«Մենք չպետք է հայտնվենք պաշարված ամրոցի կարգավիճակում». Շավարշ Քոչարյան
«Մենք հետևում ենք մամուլին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով այն մասին, որ հանրության շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջ կա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցին Մոսկվա այն դեպքում, երբ Ղազախստանի առաջարկությամբ, ըստ էության ի պաշտպանության Ադրբեջանի, ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը տեղի ունեցավ Մոսկվայում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ գոյություն ունի երկու մոտեցում. «Մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է, այսինքն՝ ի պատասխան ամեն քայլի, որ մենք մեր շահերին դեմ ենք գնահատում, ըստ էության, այսպես ասած, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Սա մոտեցումներից մեկն է: Մյուսը՝ հաշվի առնելով այն, որ բոլոր պետությունները առաջնորդվում են առաջին հերթին իրենց շահերով, այնումենայնիվ, պետք է թույլ չտալ, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում, որովհետև հենց այդ նպատակը հետապնդում է մեր թշնամին՝ Ադրբեջանը:
Այո, նա փորձում է նաև մեր դաշնակիցներին, տարբեր կազմակերպությունների ուղղորդել այնպիսի քայլերի, որ Հայաստանն այսպես ասած խռոված կեցվածքով միայնակ հայտնվի: Մեր նպատակը հենց դա է՝ թույլ չտալ դա: Դա ենթադրում է հետևողական աշխատանք բոլոր ուղություններով:
Դրա համար, կարծում եմ, տարվող քաղաքականությունն՝ ուղղված նրան, որ մենք չգտնվենք այդ պաշարված ամրոցի կարգավիճակում, ճիշտ է, որովհետև դա բխում է հենց մեր հակառակորդի շահերից:
ԵՏՄ-ի հետ կապված… Իհարկե տեսակետը, որ կա, արժանի է ուշադրության, բայց այստեղ խնդիրը հետևյալն էր՝ կամ ընդունել այդ նեղացածի կեցվածքը (դա նշանակում էր տապալել նիստը. իրականում նիստ չէր լինի, որովհետև բավական է՝ մեկը չմասնակցի, որպեսզի նիստը չլինի), մյուս տարբերակը կայանում է նրանում, որ այնուամենայնիվ այդ հարթակն օգագործվի՝ այդ բոլորն իրենց հասցնելու, որ դա անընդունելի է:
Դուք գիտեք, որ արդյունքում փորձեցին մեղմել: Իհարկե, դա չի հավասարակշռում այն, ինչ տեղի ունեցավ, և մոտակա նիստը նախատեսեցին Երևանում»:
Նա նշեց, որ ԵՏՄ անդամներին ասվել է այն, ինչ անհրաժեշտ էր և դեռ ասվելու է: Արձագանքելով ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ քննարկելու խնդիր է՝ ինչ է դա տալիս մեզ, ինչ ենք շահում դրանից, ինչ ենք կորցնում. «Ցանկացած հարց ոտքի վրա չի լուծվում և չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս: Դա նրա նպատակն է, իսկ մեր նպատակն ուրիշ է»:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ արձանագրում է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել է իրադարձություններին, սակայն դրան գնահատական չի տալիս, արձանագրում է եղածը: Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանում դժգոհություններ կան, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Ես բազմիցս ձեզ՝ լրագրողներիդ, ասել եմ մինչև այս դեպքերը, որ մենք առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, մյուս կողմից` պետք է կարևորենք հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել ևս դաշնակիցների հետ: Ու ավելի սպասելիքներ սերմանելը միայն վտանգավոր է»:
Իսկ հարցին, թե ինչու զենքի վաճառքի հարցով բողոքի նոտա չեն հղում Ռուսաստանին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այդ տիպի հարցերը նոտայով չեն որոշվում, ավելին՝ նախագահի հրապարակային հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք ունի, քան նոտան:
Անդրադառնալով բանակցություններում Արցախի մասնակցության հարցին` Շավարշ Քոչարյան ասաց, որ որքան շուտ բանակցություններին մասնակցի Արցախը, այնքան բանակցային գործընթացն արդյունավետ կլինի:
Խոսելով Կազանի փաստթղթի մասին՝ նա ասաց. «Կազանն, ըստ էության, նույն Մադրիդն է՝ որոշակի փոփոխություններով: Քանի որ փաստաթուղթը հրապարակված չէ, ես կարող եմ ասել, որ այնտեղ կան ավելի շատ դրական փոփոխություներ, եթե համեմատենք Մադրիդի հետ»:
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորհրդարան է ներկայացրել ռազմական դոկտրինը, որով արգելվում է բանակի մասնակցությունը մարտական գործողությունների որևէ այլ երկրում, Թուրքիայում իսլամական երկրների համաժողովին մասնակցություն է եղել, և հարցին՝ արդյոք մտահոգվելու առիթ չի։ տալիս, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ միայն տալիս է, այլև մենք դրա մասին բացահայտ ասել ենք Բելառուսին: Մասնավորապես, ես հրավիրել եմ Բելառուսի դեսպանին, մեր արտգործնախարարը խոսել է իրենց արտգործնախարարի հետ: Իրենք իրենց մամուլի խոսնակի հայտարարությամբ փորձել են չեզոքացնել իրենց նախորդ քայլերը, բայց, իհարկե, դրա մասին ասվել է և ասվելու է»: