«Որտեղ մի ձախողված, այս կամ այն ոլորտը տապալած ղեկավար կա, կամ ԱԳՆ-ում դեսպան են ուղարկում, կամ ՝ նախագահի խորհրդական»
«Ո՛չ ռազմական գեատեսչությանը, ո՛չ էլ հասարակությանը անհայտ չէին և հետայսու էլ այսպիսի կարճաժամկետ պատերազմներ լինելու են: Պատահական չէ, որ արդեն շրջանառվում է Մադրիդյան չարաբաստիկ տեքստը, որտեղ հստակ ասված է, որ ազատագրված տարածքները պետք է ետ վերադարձվեն, հետո անդրադառնան ԼՂՀ ստատուսին և այլն: Ադրբեջանը մշտապես այդպիսի քայլերի դիմելու է: Եղավ հայտարարություն հանրապետության նախագահի մակարդակով, որ դեռևս մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Կարծում եմ՝ այս հայտարարությունը ամենևին պետք չէր նախագահի մակարդակով անելու: Տգիտության աստիճանի բաներ կան, որ հանրապետության առաջին դեմքերի մակարդակով ասել պետք չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Նրա խոսքով՝ այն ոգևորությունը, որ կար հայ ժողովրդի մեջ, մեծ զարթոնք էր, և խնդիրն այն է, որ մեր իշխանությունները պետական մակարդակով արդյո՞ք տեր պետք է լինեն այդ ոգևորությանը: Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտությանը, նշեց, որ որտեղ մի ձախողված, այս կամ այն ոլորտը տապալած ղեկավար կա, կամ ԱԳՆ-ում դեսպան են ուղարկում, կամ նախագահի խորհրդական. «Սա զարմանալու բան է, մեր դիվանագիտական կառույցների զգալի մասը զբաղված է ոչ թե ՀՀ-ի պետական վարկը պահելով, այլ իրենց բիզնեսով: Եթե այսօր միջազգային կազմակերպություններն ինչ-ինչ ձևով արձագանքում են, դեռևս լավ է: Սպորտսմենից ու գյուղատնտեսից սկսած դարձել են դիվանագետ, բացի բուն դիվանագետի մասնագետ լինելուց»: