավոր քարի շոշափելի հատվածը, մնում է Մոսկվան: Իսկ մենք առայժմ կարող ենք բավարարվել ընդամենը դրա լուսանկարներով: Պահպանվել է մի լուսանկար, որտեղ երևում է «Երևան» երկնաքարը՝ իր ամբողջական տեսքով: Մասնագիտական գնահատականներով՝ երկնաքարը սկզբնապես եղել է 5 х 6 х 7 սմ, այսինքն՝ գրեթե բռունցքի չափ: Ենթադրություններ կան, որ նրա ծավալը կազմել է 500 ± 100 գրամ: Երկրորդ լուսանկարը ներկայացնում է մոսկովյան բեկորի սղոցված ու ողորկ կողմը:
Հուսանք, որ մի օր, այնուամենայնիվ, որևէ վայրում՝ մասնավոր հավաքածուում կամ օտար երկրում, կրկին լույս աշխարհ կգա մեր մայրաքաղաքի անունը կրող երկնաքարը, և նրա մասին կիմանանք ավելին, քան հայտնի է այսօր:
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ