«ՌԴ-ի հետ նոր մոդելի հարաբերությունների համար Հայաստանից կտրուկ քայլեր այլևս չեն պահանջվում»
Մեր զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը
– Պարոն Իգիթյան, այս օրերին ԵԽ ԽՎ Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստում քննարկվելու է սերբ պատգամավորուհու պատրաստած զեկույցը` Սարսանգի ջրամբարի մասին, որում, ինչպես Ուոլթերի զեկույցում, արձանագրվում է Հայաստանի կողմից «ԼՂ բռնազավթման հարցը»։ Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի իշխանություննները չեն բացառում ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանը բոյկոտելու հնարավորությունը, որի օրակարգ գուցե այս զեկույցը ևս մտնի։ Ձեր կարծիքով` ԵԽ ԽՎ-ում տեղի ունեցողի լավագույն պատասխանը բոյկո՞տը պետք է լինի։
– Չեմ կարծում, որ այս իրավիճակում բոյկոտն ինչ-որ օգուտ կբերի հայկական պատվիրակությանը, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ այս զեկուցողները հիմնականում օգտագործում են ոչ թե քաղաքական բնույթի հակահայկական որակումներ, այլ տեխնիկական։ Ուստի մենք բոլոր տեսակի տեխնիկական բնույթի հարցերին մեր պատասխանը պետք է ունենանք։ Եթե խոսքը Մելիցա Մարկովիչի զեկույցի մասին է, որը պետք է քննարկվի այսօր և նախապատրաստվի ձմեռային նստաշրջանի համար, ապա այնտեղ շատ վիճարկելի հարցեր կան, և ինձ թվում է, որ նախևառաջ` պետք է կարողանալ պատասխանել այդ հարցերին։
Չգիտեմ` հայկական պատվիրակությունն ինչպես է պատրաստվել պատասխանելու այդ մեղադրանքներին, բայց ԼՂՀ ղեկավարությունը պատասխանել է, որ պատրաստ է, բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին` քննարկել Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման կամ համատեղ օգտագործման համակարգման հարցը: Երևի թե Մարկովիչը, ԵԽ ԽՎ ներկայացուցիչները հասկանում են, որ խոսքը հակամարտության գոտում առկա խնդրի մասին է, ինչը նշանակում է, որ հարցը պետք է քննարկվի հակամարտող կողմերի միջև։
Սա այն դեպքն է, երբ ՀՀ-ն ընդհանրապես որևէ միջամտություն անելու խնդիր չունի, քանի որ թե՛ ջրամբարն է ԼՂՀ տարածքում, թե՛ համակարգվում է ԼՂՀ իշխանությունների կողմից։ Թե ինչպե՞ս է այնտեղ ջուրը բաց թողնվում, թե բավարա՞ր է Ադրբեջանին, բավարար չէ՞, ո՞ր տարածաշրջանն է Ադրբեջանի ավելի ծանր վիճակում գտնվում այդ պատճառով, դրանից Հայաստանի իշխանությունները նույնիսկ տեղյակ չեն, դա ԼՂՀ և Ադրբեջանի հարաբերությունների հարցն է։
– Դա արդյոք գիտակցվո՞ւմ է ԵԽ ԽՎ-ում։ Զեկույցն ինչպիսի՞ արձագանք կստանա, եթե սա բացառապես ԼՂՀ-ի և Ադրբեջանի կարգավորելիք հարցն է։
– Այս տարիների ընթացքում մի քանի անգամ առնչվել եմ ԵԽ ԽՎ պատգամավորների հետ, նրանք ընդհանրապես տեղյակ չեն իրավիճակից։ Այդ անտեղյակությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ այս մարդիկ ընտրվել են շատ ավելի ուշ, քան ԼՂՀ հակամարտությունն է սկսվել։ Երկրորդը` եթե հետևենք ՀՀ պատվիրակությանը, ապա 2008թ. հետո հիմնական ուղղվածությունը, հատկապես` իշխանական անդամների, Ադրբեջանում ստեղծված իրավիճակը վատագույն ձևով ներկայացնելն է։ Այսինքն` սա ընդհանրապես կարծես թե մոռացության է մատնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։
Առավելագույնը, ինչ անում են մեր պատվիրակության անդամները, արձագանքում են Ադրբեջանի այս կամ այն մեղադրանքին։ Իմ կարծիքով` մեր պատվիրակները պետք է սկսեն աշխատել այս ուղղությամբ, որպեսզի իրենց գործընկերները հասկանան` ինչ է նշանակում ԼՂ, ինչպես է ստեղծվել այնտեղ այդ իրավիճակը, ինչ է նշանակում Մինսկի խումբ, և, ի վերջո, Սարսանգի ջրամբարը որտեղ է, ինչու է նման խնդիր առաջացել։
Բոլոր դեպքերում պետք է հանգիստ աշխատել ու ցույց տալ, տեղեկանքներ պատրաստել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով, ներկայացնել։ Այնտեղ բոլորը ՀՀ թշնամիները չեն, պետք է գտնել այլ երկրներից հայտնի, հարգանք վայելող պատվիրակների, խնդրել, որպեսզի նրանք ներկայացնեն հարցը հանձնաժողովում, որտեղ որ ավելի հեշտ է քննարկել, փորձեն ԼՂՀ ներկայացուցչին կանչել այնտեղ։
Ես չեմ կարող թվարկել այն բոլոր միջոցները, որոնք արվում էին ժամանակին, պետք է պարզապես աշխատեն։ Նորից եմ կրկնում, ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության իշխանական ու ընդդիմադիր անդամները պետք է մոռանան, որ ՀՀ-ում հանրաքվե է լինելու, «այո»/«ոչ»-ը պետք է մոռանան և գնան աշխատեն, որովհետև հարցն իսկապես կարևոր է, որովհետև հանձնաժողովում կարելի է այնպես անել, որպեսզի այդ հարցը մեր ուզած ձևով մտնի օրակարգ կամ ընդհանրապես հետաձգվի և չմտնի։
– Շատ է քննարկվել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի, հմտությունների, պրոֆեսիոնալիզմի հարցը, ամեն ինչ, ըստ էության, պարզ է։ Մեկ նստաշրջանում երկու նմանատիպ զեկույցը լուրջ ազդանշան չպե՞տք է համարվի։ Սա պատճա՞ռ է արդյոք պատվիրակությունը փոխելու համար, թե՞ պետք է հաշվի առնել, որ «խավիարի» դեմ պայքարելու գործիքներ մեր պատվիրակները չունեին, և արդյունքը, ըստ էության, նույնիսկ արդյունավետ աշխատանքի դեպքում նույնն էր լինելու։
– Մեր պարտությունները մենք փորձում ենք ներկայացնել` ուրիշի անօրինական աշխատանքի հետևանք։ Այդպես սխալ է։ Կարելի է ասել, որ բոլորին 100 կգ խավիար են բաժանել, և մենք անելիք չունենք։ Չի բացառվում, որ Ադրբեջանը լավ է ընդունել մի քանի պատգամավորների, ես գիտեմ, որ Հայաստանն էլ վատ չի ընդունում, երբ զեկուցողներ է հյուրընկալում։ Դա չի նշանակում, որ մարդը խավիար ուտելուց հետո իր սկզբունքները պետք է փոխի։ Մարդկանց պետք է ճիշտ ներկայացնել։
Իհարկե, պատվիրակությունը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնք առկա են պատվիրակ նշանակելու համար։ Դրանցից առաջինը, պարտադիրը` պետք է լավ տիրապետել երկու աշխատանքային լեզուներից գոնե մեկին` անգլերեն, ֆրանսերեն, ցանկալի է` անգլերեն, քանի որ պատվիրակների մեծ մասը տիրապետում է անգլերենին։ Ֆրանսիացի պատգամավորները չեն հասկանում անգլերեն, նրանց հետ պետք է ֆրանսերեն խոսել և աշխատել, քանի որ նրանք մեր բարեկամներն են և շատ հարցերում են աջակցում։ Եթե ցանկանում եք Ռոշբլուային բացատրել, թե ինչն է խնդիրը, պետք է տիրապետեք ֆրանսերենին։ Այնտեղ պետք է լինեն մարդիկ, որոնք եվրոպացիների կողմից կընկալվեն` որպես եվրոպացի, ունե՞նք մենք այդպիսի մարդիկ նույնիսկ մեր ներկայիս ԱԺ-ում։
Հիմա մեծ քաղաքական խմբակցության ղեկավարի պաշտոնի հարցում քննարկվում է ադրբեջանցի պատվիրակ Սեիդովի թեկնածությունը։ Պատկերացրեք, որ Սեիդովի անգլերենի իմացությունը, աշխուժությունը բավարար են, որպեսզի նա այդպիսի կարևոր պաշտոնի հավակնություն ունենա։ Հերմինե Նաղդալյանը կարո՞ղ է այսօր ղեկավարել քաղաքական խմբակցություն ԵԽ ԽՎ-ում, կարո՞ղ է ներկայացնել իր ծրագիրը և ընտրվել։
Ունի՞ նա դրա համար համապատասխան լեզվական գիտելիքներ, ժամանակ, իհա՛րկե ոչ։ Մենք պետք է այնտեղ 4+4 ձևաչափով կազմ ունենանք` չորս պատգամավոր, չորս տեղակալ, այդ ութ հոգին պետք է համապատասխանեն այդ սկզբունքներին և առավոտից մինչ երեկո աշխատեն, Հայաստանից ևս, զանգերով հաղորդագրություններ ուղարկելով, տեղեկանքներ ներկայացնելով, նաև հանձնաժողովներում աշխատեն։
– Պարոն Իգիթյան, առաջիկա օրերին կսկսվեն ՀՀ-ԵՄ բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ նոր աշխարհաքաղաքական պայմաններում։ Ինչի՞ կարող է հավակնել Հայաստանը։
– Մենք ունեցել ենք Ասոցացման համաձայնագրի նախագիծն ու ԽՀԱԱԳ համաձայնագիր, որոնք բավականին խորն էին և համակարգային։ Այն աշխատանքը, որը կատարվել էր Հայաստանի և Եվրոպական միության կողմից, բավականին լուրջ էր, և փաստաթուղթը պատրաստ էր։ Հիմա վերցվում է այդ ավարտուն փաստաթուղթը, և հանվում են այն կետերը, որոնք հակասում են ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությանը։ Այսինքն` այսպես փորձում ենք կերտել մի ավարտուն փաստաթուղթ։ Ստացվելու է հռչակագրային մի փաստաթուղթ, որը տնտեսական մասով լիարժեք չի կարողանալու աշխատել։ ԵՄ-ն Հայաստանին վերջնականապես կորսված չի համարում պարզապես։
Անկախ նրանից, թե Հայաստանը ԵՄ-ի հետ ինչ մակարդակի համաձայնագիր կունենա, պետք է մտածի ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին, թե որքանով են այդ հարաբերությունները խոչընդոտում ՀՀ շահերին, որքանով են խանգարում ՀՀ-ԵՄ-Արևմուտք հարաբերություններին։ Ներկայումս ի հայտ են գալիս նոր հանգամանքներ։
Չենք խոսում այն խնդիրների մասին, որոնք Ռուսաստանն ունի և քաշում է ՀՀ-ին իր հետ միասին։ Այս վտանգներն ուղղված են նաև ՌԴ-ի դեմ, Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունների այնպիսի մոդել պետք է գտնի, որպեսզի այս վտանգը և ՌԴ-ի ագրեսիվ, չհաշվարկված քայլերը չվտանգեն Հայաստանին։ Սա շատ կարևոր գործոն է։
– Հայաստանի իշխանությունները ենթադրաբար հասկանում էին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հեռանկարային չեն, և բանակցում էին Ասոցացման համաձայնագիրը նախորդ շրջափուլում, և, ըստ որոշ գնահատականների, եթե ունենային հնարավորություն, կընտրեին այլ մոդել։ Ի՞նչ մոդել Դուք նկատի ունեք։
– ՌԴ-ի հետ նոր մոդելի հարաբերություններ հաստատելու համար նույնիսկ կտրուկ քայլեր անելու անհրաժեշտություն չկա։ Ըստ էության, ԵՏՄ-ն արդեն չի աշխատում, տնտեսական պլանները, մեծ ծրագրերը չեն գործում։ Նայեք` ինչ քայլերի է դիմում Ղազախստանն իր տնտեսական շահերը պաշտպանելու, ՌԴ-ից քաղաքականապես տարանջատվելու համար, նայեք Բելառուսի քաղաքականությանը։ Հայաստանը գոնե այսպիսի քայլերի պետք է դիմի, զուգահեռաբար պետք է փորձի ցույց տալ, որ Հայաստանն ունակ է իր արտաքին քաղաքականությունը տանելու Սիրիայի հարցում, ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ՀՀ-ԵՄ առանձին երկրների հետ հարաբերությունների առումով։ Բոլոր դեպքերում ՀՀ-ն պետք է ինչ-որ մի բան անի, այլ ոչ թե լիովին տրվի տապալվող ԵՏՄ հոսանքին, ոչինչ չանի` վայելելով միայն բացասական հետևանքները։